14:39  ,  31 հունվարի, 2015

Australian Open. Սերենա Ուիլյամսը՝ 6-ակի չեմպիոն

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը 6-րդ անգամ նվաճեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչում ամերիկացի մարզուհին երկու սեթում առավելության հասավ աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովայի նկատմամբ: Հանդիպումը տեւեց 1 ժամ 51 րոպե: Առաջին սեթում հանդիպումն ընդհատվեց 15 րոպեով անձրեւի պատճառով: Կազմակերպիչները շարժական տանիքով փակեցին ստադիոնը: 

10 տարի Շարապովան չի կարողանում հաղթել Սերենա Ուիլյամսին՝ կրելով 16-րդ անընդմեջ պարտությունը նրա հետ դիմակայությունում: Սերենան նվաճեց 19-րդ տիտղոսը Մեծ սաղավարտի մրցաշարերում: Այդ ցուցանիշով 33-ամյա թենիսիստուհին երկրորդ տեղում է՝ զիջելով գերմանացի Շտեֆի Գրաֆին, որը կարիերայի ընթացքում 22 անգամ է հաղթել Ավստրալիայում, Ռոլան Գարոսում, Ուիմբլդոնում եւ ԱՄՆ բաց առաջնությունում:

Ավստրալիայի բաց առաջնություն

Կանանց մենախաղ, եզրափակիչ

Սերենա Ուիլյամս (ԱՄՆ, 1) - Մարիա Շարապովա (Ռուսաստան, 2)՝ 6:3, 7:6 (7:5)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով