Ֆրանսիայի հավաքական վերադառնալս բացառվում է, այդ թեման սպառված է: Այդ մասին հայտարարել է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին: Ֆրանսիայի հավաքականում եւ ֆուտբոլի ֆեդերացիայում ցանկանում են երկրի առաջատար ֆուտբոլիստներից մեկին տեսնել Եվրո-2016-ում, որն ընդունելու է Ֆրանսիան:
«Ես երջանիկ եմ եղել՝ ներկայացնելով հայրենիքս: Բայց եղել են նաեւ տխուր պահեր: Այդ ամենն արդեն անցյալում է: Վերադառնալու մտադրություն չունեմ:
«Բավարիան» Չեմպիոնների լիգայում տեսականորեն կարող է ամեն տարի էլ նվաճել գավաթը: Եթե մեր բոլոր ֆուտբոլիստները վնասվածքներ չունենան եւ մարզավիճակում լինեն, ապա մենք շատ ուժեղ ենք: «Ռեալի» հետ հնարավոր դիմակայությունում ռեւանշի մասին չենք մտածի: Պարզապես պետք է հաղթել «Ռեալին» եւ վերջ»,- Ռիբերիի խոսքը մեջբերում է TZ-ն:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանում «Ռեալը» Մյունխենում հաղթեց 4:0 հաշվով, իսկ Մադրիդում՝ 1:0 հաշվով: Արքայական ակումբը եզրափակիչում 4:1 հաշվով առավելության հասավ «Աթլետիկոյի» նկատմամբ եւ 10-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների գավաթը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում