21:15  ,  27 հունվարի, 2015

Հենրիխ Մխիթարյանի գործակալը հրաժարվել է առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունում

Հայտնի իտալացի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հրաժարվել է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում թեկնածությունն առաջադրելու գաղափարից: Ռայոլան այդ որոշումն ընդունել է Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Միխայել վան Պրաագի առաջադրումից հետո՝ առաջարկելով իր աջակցությունը ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի դեմ ընտրապայքարում: Ռայոլան ավելի վաղ հայտարարել էր, որ Բլատերի վերընտրվելուն ամեն կերպ խանգարելու համար կառաջադրի իր թեկնածությունը:

«Բլատերին դիմակայելու համար մեզ անհրաժեշտ է լավ թեկնածու: Այժմ մենք ունենք նրան: Վան Պրաագը լավ կապեր ունի, քաղաքականությանը վերաբերող հարցերում իրեն ավելի բնական է պահում: Ես երջանիկ եմ ազատել ճանապարհը նրա նման թեկնածուի համար»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է NOS-ը: Գործակալը ներկայացնում է Հենրիխ Մխիթարյանի, Զլատան Իբրահիմովիչի, Մարիո Բալոտելիի, Պոլ Պոգբայի շահերը:

Բլատերի եւ Վան Պրաագից բացի, ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին հավակնում են նաեւ Հորդանանի արքայազն Ալի բան Ալ Հուսեյնը, ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Շամպանը եւ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դավիդ Ժինոլան:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում