18:49  ,  27 հունվարի, 2015

Փաշիկ Ալավերդյան. Նպատակ ենք դրել Ռիո-2016-ից դատարկաձեռն չվերադառնալ

Պողոս Պողոսյանի թողած ժառանգությունից, նրա կատարած աշխատանքից դժգոհ չեմ։ Երեւում է, որ նա աշխատանք է կատարել։ Բայց դեռ շատ անելիքներ կան մինչեւ Ռիո-2016։ Ոչ մեկս էլ մշտական չենք մեր պաշտոններում։ Եթե մի օր էլ ղեկավարությունը որոշի,որ իմ աշխատանքը գոհացուցիչ չէ եւ նոր մարդ է հարկավոր, կթողնեմ հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը։ Եթե իմ արդյունքներից գոհ լինեն՝ կշարունակեմ աշխատել։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հատուկ նիստում Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Փաշիկ Ալավերդյանը փոխարինեց Պողոս Պողոսյանին։

Պարոն Ալավերդյան, 2015 թվականը սկսեցիք նոր պաշտոնում՝ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչի։ Ի՞նչ ծրագրով է մեկնարկել հավաքականի տարին։

Տարին սկսում ենք նոր նպատակով՝ Ռիո-2016-ի նախապատրաստական փուլով։ Այս տարին հավաքականի համար շատ կարեւոր ու բարդ տարի է։ Ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հավաքականները մասնակցելու են Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին։ Եվրոպայի առաջնության ժամանակ պետք է փորձարկենք երիտասարդներին եւ նորեկներին։ Հիմնականում շեշտը կդնենք աշխարհի առաջնության վրա, որը օլիմպիական վարկանիշային է։ Արդեն աշխարհի առաջնության մասնակցությունից հետո կտեսնենք՝ քանի տեղ ունենք եւ այդ տեղերին քանի ծանրորդ կարող է հավակնել։

Այս պահին երկու հավաքականներն էլ՝ աղջիկների եւ տղաների անցկացնում են ուսումնամարզական հավաքներ. աղջիկները Ծաղկաձորում են, տղաները՝ Աբովյանում։ Հայաստանի առաջնությունից հետո, որը տեղի կունենա փետրվարի 10-14-ը, հավաքականները տեղերով կփոխվեն՝ աղջիկները հավաքը կշարունակեն Աբովյան քաղաքում, տղաները՝ Ծաղկաձորում։

Դուք հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում հաստատվեցիք Ռիո-2016 նախապատրաստական փուլի ծրագիր ներկայացնելով, որը միաձայն ընդունվել է ֆեդերացիայի նիստում։ Ինչո՞վ է առանձնահատուկ ձեր ներկայացրած ծրագիրը։

Կա կոնկրետ նպատակ ու ծրագրեր, ըստ որոնց կշարժվենք այս տարի։ Նախ՝ դա Եվրոպայի առաջնությունն է, որին պետք է մասնակցենք նորմալ մարզավիճակով, ոչ  այնքան թույլ, ոչ էլ շատ ուժեղ՝ միջին վիճակում, որպեսզի վնասվածքներ չլինեն։ Այս տարի մեզ համար պարզ կլինի, թե ովքեր Ռիո-2016-ում կներկայացնեն Հայաստանը։

Բացի այս ամենը, մենք այս տարի կենտրոնանալու ենք ուսումնամարզական հավաքների վրա։ Ըստ ծրագրի՝ մինչեւ աշխարհի առաջնությունը պետք է անցկացնենք եւս 10-11 ուսումնամարզական հավաքներ՝ 15-18-օրյա։ Իմ հիմնական նպատակն է ծանրորդների համար ապահովել տարեկան 180-200 ուսումնամարզական հավաքների մարզումային օրեր։ Դեռ այս հավաքները կանցկացնենք Հայաստանում։

Իսկ ինչպե՞ս կգնահատեք ծանրորդների մարզավիճակը։ Շատ աշխատանք ունեն անելո՞ւ տղաները։

Ներկայումս տղաները գտնվում են 60 տոկոս մարզավիճակում։ Մինչեւ Եվրոպայի առաջնություն նրանք 100 տոկոսի կհասնեն անպայման։ Դժգոհ չեմ մարզիկների մարզավիճակից, բայց պետք է կարողանանք հասնել 100 տոկոսի մինչեւ Եվրոպայի առաջնությունը։

Ի՞նչ ժառանգություն է Ձեզ թողել նախորդ մարզիչ Պողոս Պողոսյանը։

Ես Պողոս Պողոսյանի թողած ժառանգությունից դժգոհ չեմ։ Բավականին մեծ աշխատանք է տարել նա մարզիկների հետ։ Պատահում է, որ այս կամ այն պատճառներով վատ մասնակցություն են ունենում մարզիկները։ Խնդիրն այն չէ, որ լավ չեն մասնակցել, ուրեմն նրանց հետ աշխատանք չի տարվել։ Հակառակը, թե ես եւ թե մյուս բոլոր մարզիչները տեսնում են, որ այս տղաների հետ Պողոս Պողոսյանը լավ էլ աշխատանքներ է տարել։ Ես պետք է այդպես շարունակեմ։ Նրա արած աշխատանքից եւ արդյունքներից մարզիկներն էլ են գոհ, մենք էլ ենք գոհ, շատ շնորհակալ ենք նրան իր արած աշխատանքի համար։

Ի՞նչ կասեք Առաքել Միրզոյանի մասին, նա կշարունակի՞ մարզվել առանձին, թե՞ կմիանա հավաքականին ուսումնամարզական հավաքներին։

Թե Առաքել Միրզոյանը եւ թե Արա Խաչատրյանը այժմ գտնվում են լավ մարզավիճակում։ Նրանք մեզ կմիանան Ծաղկաձորում եւ հույս ունենք, որ կկարողանան ոչ միայն թիմին օգնել այս մրցաշրջանում, այլեւ գրավել մրցանակային տեղեր։ Առաքել Միրզոյանը կշարունակի առանձին մարզվել, թե ոչ՝ պարզ կլինի Ծաղկաձորում հավաքի ժամանակ։

Մինչ հավաքականը գլխավորելը, դուք ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն էիք։ Այժմ ո՞վ է փոխարինել Ձեզ։

Ես չեմ թողել ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Գլխավոր քարտուղարի աշխատանքը չի խանգարում հավաքականի մարզիչի աշխատանքներին։ Գլխավոր քարտուղարը զբաղվում է ուսումնամարզական հավաքների կազմակերպումով, առաջնությունների մասնակցություն, վիզաների ձեւակերպում։ Ուղղակի, այժմ գերզբաղված եմ։

Նշում եք՝ գերնպատակ՝ Ռիո-2016ուղեգրերի եւ մեդալների ի՞նչ խնդիր եք դրել Ձեր եւ մարզիկների առջեւ։

Ուղեգրերը տղաները 5-ը կապահովեն, աղջիկները՝ երեւի 2-ը։ Վատ զինվոր է այն զինվորը, ով չի ուզում դառնալ գեներալ․ մենք ուզում ենք եւ նպատակ ենք դրել Ռիո-2016-ից դատարկաձեռն Հայաստան չվերադառնալ։

Իսկ Ձեր առջեւ որոշում դրե՞լ եք կամ դրվե՞լ է՝ եթե Ռիո-16-ում մեդալ չլինի, դուք չեք շարունակի գլխավորել հավաքականը։

Նման կտրուկ որոշում չկա։ Չեմ կարող ասել, թե Ռիոյից հետո ինչ կլինի, ինչպես կլինի, ղեկավարությունը ինչ գնահատակա կտա Օլիմպիական խաղերի արդյունքներին։ Եթե կգտնեն՝ մեդալ չկա, ուրեմն չպետք է շարունակեմ, չեմ շարունակի։ Ոչ մեկի տեղն էլ մշտական երաշխավորված չէ:

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով