14:10  ,  27 հունվարի, 2015

Վալերի Հովհաննիսյան. «Ուլիսը» բանակցում է բրազիլական լավագույն ակումբների հետ

1.5 ամիս հանգստանալուց հետո «Ուլիսը»  Անթալիայում անցկացնում է ուսումնամարզական հավաք: Թիմի բաժնետեր Վալերի Հովհաննիսյանը սելեկցիոն նպատակներով մեկնել էր Բրազիլիա: Այժմ նա թիմի հետ է եւ ակումբի ֆեյսբուքյան էջը ներկայացնում է Հովհաննիսյանի հետ հարցազրույցը:

Առաջնության ընդմիջումից առաջ, դուք նշում էիք, որ թիմի կազմում փոփոխություններ են լինելու: 

Արդեն կարելի՞ է փաստել դա:

Այո, արդեն որոշ փոփոխություններ կան: Մասնավորապես, մարզչական կազմին միացել են երկու նոր մարզիչներ, ովքեր հիմնականում կզբաղվեն ֆուտբոլիստների ֆիզկական պատրաստականությամբ եւ գլխավոր մարզչին կօգնեն նաեւ մարզումային այլ աշխատանքների ժամանակ: Երկուսն էլ երիտասարդ մասնագետներ են ու նրանց պաշտոնապես կներկայացնենք առաջնության վերսկսումից առաջ: Ուժեղացնում ենք մարզչական կազմը եւ հույս ունեն, որ այն անմիջականորեն կազդի նաեւ խաղացողների պատրաստականության վրա:

Դուք մինչեւ ուսումնամարզական հավաքին մեկնելը Բրազիլիայում էիք ֆուտբոլիստներ ընտրելու համար: Նոր ֆուտբոլիստներ կա՞ն թիմում:

Այժմ փորձարկում ենք բազմաթիվ ֆուտբոլիստների: Բրազիլիայում եղել եմ հայտնի ու հեղինակավոր շատ ակումբներում: Հանդիպեցի ճանաչված մասնագետների, գործակալների հետ: Դա չէր նշանակում, որ ես միանգամից 20 ֆուտբոլիստների հետ էի գալու Անթալիա: Մենք սկսել ենք համագործակցությունը բրազիլական լավագույն ակումբների հետ ու հիմա աստիճանաբար ֆուտբոլիստներ են գալիս հավաքին մասնակցելու համար: Ինչ որ մեկը կմնա, մյուսը կհեռանա: Այսինքն սովորական գործընթաց կազմը համալրելու համար: Ես կարծում եմ, որ մինչեւ առաջնության վերսկսումը նորից կայցելեմ մի քանի երկրներ սելեկցիայի համար:

Առաջնության առաջին հատվածի վերջին երեք տուրերում «Ուլիսը» պարտվեց երեք անընդմեջ խաղում: Թիմն առաջնության առաջատարն է, բայց մրցակիցները շատ մոտ են:  Հիմա ի՞նչ առաջադրանք է դրված «Ուլիսի» առջեւ:

Եվս մեկ անգամ նշեմ, որ այս թիմի կազմը հավաքագրվեց առաջնության մեկնարկից տասը օր առաջ: Ֆուտբոլիստների մարզավիճակը ցանկալի մակարդակին բերելը մենք ձգտում էինք իրականացնել առաջնության ընթացքում: Ֆիզիկական պատրաստականություն էլ այն չէր, ինչ որ պահանջվում էր: Բնականաբար թիմը պետք է նահանջ ապրեր: Շատ կարճ էր նաեւ մեր պահեստայինների նստարանը, ինչ էլ ազդեց մեր վերջին խաղերի վրա: Ինչ որ ողբերգական բան այստեղ չեմ տեսնում: Համոզված եմ, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հետագա ընթացքը էլ ավելի հետաքրքիր է լինելու: Մենք վստահ ենք մեր ուժերին ու նախապատրաստվում ենք առաջիկա խաղերին:

Հաշվի առնելով «Ուլիսի» արդյունքներն ու թիմի ներկայիս վիճակը, ի՞նչ առաջադրանք էր դրված թիմի առջեւ առաջնության մեկնարկից առաջ եւ ի՞նչ առաջադրանք է դրվելու հիմա:

Առաջնության մեկնարկից առաջ մեր հիմնական նպատակը մրցանակային եռյակում տեղ զբաղեցնել էր: Այսինքն եվրագավաթներին մասնակցելը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում