17:55  ,  24 հունվարի, 2015

Արման Երեմյան. US Open-ի մեդալը նաեւ օլիմպիական վարկանիշ տվեց ինձ

Դժվար պայքարի արդյունքում ես կարողացա օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակել ԱՄՆ բաց առաջնությունում՝ նվաճելով արծաթե մեդալ: Ոսկե մեդալի համար պայքարը շատ բարդ էր, ուժերս չբավարարեց, քանի որ չորս բարդ հաղթական գոտեմարտեր անցկացրեցի, եւ եզրափակչում արդեն չկարողացա առավելությունն իմ կողմը պահել: Սա  օլիմպիական վարկանիշային տարվա առաջին մրցաշարն էր: Մինչեւ տարվա վերջ պարբերաբար մրցաշարերի պետք է մասնակցեմ, որպեսզի վարկանիշ հավաքեմ Ռիո-2016-ի ուղեգիր նվաճելու համար: Համառ պայքարով եւ դժվարությունները անտեսելով՝ գնում ենք դեպի Ռիո-2016:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոնդոնի Օլիմպիական խաղերում 5-րդ տեղը զբաղեցրած թաեքվոնդոիստ Արման Երեմյանը:

Հունվարի 20-24-ը ԱՄՆ Օռլանդո քաղաքում կայացել է թաեքվոնդոյի ԱՄՆ բաց առաջնությունը (US Open), որտեղ թաեքվոնդոյի Հայաստանի հավաքականի 80 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Արման Երեմյանը նվաճել է արծաթե մեդալ։

US Open միջազգային մրցաշարը օլիմպիական վարկանիշային էր: Հայաստանի ներկայացուցիչն ավելացրել է Ռիո-2016-ի ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշային միավորները:

Արման, տարին սկսում ես հաղթանակով եւ օլիմպիական վարկանիշ նվաճելով: Ինչպե՞ս կմենաբանես ելույթդ ԱՄՆ բաց առաջնությունում:

Սա հեղինակավոր մրցաշար էր եւ շատ կարեւոր, քանի որ օլիմպիական վարկանիշային էր: Մրցաշարը կայացավ Օռլանդո քաղաքում հունվարի 20-24-ը: Այսօր է ավարտվել: Շատ բարդ մրցաշար էր, քանի որ իմ քաշային կարգում մեդալների համար պայքար էր գնում ավելի քան 50 ուժեղագույն թաեքվոնդոիստների միջեւ: Ես ունեցա շատ բարդ գոտեմարտեր: Անցկացրեցի 5 գոտեմարտ: 1/16-րդ փուլում մրցակիցս կանադացի Սեդրիչ Նձուլին էր, ում նկատմամբ առավելության հասա 7:1 հաշվով, 1/8-րդում պարտության մատնեցի Էկվադորի ներկայացուցիչ Մարկո Լարային՝16:5 հաշվով: Քառորդ երզափակչում հաղթեցի չինացի Չեն Լինգլոնին՝ 6:2 հաշվով: Կիսաեզրափակիչում լուրջ մրցակից ունեի՝ Եվրոպայի եռակի չեմպիոն,  2008թ. աշխարհի երիտասարդների չեմպիոն, Անգլիան ներկայացնող Աարոն Կուկը: Շատ դժվար գոտեմարտ էր, մրցակիս իսկապես ուժեղ էր: Բայց ինձ հաջողվեց այս գոտեմարտն էլ առավելությամբ ավարտել՝ 13:12: Եզրափակիչում պարտվեցի անգլիացի Դեյմոն Սանսունին: 3:4 հաշվով պարտվեցի եզրափակիչում եւ նվաճեցի արծաթե մեդալ:

Արման եզրափակիչում քեզ ի՞նչը խանգարեց ոսկե մեդալի համար պայքարելուն:

Շատ դժվարությամբ էի հասել եզրափակիչ, այդքան հաղթական գոտեմարտերից հետո ուղղակի ուժերս չբավարարեցին: Կիսաեզրափակիչի մրցակիցս շատ ուժեղ էր, նա Եվրոպայի եռակի չեմպիոն է եւ վարկանիշային աղյուսակում առաջին տեղում է: Բայց պարտության մատնեցի։ Իսկ եզրափակիչի համար արդեն ուժերս չբավարարեցին:

Ինձ համար կարեւորն այն է, որ ես օլիմպիական վարկանիշ ձեռք բերեցի եւ աստիճանաբար ճանապարհ եմ հարթում դեպի Ռիո-2016: Չեմ կարող հստակ ասել, թե հիմա քանի վարկանիշային միավոր ունեմ, քանի որ տարվա ընթացքում շուրջ տասը վարկանիշային մրցաշարեր եմ ունենալու: Եթե բոլորին այս արդյունքով մասնակցեմ, այսինքն՝ մեդալ նվաճեմ բոլոր մրցաշարերում, օլիմպիական ուղեգիրն իմ ձեռքում կլինի: Կարեւորն այն է, որ այս մրցաշարերում կարողանամ եզրափակիչներ դուրս գամ, միայն այդ դեպքում վստահ կարող եմ ասել, որ վարկանիշներ կբավարարեն օլիմպիական ուղեգրի համար: Մինչեւ հոկտեմբեր ամեն ինչ պարզ կլինի:

Արման, թաեքվոնդոյի ֆեդերացիան դեռեւս նախորդ տարվանից հրաժարվում էր ֆինանսավորել քո վարկանիշային մրցաշարերը: Ո՞վ է ֆինանսավորել այս մրցաշարում քո մասնակցությունը:

Այս մրցաշարը հովանավորել է Օլիմպիական կոմիտեն: Ֆեդերացիան կրկին ոչինչ չի արել: Բացի այս մրցաշարից ՀԱՕԿ-ը նաեւ հոգաց իմ ուսումնամարզական հավաքի ծախսերը: Այս մրցաշարից առաջ ունեցա երկու ուսումնամարզական հավաք՝ դեկտեմբերին Ծաղկաձորում 14 օր եւ հունվարին Թեհրանում՝ 10 օր:

Նպատակս 2016թ. ամառային Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելն է: Ես պարբերաբար մոտ եմ եղել օլիմպիական մեդալին: Այժմ վարկանիշային աղյուսակում 15-րդ տեղում եմ: Այս տեմպերով ու ծրագրով շարունակելով հաջորդ միջազային վարկանիշային մրցաշարից հետո հուսամ, որ կլինեմ 12-րդ տեղում: Համառ պայքարով եւ դժվարությունները անտեսելով՝ գնում ենք դեպի Ռիո-2016՝ մեդալի հետեւից:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով