16:22  ,  22 հունվարի, 2015

Լեւոն Ջուլֆալակյան. Լավ եմ զգում ինձ, ցանկանում եմ դուրս գրվել, բայց բժիշկները թույլ չեն տալիս

Ծաղկաձորում դահուկով սահելիս վատ զգացի, ինձ անմիջապես տեղափոխեցին Երեւան, Էրեբունի բժշկական կենտրոն եւ ստենտավորում արեցին: Երեւի շատ ճնշում գործադրեցի, ծանրաբեռնվածություն տվեցի, այդ պատճառով էլ վատացա: Ինձ արդեն շատ լավ եմ զգում, ցանկանում եմ դուրս գալ, բայց թույլ չեն տալիս:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, ով հունվարի 21-ին Ծաղկաձորից տեղափոխվել է  Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ անոթի ստենտավորման է ենթարկվել:

«Ես էլ չգիտեմ՝ ինչ է պատահել ինձ, ինչպես է պատահել: Դահուկով սահելիս կտրուկ վատ զգացի, չհասկացա՝ ինչն էր պատճառը, ուժեղ ցավ զգացի: Կողքից նկատեցին, ճանաչեցին, անմիջապես կապ հաստատեցին ներքեւի հետ, բուրանով ինձ իջեցրին սարից, շատ արագ կազմակերպված շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Երեւան, բժիշկները զննեցին, նկարեցին եւ ստենտավորեցին:

Ես առողջական խնդիր չունեմ, ճնշման խնդիր չունեմ, բժիշկն ասում է՝ տրոմբ է եղել, անոթներից մեկը խցանվել է, բացեցին, ստենտ դրեցին: Ամեն ինչ շատ արագ եղավ, ես էլ չհասկացա՝ ինչպես: Ես ցավ զգացող մարդ չեմ, բայց տղաներն ասում են, որ շատ ուժեղ ցավացել է ամբողջ ճանապարհին մինչեւ Երեւան: Երեւի պատճառն այն է, որ շատ մեծ ծանրաբեռնվածություն տվեցի ինձ։  Հիմա շատ լավ եմ, ուզում եմ դուրս գալ, թույլ չեն տալիս: Մինչեւ երկուշաբթի պիտի մնամ այստեղ»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:  

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով