17:25  ,  31 դեկտեմբերի, 2014

Արթուր Աբրահամը՝ տարվա ամենահիշվող ու ամենատխուր օրերի մասին (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ամփոփեց ավարտվող տարին՝ շնորհավորելով բոլորի Ամանորը:

Արթուր, կամփոփե՞ս 2014 թվականը:

2014-ը լավ տարի էր ինձ համար: Մարտի 1-ին Ռոբերտ Շտիգլիցից վերադարձրեցի աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը կորցրել էի 2013-ին: Բացի այդ, այս տարի անցկացրեցի եւս 2 մենամարտ եւ 2 դեպքում էլ պաշտպանեցի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նախ հաղթեցի Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցային, իսկ հետո պարտության մատնեցի անգլիացի Փոլ Սմիթին:

Ինչպիսի՞ն էր այս տարին քեզ համար: 2014-ին ո՞ր մենամարտն էր ամենաբարդը:

Հաջողություններով լի տարի էր ինձ համար: Անկեղծ ասած, բոլոր մենամարտերն էլ կարեւոր ու բարդ են: Դրանց բոլորին էլ պատրաստվում եմ երկար եւ լրջորեն: Ճիշտ է,  ռինգում մենամարտը կարճ է տեւում, սակայն դրան պատրաստվելը ամիսներ, ջանքեր, եռանդ, նվիրվածություն, կամք ու հաղթելու մեծ ցանկություն է պահանջում մարզիկից: 

Ի՞նչ չհասցրեցիր անել այս տարի, որ նախատեսել էիր 2014-ին:

Թերեւս նման բան չկա: Նախատեսել էի վերադարձնել WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ես արեցի դա, ապա 2 անգամ պաշտպանեցի այն: Երբ հետ ես նայում, անշուշտ, տեսնում ես բացթողումներ եւ միշտ էլ մտածում ես, որ ինչ-որ հարցերում թերացել ես, կարող էիր ավելիին հասնել: Ամեն դեպքում, երբ անիմաստ ժամանակ չես վատնել եւ այլ ամբողջ տարին աշխատել ես, մեղքի զգացում չես ունենում:

Ո՞րն էր 2014-ի ամենատպավորված օրը քեզ համար:

Իմ երեք մենամարտերի օրերը՝ մարտի 1, մայիսի 3 եւ սեպտեմբերի 27: Այդ օրերը նշանավորվեցին հաղթանակներով:

Իսկ տարվա ամենավա՞տ օրը:

Շատ տխրեցի, երբ տեղեկացա, որ մահացել է քաղաքական-հասարակական գործիչ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը:

Ի՞նչ սպասելիքներ ունես 2015 թվականից: Նոր տարում ի՞նչ կարեւոր խնդիր ես դրել քո առջեւ:

2015 թվականին նպատակ ունեմ պաշտպանել տիտղոսս: Ես հիմա էլ լրջորեն պատրաստվում եմ անգլիացի Փոլ Սմիթի հետ ռեւանշ մենամարտին, որը կայանալու է փետրվարի 21-ին Բեռլինում:

Ի՞նչ կմաղթես քո երկրպագուներին 2015 թվականին:

Իմ երկրպագուներին, ձեր ընթերցողներին եւ համայն հայությանը մաղթում եմ առողջություն, հաջողություն եւ խաղաղություն: Թող ամեն ընտանիքում հնչի ուրախության ճիչ, եւ եթե արցունքներ էլ լինեն, ապա միայն երջանկության: Բարություն եւ բարօրություն բոլորիդ:

Լուսինե Շահբազյան

(Նույնիսկ 5 ամսականում արված լուսանկարում ապագա բռնցքամարտիկը ընդգծել է բռունցքը):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով