16:10  ,  21 դեկտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյանը՝ The Guardian-ի լավագույն 100-յակում

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բրիտանական The Guardian-ի վարկածով ընդգրկվել է աշխարհի 100 լավագույն գործող ֆուտբոլիստների ցուցակում: Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է 85-րդ տեղում:

«Այս մրցաշրջանը նախորդի պես հաջող չէ, սակայն, երբ Մխիթարյանը լավ մարզավիճակում է, նրան հետեւելը չափազանց հետաքրքիր է: Նա մասնագիտացել է ազատ գոտիներ հայտնաբերելու մեջ, ինչպես նաեւ գնդակը լավ է հասցնում մրցակցի տուգանային հրապարակ: Մխիթարյանը դիպուկ է եւ ունի հարվածների ու փոխանցումների յուրօրինակ ոճ: Այնուամենայնիվ, կիսապաշտպանին այդքան արժեքավոր դարձրեց նրա գոլ խփելու կարողությունը, որը վերջին շրջանում անհետացել է:

Վերջին շրջանում Յուրգեն Կլոպը Մխիթարյանին խաղացնում է ավելի խորքից, սակայն «Բորուսիայի» վերջին 17 խաղերում նրա գոլերը եւ գոլային փոխանցումները բացակայում են»,- գրում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում դեռ գոլ չի խփել Չեմպիոնների լիգայում եւ գերմանական Բունդեսլիգայում: Նա միայն մեկ անգամ աչքի է ընկել Գերմանիայի Գավաթում: Դեկտեմբերի 13-ին ստացած վնասվածքի պատճառով Հենրիխը խաղադաշտից բացակայելու է 6 շաբաթ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում