01:20  ,  21 դեկտեմբերի, 2014

«Ռեալն»՝ աշխարհի ակումբային չեմպիոն (ֆոտոշարք)

Մադրիդի «Ռեալը» հռչակվեց ֆուտբոլի աշխարհի 2014թ. ակումբային չեմպիոն:

Մարոկկոյում անցկացված աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում Չեմպիոնների լիգայի գավաթակիրը 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Լիբերտադորեսի Գավաթի հաղթող արգենտինական «Սան Լորենցոյի» նկատմամբ: Արքայական ակումբը նկատելի առավելություն ուներ ամբողջ խաղի ընթացքում, բայց խաղակեսերից յուրաքանչյուրում խփեց ընդամենը մեկ գոլ: Հաշիվը 37-րդ րոպիեն բացեց իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, իսկ խաղի վերջակետն ընդմիջումից 6 րոպե անց դրեց ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը: Կարլո Անչելոտիի թիմը 22-րդ անընդմեջ հաղթանակը տարավ բոլոր մրցաշարերում:

Հիշեցնենք, որ «Ռեալը» մրցաշարը սկսել էր կիսաեզրափակիչից՝ 4:0 հաշվով հաղթելով մեքսիկական «Կրուս Ասուլին», որը երրորդ տեղի համար խաղում հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց նորզելանդական «Օկլենդ Սիթիին» (հիմնական ժամանակում գրանցվել է 1:1 հաշիվը):  

«Ռեալն» առաջին անգամ հաղթեց 2000 թվականից անցկացվող աշխարհի ակումբային առաջնությունում, որը տեղի չի ունեցել 2001-2004-ը: Միջմայցամաքային Գավաթում մադրիդցիները հաղթել են 3 անգամ՝ 1960-ին, 1998-ին եւ 2002-ին: «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին աշխարհի ակումբային առաջնությունում 2007-ին հաղթել էր նաեւ իտալական «Միլանի» հետ:

Աշխարհի ակումբային առաջնություն, եզրափակիչ

«Ռեալ» (Իսպանիա) -  «Սան Լորենցո» (Արգենտինա)՝ 2:0

Սերխիո Ռամոս, 37, Գարեթ Բեյլ, 51

«Ռեալ». Կասիլյաս, Կարվախալ (Արբելոա, 90+3), Պեպե, Ռամոս (Վարան, 89), Մարսելո (Կոենտրաու, 43), Կրոս, Իսկո, Խամես Ռոդրիգես, Բեյլ, Ռոնալդու, Բենզեմա:

«Սան Լորենցո».  Տորիկո, Բուֆարինի, Յեպես (Կետո, 61), Կանեման, Մաս, Մերսիեր, Օրտիգոզա, Կալինսկի, Վերոն (Ռոմանյոլի, 57), Բարիենտոս, Կաուտերիցիո (Մաթոս, 68):

 


  



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում