00:32  ,  21 դեկտեմբերի, 2014

Յուրգեն Կլոպը չի լքի խորտակվող նավը

Բունդեսլիգայի 17-րդ տուրում ճգնաժամային դորտմունդցիները  Բրեմենում 1:2 հաշվով պարտվեցին «Վերդերին»: «Բորուսիան» կրեց 10-րդ պարտությունը ընթացիկ առաջնությունում եւ հավաքած 15 միավորներով նահանջեց նախավերջին՝ 17-րդ տեղ: Նման վատ արդյունք ակումբը չի ունեցել 30 տարիների ընթացքում: Դորտմունդցիները ձմեռային մարզումները կանցկացնեն իսպանական  Լա Մանգայում հունվարի 10-ից 18-ը, հայնտում է ակումբի պաշտոնական թվիթերյան էջը:  

Խաղի ընթացքը

Երկու կողմերն էլ խաղադաշտ էին դուրս եկել հաղթելու եւ անհրաժեշտ միավորներ հավաքելու վճռականությամբ: Սակայն խաղի առաջին իսկ րոպեներից ակնհայտ դարձավ, որ հաջողությունը «Վերդերի» կողմն է:

19-ամյա հարձակվող Դավի Զելկեն անհավանական գեղեցիկ հարվածով գրավեց «Բորուսիայի» դարպասը եւ ապահովեց իր թիմի առավելությունը խաղի երրորդ րոպեից` դառնալով թիմի հերոսը:

Երկրորդ քառորդում`  25-րդ րոպեին, «Վերդերը» հակագրոհի ժամանակ բավական վտանգավոր խաղաց, սակայն Մելվին Լորենցենին չհաջողվեց գրավել դորտմունդցիների դարպասը: Առաջին խաղակեսում դորտմունդցիները պահեցին տարածքային առավելություն, սակայն գոլային պահեր ստեղծել նրանց չէր հաջողվում:

Երկորդ խաղակեսում «Բորուսիայի» խաղը չփոխվեց, իսկ «Վերդերի» տղաները հաջողությամբ պահպանում էին առավելությունը: Խաղի  62-րդ րոպեին Ֆին Բարտելսը հիանալի հակագրոհի ընթացքում հաջողությամբ կրկնաապտկեց «Վերդերի» առավելությունը:

Դորտմունդցիները շատ ուշ սթափվեցին, եւ միայն 69-րդ րոպեին Մաթս Հումելսին հաջողվեց գրավել «Վերդերի» դարպասը: Գոլը սակայն չփոխեց խաղի պատկերը, եւ դորտմունդցիները կրեցին եւս մեկ պարտություն:

Մարզիչների մեկնաբանությունը

«Վերդերի» գլխավոր մարզիչ Վիկտոր Սկրիպնիկը շնորհակալություն հայտնեց իր թիմին. «Տղաների համար իսկապես բարդ էր խաղալ մարզիչի փոփոխությունից հետո, սակայն նրանք հաղթահարեցին այդ բարդությունները, եւ այսօր հիանալի ֆուտբոլ խաղացին»:


Մարզիչը չթաքցրեց նաեւ իր ուրախությունը գալիք ձմեռային դադարի կապակցությամբ. «Այժմ մենք ունենք մարզվելու, սխալները վերլուծելու եւ մեր մարզավիճակը բարելավելու հիանալի հնարավորություն»:

Դորտմունդի Բորուսիայի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքով, նման վատ խաղ նրանք դեռ երբեք չէին ունեցել. «Ինչ քննադատություն էլ այժմ հնչի մեր հասցեին, արդարացված է: Մեր սխալներն այնքան շատ էին, որ դժվարանում եմ դրանք նույնիսկ հաշվել: Միակ բանը, որ մեզ այժմ ուրախացնում է, ձմեռային դադարն է:

Այնուհետեւ լավատես մարզիչը համոզմունք հայտնեց, որ նույնիսկ այսպիսի ճգնաժամից Դորտմունդի «Բորուսիան» կարող է դուրս գալ. «Ես հավատս չեմ կորցնում, մենք այժմ մտածելու եւ իրավիճակից դուրս գալու բավական ժամանակ ունենք»:

Դորտմունդի «Բորուսիայի» երիտասարդ  դարպասապահ Միտչել Լանգերակը նույնպես պատասխանեց թիմի խնդիրների վերաբերյալ հարցերին: Նրա համար օրվա խաղը հեռու էր նախատոնական լինելուց: Թե ինչու է Դորտմունդի «Բորուսիան» միշտ վատ խաղում մրցակցի խաղադաշտում, նա պատասխանեց. «Դժվար է ասել: «Վերդերի» գոլը, խաղը դեռ չսկսած, փոխեց խաղի ընթացքը: Մենք այժմ մրցաշարային աղյուսակի անդունդում ենք, ակնհայտ է, որ հրատապ փոփոխությունների ժամանակն է մեզ համար: Կարելի է ասել,  որ «Վերդերն» այսօր ցույց տվեց` ինչպես պետք է պայքարել ճգնաժամից դուրս գալու համար: Անիմաստ է խոսել այն մասին, թե որքան վատ սկսեցինք խաղը: Մեր խաղում բացակայում էր կայունությունը, կենտրոնացվածությունը: Այս խաղը եւս մեկ անգամ ապացուցում է, որ թիմում եւ մեր խաղում լուրջ փոփոխություններ պետք է կատարվեն»:

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Վերդեր» - «Բորուսիա Դ.»՝ 2:1

Դավի Զելկե, 3, Ֆին Բարտելս, 62 – Մատս Հումելս, 69

Ուրսուլա Շիքս

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում