14:09  ,  20 դեկտեմբերի, 2014

Լեւոն Արոնյան. Հուզվում եմ այս երեխաների հետ խաղալիս

Ոչ բոլորն են բախտավոր եւ շատ առողջ: Մենք հաշմանդամություն ունեցող երեխաների մասին մշտապես պետք է հոգ տանենք, եւ հնարավորություն տանք բոլորին զբաղվել այն մարզաձեւով, որը սիրում են: Այսօր մի փոքր հուզվում եմ այս երեխաների հետ խաղալիս: Այդ մասին Երեւանի շախմատի տանը երեխաների հետ խաղի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց գրոսմայտեր Լեւոն Արոնյանը:

«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրի ներքո դեկտեմբերի 20-ին Երեւանի շախմատի տանը ներառական եւ միջնակարգ կրթություն անցնող շուրջ 25 երեխա շախմատ խաղաց գրոսմայստեր Լեւոն Արոնյանի հետ:

«Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունների նախաձեռնությամբ, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած շախմատային սեանսը գրոսմայստեր Լեւոն Արոնյանի հետ: Գրոսմայստերի  հետ մրցեցին Երեւանի ներառական կրթություն իրականացնող դպրոցների 7-10 տարեկան ավելի քան 25 աշակերտները:

«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» միջոցառումն անցկացվում է արդեն 5-րդ տարին: Միջոցառումը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարին: 

«Սիրում եմ երեխաների հետ խաղալ, քանի որ իրենք միշտ նոր մտքեր ունեն, միշտ փորձում են ամենալավ խաղը ցույց տալ, չեն վախենում քայլ անելուց: Հաճելի է երեխաների հետ խաղալ: Երեխաների մեջ կա յուրահատուկ աշխուժություն խաղի ընթացքում, իմպրովիզները շատ են երեխաների խաղում: Շախմատ խաղացող երեխաները տաղանդավոր են: Ես գիտեմ, որ երեխաների համար շատ կարեւոր է լիդերի, ուժեղի հետ խաղալը: Ինձ համար էլ է այդպես եղել փոքր տարիքում, խաղալ լիդերի հետ եւ լավ խաղ ցույց տալ: Երբ խաղում էի ուժեղի հետ, հավաքվում էի, կենտրոնանում եւ իմ լավագույն խաղը ցույց տալիս այդ տարիքում:

Ես փորձում եմ ամեն տարի իմ կողմից մի փոքր աջակցություն, ուշադրություն ցուցաբերել երեխաներին, մասնավորապես հաշմանդամություն ունեցող երեխաներին: Ոչ բոլորն են բախտավոր, շատ առողջ: Կարծում եմ՝ կարեւոր է, որ հոգ տանենք այն մարդկանց մասին, ովքեր ոչ մեծ հնարավորություններ ունեն զբաղվել իրենց սիրած մարզաձեւով: Մենք մարդկային պետք է լինենք եւ օգնենք այս երեխաներին:

Ներառական կրթության երեխաների համար ստեղծվում են բոլոր պայմանները ֆիզիկական մատչելիության առումով: Ցավում եմ, որ ստիպված ենք Հայաստանում կառուցել նման դպրոցներ, բայց պետք է բոլոր պայմանները լինեն, որպեսզի այս երեխաներն իրենց հասարակության լիիրավ անդամ զգան: Ես ինքս փորձում եմ հնարավորինս աջակցել նման ծրագրերին, միջոցառումներին պարբերաբար մասնակցում եմ, սուտ կխոսեմ, եթե ասեմ՝ ակտիվ մասնակցություն ունեմ նմանօրինակ նախագծերին, բայց հնարավորության դեպքում լինում եմ Հայաստանում, պարբերաբար հանդիպումներ եմ ունենում հայ մանուկների հետ: Այս երեխաների հետ խաղալիս մի փոքր հուզվում եմ»,- ասաց Լեւոն Արոնյանը: 

Լեւոն Արոնյանն արդեն 5-րդ տարին է մասնակցում այս նախաձեռնությանը՝ այդպիսով միանալով հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարի տարածմանը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով