10:10  ,  20 դեկտեմբերի, 2014

Դորտմունդի «Բորուսիան»՝ տարեվերջյան հաղթանակի հույսով

Բունդեսլիգայի 17-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» կմրցի Բրեմենի  «Վերդերի» հետ, որը մեկ միավոր է զիջում փոխչեմպիոններին:

Առաջին հայացքից դորտմունդցիների համար բարդ չի լինի նրանցից հաղթանակ կորզելը, սակայն ինչպես «Բորուսիան», այնպես էլ «Վերդերը» պայքարելու է Բունդեսլիգայից դուրս չմնալու համար: «Բորուսիան»  ընդամենը 15 միավորով 16-րդ տեղում է` ակումբի պատմության մեջ վատագույն արդյունքը:

Դորտմունդի «Բորուսիա»

Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի անդունդում գտնվող «Բորուսիան»  այս տարի կպայքարի վերջին անգամ:

Գերմանիայի փոխչեմպիոնները նախորդ վեց տուրերում ընդամենը մեկ հաղթանակ են գրանցել, երկու ոչ-ոքի եւ երեք պարտություն:  Իսկ 16-րդ տուրում դորտմունդցիները մրցում էին երկրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգի» դեմ: Յուրգեն Կլոպի թիմը խաղաց առանց վնասվացքից ապաքինվող հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի: Չնայած հիանալի խաղին` նրանք այս մրցաշրջանում ոչ առաջին անգամ բաց թողեցին հաղթանակը:  «Բորուսիային» չհաջողվեց պահպանել խաղի ընթացքում երկու անգամ ձեռք բերած առավելությունը. խաղն ավարտվեց ոչ ոքի` 2:2 հաշվով:

Յուրգեն Կլոպը ստիպված կլինի մեկնարկային կազմում որոշ փոփոխություններ կատարել. նախորդ տուրում Նեւեն Սուբոտիչը ստացավ 5-րդ դեղին քարտը, եւ նրան այս տուրում կփոխարինի Մաթիաս Գինտերը:

Բրեմենի «Վերդեր»

Ինչպես «Բորուսիան», այնպես էլ «Վերդերը» խաղում է Բունդեսլիգայից դուրս չմնալու համար: Թիմի գրանցած արդյունքները հեռու են լավատեսական լինելուց. 16 խաղում միայն 3 հաղթանակ, 5 ոչ ոքի եւ 8 պարտություն: «Վերդերի» համար նախորդ տուրը բավական ծանր հարված է հասցրել թիմի հոգեբանական վիճակին. Մյոնխենգլադբախի «Բորուսիան»  4:1 հաշվով հաղթանակ տարավ` ուղարկելով «Վերդերին» աղյուսակի անդունդը (18-րդ տեղ):

Թիմի անհաջողության գլխավոր պատճառը խաղային մարտավարությունն է` նրանք լավ հարձակվում են եւ հաճախ լավ եզրափակում գրոհները, սակայն մեծ թվով անհատական սխալները եւ թույլ պաշտպանությունը «Վերդերին» նետել են մրցաշարային աղյուսակի վերջին տեղը:

Ի՞նչ են ասում մարզիչները

«Վերդերի» գլխավոր մարզիչ Վիկտոր Սկրիպնիկն անհամբեր սպասում է ձմեռային դադարին. «Մենք վերջին տեղում ենք, պարզ է, որ ուրախանալու առիթ չունենք: «Բորուսիայի» դեմ խաղն իսկապես բարդ է լինելու մեզ համար, չնայած ճգնաժամին` նրանք վտանգավոր մրցակից են, իսկ մեզ համար այդ երեք միավորները կենսական են: Մենք այժմ բոլորս սպասում ենք ձմեռային դադարին. մեզ մտածելու եւ մարզվելու ժամանակ է անհրաժեշտ»:

«Վոլֆսբուրգի» դեմ խաղից երկու օր անց Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ասաց, որ խաղից շատ բան են սովորել ինքն ու իր թիմը, իսկ «Վերդերի» դեմ խաղի մասին ասաց. « Այս խաղը մեզ համար անհրաժեշտ միավորներ հավաքելու հիանալի հնարավորություն է»:

Մարզիչը նաեւ նշեց. «Հետեւելով մրցակցի խաղին՝ ակնհայտ է, որ նրանք ունեն ճգնաժամից դուրս գալու մշակած մարտավարություն: Ես ակնհայտ դրական փոփոխություն եմ նկատում նրանց խաղում»: Ըստ Յուրգեն Կլոպի «Վերդերի» տեղը մրցաշարային աղյուսակում պայմանավորված է խաղացողների անհատական սխալներով:

Հավանական մեկնարկային կազմերը

«Վերդեր»` Վոլֆ, Սելասի, Գալվես, Լուկիմյա, Գարսիա, Կրոս, Ֆրիտց, Յունուզովիչ, Այչիչեկ, Բարտելս, Սելկե:

«Բորուսիա»` Լանգերակ, Պիշչեկ, Գինտեր, Հումելս, Շմելցեր, Կել, Բլաշչիկովսկի, Գյունդոգան, Բենդեր, Գրոսկրոյց, Օբամեյանգ:

Դեկտեմբերի 20-ին կայանալիք «Վերդեր» - «Բորուսիա Դ.» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:30-ին: Բուքմեյքերները հավատում են հյուրերի հաղթանակին՝ 1.57 գործակից: «Վերդերի» հաղթանակը ստացել է 5.75 գործակիցը, իսկ ոչ ոքին՝ 4.20:

Ուրսուլա Շիքս

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով