22:43  ,  19 դեկտեմբերի, 2014

Պողոս Պողոսյան. Ինձ գլխավոր մարզիչի պաշտոնից ազատելու մեջ տեսնում եմ դիտավորություն, ճնշում

Ինձ աշխատանքից ազատելու մեջ տեսնում եմ միտումնավորություն, դիտավորություն, ճնշում: Ես ծանրամարտից կհեռանամ, քանի դեռ հայկական ծանրամարտի ղեկավարներն այս մարդիկ են:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Պողոս Պողոսյանը:

Պողոս Պողոսյանը 2010 թվականից գլխավորել է ծանրամարտի ազգային հավաքականը: Այս տարվա նոյեմբերին Ալմաթիում կայացած աշխարհի առաջնությունից հետո անբավարար արդյունքների պատճառով Պողոս Պողոսյանը ազատվեց հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: Դեկտեմբերի 10-ին կայացած Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի արտահերթ նիստում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը վստահվեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանին:

Պողոս Պողոսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց աշխարհի առաջնությունում մեդալներ չլինելու, ՀԾՖ արտահերթ նիստի եւ իրեն հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից ազատված տեսնելու ցանկացողների մասին:

Պարոն Պողոսյան, աշխարհի առաջնության արդյունքները գնահատվեցին անբավարար, չեղան մեդալներ: Որո՞նք էին պատճառները:

Մրցաշրջան-2014-ն անցավ ըստ պլանավորածի՝ անցկացրել ենք Հայաստանի, Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները լավ արդյուքներով: Տարվա սկզբից ես նշել էի, որ 2014-ում  իմ գերխնդիրը լինելու է օլիմպիական վարկանիշային միավորները։ Ապրիլին կայացած Եվրոպայի առաջնությունում փայլուն ձեւով հանդես եկանք։ Մասնակցեցինք 6 մարզիկով, որոնցից 4-ը մեդալով վերադարձավ հայրենիք։ Իսկ թիմը զբաղեցրեց 4-րդ պատվավոր տեղը։ Եվրոպայի առաջնությունից հետո 6 ուսումնամարզական հավաք անցկացրեցինք եւ նախապատրաստվեցինք աշխարհի առաջնությանը։ Աշխարհի առաջնությունում իմ հիմնական խնդիրը եղել է օլիմպիական վարկանիշային միավորները։ Մասնակցեցինք 8 ծանրորդով եւ բերեցինք 5 ուղեգիր: Աշխարհի առաջնությունում այնպիսի մրցակցություն էր, որ նույնիսկ պատկերացնել հնարավոր չէր։ Ներկայացնեմ միայն մեկ քաշային կարգի օրինակ. 105 կգ քաշային կարգում առաջին եռյակի երեք մարզիկները աշխարհի ռեկորդներով էին պայքարում իրար հետ։

Աշխարհի առաջնության արդյունքները գնահատվեցին անբավարար՝ գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանի վատ մասնակցության եւ 0 ստանալու պատճառով: Ինձ մեղադրեցին Ռուբենի 0 ստանալու մեջ: Նա բավական լավ մարզավիճակում է եղել, մարզումների ընթացքում նա իրեն լավ է դրսեւորել, լավ է զգացել, բավական լուրջ կիլոգրամներ է բարձրացրել, ուղղակի նա հոգեբանորեն չկարողացավ լուրջ պայքարի մեջ մտնել գերհզոր հակառակորդների հետ: Այդ քաշային կարգում մրցում էին Օլիմպիական խաղերի չեմպիոնը, 2013թ. աշխարհի չեմպիոնը,  2014թ. Եվրոպայի չեմպիոնը: Ռուբենն այս երեք ուժեղագույն հակառակորդներին գիտեր, եւ, իմանալով, որ մրցում է գերհզոր ծանրորդների հետ, չկարողացավ լուրջ պայքարի մեջ մտնել, ինչն էլ հանդիսացավ նրա 0 ստանալու պատճառ: Լավ կլիներ, որ Ռուբեն Ալեքսանյանը աշխարհի չեմպիոն դառնար։ Բայց միեւնույն է՝ դրանից մեր 5 ուղեգիրը 6 չէր դառնալու։ Նա 0 ստացավ, բայց մեր 5 ուղեգիրը դրանից չտուժեց եւ 4 չդարձավ։ Մեծ սպորտում 0-ներ էլ են լինում, այնպիսի լեգենդար մարզիկներ են 0-ներ ստացել: Սա սպորտ է, ամեն ինչ էլ հնարավոր է։

Թե ինչու Ռուբեն Ալեքսանյանը 0 ստացավ, հասկանալի է. մասնագիտական գաղտնիքներ կան, չեմ ցանկանում դրանց մասին բարձրաձայնել, շատ փակագծեր բացել: Նաեւ մեղադրում են, թե այս թիմով ինչպե՞ս կարող ենք մասնակցել Օլիմպիական խաղերին, իբր այս կազմով օլիպիական մեդալ չի լինի: Մեդալն այնտեղ դրած չէ, որ գնանք, վերցնենք, գանք: Ես որպես ազգային հավաքականի մարզիչ փաստում եմ՝ եթե ես շարունակեի գլխավորել հավաքականը, այ հիմա ես նոր կխոստանայի, որ հաջորդ տարի մենք աշխարհի առաջնությունից էլ մեդալներ կբերեինք, Ռիո-2016-ի օլիմպիական մեդալ էլ կլիներ: Ես մարզիչ եմ, եթե ես զգում եմ, որ հեռու ենք մեդալից, հնարավորություն չունենք մեդալի համար պայքարել, սուտ փիլիսոփայական խոստումներ չեմ տալիս, երբեք չեմ տվել եւ չեմ էլ տալու: Ոչ մի մարզիչ բարոյական իրավունք չունի աշխարհի առաջնությունից  առաջ կամ Եվրոպայի առաջնությունից առաջ, կամ Օլիմպիական խաղերից առաջ ասի՝ ես կգնամ, մեդալ կբերեմ: Այժմ շատերը մեծ-մեծ խոստումներ են տալիս. կտեսնենք՝ այդ մեդալները կլինե՞ն, թե՞ ոչ։ Արդեն նույնիսկ որոշ մարզիկներ ասում են՝ մենք օլիմպիական չեմպիոն կդառնանք: Կդառնա՛ն, կտեսնե՛նք… Ես միայն ուրախ կլինեմ:

Ֆեդերացիայի նիստ  տեղի ունեցավ: Դուք տեղյա՞կ էիք, որ այդ նիստին Ձեր հրաժարականն են պահանջելու:

Ես ուղղակի զարմացած եմ, որ ազգային հավաքականի մարզիչին այդ ձեւով են ազատում աշխատանքից: Զարմացած եմ առհասարակ, որ պատահական մարդը, ով որեւէ կապ չունի ծանրամարտի հետ, ղեկավարում է ֆեդերացիայի աշխատանքները: Խոսքս ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանի մասին է: Զարմանում եմ, որ մեր սպորտի ղեկավարները նման մարդկանց են շատ հաճախ լսում,  վստահում, այլ ոչ թե հավաքականի գլխավոր մարզիչին: Այդ նիստի ընթացքում ես ոչ մի տեղին քննադատություն չլսեցի իմ հասցեին, տեղին հարցադրում չտեսա: Եղել է մի քանի նիստ: Առաջին նիստը նվիրված էր մրցաշրջան 2014-ի ամփոփմանը, որին մարզչական խորհրդից մասնակցել է ընդամենը երեք անդամ՝ Օգսեն Միրզոյանը, Արսեն Գալոյանը եւ Վահան Բիչախչյանը: Ինձ միշտ ծանրամարտում քննադատել են այս երեքը. անձինք, ովքեր ծանրամարտում այսօր լուրջ մարդիկ չեն: Մյուսները ներկա չէին նիստին: Ես այստեղ միտում եմ տեսնում մյուս մարզիչների չներկայանալու հետ կապված, ճնշում գործադրելու միտում, որ չխոսեն: Երկրորդ նիստը տեղի ունեցավ՝ արդեն ընդլայնված նիստ, որի ընթացքում կրկին ոչ բոլորն էին ներկայացել: Կրկին հնչեցին քննադատություններ իմ հասցեին, բայց ոչ բոլորի կողմից: Մինչեւ վերջ ինձ չասացին, որ ես աշխատանքից ազատված եմ: Զուտ քննադատեցին, գնահատեցին անբավարար աշխարհի առաջնության արդյունքները եւ խոսք անգամ չեղավ, որ ինձ գլխավոր մարզիչի պաշտոնից ազատելու մտադրություն կա: Ընդլայնված նիստից մի քանի օր անց ինձ զանգեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը եւ ինձ կանչեց Սպորտի նախարարություն՝ եւս մեկ արտահերթ նիստի, որը վարում էր ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Այդ նիստի ժամանակ ինձ ձայնի իրավունք չտվեցին, որեւէ բան չհարցրեցին, ոչ պատասխան պահանջեցին,  ուղիղ ասացին՝ դու ազատված ես աշխատանքից: Ես՝ զարմացած… : Ասացի՝ շատ շնորհակալ եմ, շնորհակալություն, հաջողություն ձեզ ու դուրս եմ եկել: Նույնիսկ մինչեւ վերջ չեմ մասնակցել նիստին:

2010 թվականից  ստանձնել եմ հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը: Հենց այդ տարի  Տիգրան Մարտիրոսյանը դարձավ մեծահասակների աշխարհի չեմպիոն: Լոնդոնի Օլիմպիական խաղերին նախորդող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը 18-րդ տեղում էր եւ ձեռք էր բերել 4 ուղեգիր: Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերից առաջ մեր թիմը արդեն աշխարհի առաջնությունում 12- րդ տեղում էր եւ նվաճել է 5 ուղեգիր: Սա վա՞տ արդյունք է, վատ աշխատանքի արդյո՞ւնք է:

Գլխավոր մարզիչի պարտականությունները վստահվել է Փաշիկ Ալավերդյանին: Ի՞նչ կասեք նրա մասին:

Փաշիկ Ալավերդյանի հետ երկար տարիներ եմ աշխատել, նորմալ անձնավորություն է, նորմալ մարզիչ է: Բայց ես չեմ կարող ասել նրա աշխատանքի հետագան ինչպես կլինի: Դա ժամանակը ցույց կտա: Մաղթում եմ շատ լուրջ հաջողություններ մարզաձեւին, թող մեր բոլոր տղաները բարձր արդյունքներ ցույց տան, այդ դեպքում ես միայն կողջունեմ նրանց եւ կհպարտանամ նրանց ցույց տված արդյունքներով: Ծարամարտ մարզաձեւին ցանկանում եմ շատ շատ հաջողություններ:

Հավաքականում այժմ ամեն ինչ փոխվելու է: Հավաքականը շատ վտանգավոր քայլի առաջ է կանգնած: Փոխվել է հավաքականի մարզիչը, հետեւաբար փոխվելու է ամեն ինչ՝ նոր մարզիչ, նոր մարտավարություն, նոր տեխնիկա, նոր օրակարգ, ամեն ինչը նոր է լինելու տղաների համար, ինչը կունենա իր վատ ու վտանգավոր հետեւանքները ազգային հավաքականի վրա: Օլիմպիական խաղերին մնացել են հաշված օրեր: Ոչ մի պետություն նման քայլ չէր անի եւ Օլիմպիական խաղերի վերջին տարում չէր ազատի հավաքականի գլխավոր մարզիչին: Սա կազդի թե Եվրոպայի, թե աշխարհի առաջնություններում եւ Օլիմպիական խաղերի մեր արդյունքների վրա:

Դուք նշեցիք, որ ծանրամարտում Ձեզ միշտ  երեք մարզիչներ են միայն քննադատել, այդ թվում՝ Օգսեն Միրզոյանը: Ի՞նչ խնդիր կա Օգսեն Միրզոյանի եւ նրա որդու՝ Առաքել Միրզոյանի հետ:

Առաքել Միրզոյանը երբեք հավաքական թիմերի հետ չի մարզվել: Երբ նա պատանի էր, իսկ ես գլխավորում էի պատանիների հավաքականը, նա այդ ժամանակ էլ չի մասնակցել հավաքականի մարզումներին: Այն ժամանակ,  երբ հավաքականը գլխավորում էր Աշոտ Մխիթարյանը, Առաքելը կրկին չի մասնակցել հավաքականի մարզումներին: Նրանք արհամարհել են հավաքականին: Ի՞նչ է նշանակում՝ ազգային հավաքականի մարզիկը Հայաստանի առաջնությանը չմասնակցի ու մեկնի Եվրոպայի առաջնության: Ինչ վերաբերում է նրանց հայտարարություններին, թե ես հավաքական չեմ ընդգրկել, նրանց հետ չեմ խոսել, չեմ հետաքրքրվել. սուտ են այս հայտարարությունները: Ես երկար տարիներ աշխատել եմ Օգսեն Միրզոյանի հետ, երբ նա ղեկավարում էր ծանրամարտի ֆեդերացիան: Մենք միմյանց քաջ գիտենք, ուղղակի ես զարմացած եմ մնացել, որ մարդիկ սուտ խոսելով իրենց անձնական շահերը առաջ քաշելով ցույց են տալիս, որ ծանրամարտում իրենք լուրջ մարդիկ են: Առաքել Միրզոյանը միշտ խուսափել է հավաքականի հետ մարզվելուց, չգիտեմ՝ ի՞նչ խնդիրներ է ունեցել հավաքականի տղաների հետ, բայց ինձ հետ նա խնդիր չի ունեցել: Առանց ամաչելու ասում են, թե հավաքականի գլխավոր մարզիչը հորինում է, որ Առաքելը լավ մարզավիճակում չի եղել: Եթե ազգային հավաքականի մարզիկը խուսափում է հավաքականից, հավաքականի ուսումնամարզական հավաքներից, գլխավոր մարզիչն ի՞նչ պետք է անի: Վերջին 5 տարում Առաքել Միրզոյանը 4 մրցման է մասնակցել, որից երկուսին է նորմալ մասնակցություն ցուցաբերել: Մյուս երկուսում զրո է ստացել: Օգսեն Միրզոյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում Առաքել Միրզոյանի ահավոր վատ ելույթը, 2009 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության 0-ն թողած, ինձ է քննադատում: Ես ցավում եմ, որ հայկական ծանրամարտում այդպիսի մարդիկ պետք է թելադրեն՝ ինչպես լինի, ինչ լինի, ով մնա, ով գնա:

Այժմ ինչո՞վ եք զբաղվում: Կշարունակե՞ք ձեր գործունեությունը ծանրամարտում:

Քանի դեռ ծանրամարտը այսպիսի մարդկանց ձեռքին է, այսպիսի մարդիկ են կանգնած ծանրամարտի գլխին, իրենց մտքերով սպորտի ղեկավարներին համոզում, որ իրենք շատ բան են հասկանում ծանրամարտից, ես ծանրամարտից ընդհանրապես կհեռանամ, նաեւ ունեմ երկու տղա, ովքեր շատ տաղանդավոր են եւ հեռանկարային: Նրանք էլ ծանրամարտով չեն զբաղվի: Ես վստահեցնում եմ, որ միայն ես չէ, եթե այսպես շարունակվի, ինձ նման շատ մարզիչներ եւ նաեւ մարզիկներ կհեռանան ծանրամարտից:

Ես կուզեմ, որ մեր ծանրամարտը միշտ լինի բարձունքի վրա, սա մեր հենակետային մարզաձեւերից է, թող լավ արդյունքներ լինեն, բարձր արդյունքներ, մեդալներ: Ես միայն ու միայն ուրախ կլինեմ, կհպարտանամ:

Պարոն Պողոսյան, շուտով ՀԱՕԿ-ն ու Սպորտի նախարարությունը կպարգեւատրեն տարվա 10 լավագույն մարզիկներին, որոնց մեջ են նաեւ ծանրորդներ Ռուբեն Ալեքսանյանն ու Վանիկ Ավետիսյանը: Դուք այդ միջոցառումներին կմասնակցե՞ք:

Տարեմուտին մնացել է  մի քանի օր: Եթե աշխատանքս անբարարար է գնահատվել, համարվել է, որ ես լավ չեմ աշխատել, խնդիր չէ, թող ազատեին աշխատանքից: Բայց դա կարող էին անել գոնե 20 օր հետո՝ տոներից հետո: Ես լավ արդյունք էի ցույց տվել Եվրոպայի առաջնությունում եւ պետք է խրախուսվեի տարեվերջյան տոնական միջոցառման ժամանակ: Իմ մասնակցությունն այդ տոնական միջոցառումներին բացարձակ իմաստ չունի եւ բացառված է, որ ներկա լինեմ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով