18:08  ,  19 դեկտեմբերի, 2014

Հայ լողորդները մասնակցում են Թբիլիսիի գավաթի խաղարկությանը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում դեկտեմբերի 19-ին մեկնարկել է լողի Թբիլիսիի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի 15 լողորդներ:

Մրցումներն անցկացվում  են «Տոնուսի» 25 մետրանոց լողավազանում: Մարզիկները հանդես են գալու կարճ՝ 50,100, 200, երկար՝ 400,800,1500 մետր մրցատարածություններում, 100, 200 եւ 400 մետր համալիր լողում:

Յուրաքանչյուր մարզիկ մրցելու է կամ բոլոր կարճ, կամ երկար տարածությունները, կամ էլ համալիր լող:

Այնուհետեւ գումարվելու են յուրաքանչյուր լողորդի ցույց տված արդյունքները, ըստ որի կորոշվեն հաղթողները:

Հայաստանի չեմպիոն Վահան Մխիթարյանը, ով այսօր մեկնարկել է 200 մետր լողատարածությունում NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսեց մրցումների եւ իր ակնկալիքների մասին:

«Այսօր հասել ենք մրցավայր եւ լողացինք առաջին տարածությունները: Լողացի 200 մետր ազատ ոճում: Վստահ չեմ կարող ասել այսօր զբաղեցրի երկրորդ, թե չորրորդ տեղը, սակայն նշեմ, որ ես ավելի լավ արդյունքներ եմ գրանցում ավելի կարճ տարածություններում եւ քանի որ հաղթողը որոշվելու ընդհանուր արդյունքների գումարով, ամեն ինչ դեռ առջեւում է, մարտական եմ տրամադրված»,- ասաց Մխիթարյանը:

Մրցումները կավարտվեն դեկտեմբերի 21-ին:

Շուշանիկ Հակոբյան (Մոսկվա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում