16:31  ,  19 դեկտեմբերի, 2014

ՀԹՖ-ն ամփոփեց տարին

Հայաստանում թենիսի զարգացման համար հարկավոր են մեծ գումարներ, մարզիկների վրա պետք է ծախսվեն ահռելի գումարներ, որպեսզի մեր մարզիկները մասնակցեն միջազգային մրցաշարերի եւ փորձ ձեռք բերեն, վարկանիշ ունենան: Պետության կողմից տրամադրած բյուջեն ընդամենը 5 միլիոն դրամ է, իսկ ֆեդերացիայի նախագահը մի քանի անգամ ավելի ներդրում է անում, որպեսզի թենիսը Հայաստանում առաջընթաց ունենա:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գեւորգ Կարամանուկյանը:

Ֆեդերացիայի գործադիր տնօրենն ամփոփեց եծ թենիսի տարին:

«Մրցաշրջան 2014-ը բուռն էր Հայաստանի թենիսի ֆեդերացիայի համար: Մենք ունեցանք 9 տեղական եւ 7 միջազգային մրցաշարեր: Հայաստանում անցկացրեցինք միջազգային մրցաշարեր, մեր մարզիկները առանց գումարներ ծախսելու բարելավեցին իրենց վարկանիշը: Այս տարի մինչեւ 12 տարեկան թենիսիստների հավաքականից լավագույնն այս տարի հանդես է եկել Արթուր Սոլոյանը, մինչեւ 14 տարեկանների մեջ՝ Արեգ Ստեփանյանը, մինչեւ 16 տարեկանների մեջ՝ Դավիթ Եդիգարյանը եւ Լինդա Օհանյանը: Մեծահասակների կազմում միջազգային մրցաշարերում լավագույն արդյունքներով հանդես են եկել Արշակ Ղազարյանը եւ Անի Ամիրաղյանը:

Թենիսի զարգացումը Հայաստանում աստիճանաբար աճում է: Ավելացել է թենիսով զբաղվող մարդկանց քանակը մասնավորապես մինչեւ 10 տարեկանների եւ մեծերի սիրողականների թիվը: ՀԹՖ-ի շնորհիվ մրցումների քանակն ավելացել է:

Ավելացել է պատանեկան մրցումների քանակը տարեկան 9 տեղական եւ 7 միջազգային մրցումներ, որոնք դարձել են ավանդական: Այս մրցումները  Եվրոպայի եւ միջազգային ֆեդերացիաների օրացուցային պլանի մեջ են մտնում: Հայաստանում մարզաձեւերի մեջ մենք առաջատարներից չենք, բայց լավագույնների մեջ ենք մտնում, որն անցկացնում է միջազգային մրցաշարեր եւ նպաստում ոչ միայն մարզաձեւի զարգացմանը, այլեւ Հայաստանում տուրիզմի զարգացմանը:

Հայաստանի թենիսի ֆեդերացիան մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանում թենիսի մրցավարների զարգացման ծրագիր, մենք մասնակցում ենք սեմինարների, միջազգային մրցավարներ ունենալու նպատակով»,- ասաց Գեւորգ Կարամանուկյանը:

2015 թվականի ծրագրերի մասին ՀԹՖ գործադիր տնօրենը նշեց.  

«Հայաստանի թենիսի ֆեդերացիան եւ Incourt թենիսի ակումբը մշակել են հատուկ մինի ծրագիր, որի նպատակն է մասսայականացնել թենիսը երեխաների շրջանում: Դրան զուգահեռ մինչեւ 8 տարեկան երեխաների համար ավելացվել է հատուկ մրցումների ցանկ, որպեսզի նրանք արդեն 10 տարեկանում թե ֆիզիկապես, թե տեխնիկապես եւ թե հոգեբանորեն պատրաստ լինեն միջազգային մրցումներին, որոնք սովորաբար սկսվում են 10-12 տարեկանից: Հաջորդ տարվա համար նաեւ պլանավորվում եւ մշակվում է կարդիոթենիս ուղղությունը, որ ամբողջությամբ նորություն է լինելու Հայաստանում:

ՀԹՖ-ն Incourt թենիս ակումբում տարեկան 1-2 անգամ հրավիրում է միջազգային ֆեդերացիայի` ITF-ի եւ Tennis Europe-ի մասնագետերի, որոնք վերապատրաստում են թենիսի մարզիչներին, որպեսզի նրանք ավելի պրոֆեսիոնալ ու հետաքրքիր ձեւով ներկայացնեն թենիսը եւ նպաստեն թենիսի մասսայականացմնանը, հատկապես երեխաների շրջանում»,- նշեց Գեւորգ Կարամանուկյանը:

ՀԹՖ-ն ընտրել է  մրցաշրջան 2014-ի լավագույն 10 մարզիկներին`մինչեւ 10, 12, 14, 16 եւ մեծահասկաների կանանց եւ տղամարդկանց կազմերից: Մեծահասակների կազմում Հայաստանի տարվա լավագույն թենիսիտներ են ճանաչվել  Աշոտ Գեւորգյանը եւ Անի Ամիրաղյանը:

Հայկական թենիսի խնդիրների մասին ՀԹՖ գործադիր տնօրենը նկատեց.

«Թենիսի զարգացման համար գաղնիք չէ, որ հարկավոր են մեծ գումարներ: ՀԹՖ-ի ֆինանսավորումը ամենացավալի կողմն է: Պետությունից ստանում ենք 5 միլիոն դրամ, որը բավարար չէ Հայաստանում թենիսի զարգացնելու համար:  Մենք հիմնականում փորձում ենք միջազգային մրցաշարեր անցկացնել Հայաստանում, որպեսզի մեր թենիսիստները առանց գումարներ ծախսելու երկրի ներսում մասնակցեն միջազգային մրցումների եւ վարկանիշ ձեռք բերեն: Մեծ թվով մասնակիցներ ենք ունենում Հայաստանից, բայց եթե այդ մարզիկներին գործուղենք դուրս, դա ահռելի մեծ գումարների հետ է կապված, ինչի հնարավորությունը մենք չունենք: Հայաստաի թենիսի ֆեդերացիան իր հնարավորությունների չափով փորձում է օգտակար լինել: Նա պետության տրամադրած 5 միլիոն դրամից մի քանի անգամ ավելի գումար է ներդնում թենիսի զարգացման համար: Բայց մենք ունենք կորտերի խնդիր: Հայաստանի թենիսի ֆեդերացիան չունի կորտեր, բոլոր ակումբները մասնավոր են: ՀԹՖ-ն փորձում է օգտակար լինել մարզիկներին անվճար տրամադրելով դահլիճներ եւ թենիսի կորտեր պատանեկան, երիտասարդական հավաքականների անդամներին: Մեր աշխատանքներն ուղղված են միայն Հայաստանում թենիսի զարգացմանը»,- ամփոփեց Գեւորգ Կարամանուկյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով