19:36  ,  18 դեկտեմբերի, 2014

Արշակ Կորյանի պատասխանը՝ «Լոկոմոտիվի» եւ «Կրասնոդարի» ղեկավարներին

«Լոկոմոտիվի» նախկին ֆուտբոլիստ Արշակ Կորյանը պատասխանել է մոսկովյան ակումբի նախագահ Օլգա Սմորոդսկայային, որը նշել էր, թե 19-ամյա ֆուտբոլիստի հեռանալու պատճառը աշխատավարձի չափն է։ Նախագահը նշել էր, որ կողմերը համաձայնության չեն հասել նոր պայմանագրի ֆինանսական կողմի վերաբերյալ։ Կորյանը նաեւ պատասխանել է «Կրասնոդարի» նախագահ Սերգեյ Գալիցկուն, որը ֆուտբոլիստին մեղադրել է թիմին դավաճանելու մեջ, փոխանցում է Championat-ը։ Գալիցկին նշել էր, թե ակումբը աշխատանք է տվել ֆուտբոլիստի ծնողներին, ներդրումներ է կատարել նրա ֆուտբոլային աճի մեջ։

«Ես գումարի համար չեմ հեռացել «Լոկոմոտիվից»։ Ցանկանում եմ միայն խաղալ, խաղալ ու նորից խաղալ։ Մայրս «Լոկոմոտիվի» հյուրանոցում բուժել է երեխաների եւ ստացել է կոպեկներ։ Հայրս նույնպես դժոխային աշխատանքի համար ստացել է կոպեկներ։ Նրանք ապրում էին փոքրիկ սենյակում 10 տարեկան երեխաների հետ։ Եվ ես իմ աշխատավարձով ոչինչ չէի կարող անել նրանց համար։ Իմ աշխատավարձը 37 հազար ռուբլի էր։ Իսկ միլիարդներ ստացող մարդիկ ասում են, թե «համաձայնության չեն հասել ֆինանսական հարցերով»։

Սակայն իմ միակ ցանկությունն էր «Լոկոմոտիվի» հիմնական կազմի հետ մարզվելը։ Իսկ ակումբը այդ հնարավորությունն ինձ չէր տալիս։ Բոլորն ունեն սեփական կարծիքի իրավունք, սակայն մարդիկ ստում են, ինչը ինձ վիրավորում է։ Որոշումներն էլ ընդունել եմ ես, ոչ թե գործակալս։ Բոլորին շնորհակալություն»,- ասել է Կորյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում