17:10  ,  15 դեկտեմբերի, 2014

Դավիթ Խիթարյան. Օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն 60, 66, 73, 81 կգ քաշայինները

Ձյուդոյի հավաքականում գրեթե բոլոր քաշային կարգերում խնդիրներ ունենք։ Մեր ֆինանսավորումը չի բավարարում, որ կարողանանք մեծահասկների հավաքականին լուրջ ծանրաբեռնվածություն տանք։ Բայց ամենամեծ խնդիրը ծանր քաշերում է՝ 90, 100 եւ +100կգ։  Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարելու հնարավորություն ունեն 60, 66, 73, 81 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը։

Պարոն Խիթարյան,  ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան ձյուդոյի Հայաստանի  հավաքականում Հայաստանի առաջնության արդյունքներով։

Հայաստանի առաջնությանը արդյունքների համաձայն ձեւավորվելու է Հայաստանի հավաքականը։ Հավաքականի գլխավոր մարզիչի եւ ֆեդերացիայի համար օլիմպիական վարկանիշների համար պայքարող ձյուդոիստները պարզ են։ Բայց անցնող մեկ տարին ցույց տվեց, որ միայն Հովհաննես Դավթյանը կարողացավ ապահովել օլիմպիական վարկանիշ։ Նա այս պահին օլիմպիական վարկանիշային աղյուսակում 16-րդ տեղն է զբաղեցնում։ Այժմ մեր խնդիրն է Հովհաննես Դավթյանին ապահովել իր տեղը, եւ որքան հնարավոր է՝ առաջ գնալ, գոնե լավագույն ութնյակի մեջ հայտնվի, որպեսզի Օլիմպիական խաղերում վիճակահանությունը Հովհաննեսի համար ավելի բարենպաստ լինի։ Ունենք 4-5 մարզիկներ, որոնք վարկանիշ ձեռք բերելու հնարավորություն ունեն։ Այդ ձյուդոիստները հիմնականում երիտասարդներից մեծահասակների հավաքական նոր տեղափոխված մարզիկներն են։ Հայաստանի առաջնությանը մեզ համար եւս մեկ հնարավորություն է ունենալ հավաքականի վերջնական պատկերը, տեսնել մարզիկների ուժեղ եւ թույլ կողմերը, բացահայտել բացթողումները, կատարել վերջնական շտկումներ։ Հայաստանի առաջնությունը այս առումով կարեւոր էր, քանի որ արդեն նոր կազմված հավաքականն այս շաբաթ մեկնում է Ծաղկաձոր՝ տարեվերջյան հավաքի։ Այս առաջնության արդյունքների շնորհիվ պարզ կլինի, թե ովքեր հաջորդ տարի կմասնակցեն միջազգային մրցաշարերին, ուսումնամարզական հավաքներին։

Առաջնությանը չմասնակցեց Հովհաննես Դավթյանը։ Հավաքականի մարզիչի եւ նրա անձնական մարզիչի խնդրանքով Հովհաննեսը ազատվել է առաջնությունից, քանի որ նրա ցիկլը ծանր է եղել։ Նրա վերջին գոտեմարտը նոյեմբերին Չինաստանում կայացած Գրան-պրի մրցաշարում էր, որտեղ նա մտավ եզրափակիչ։ Այս պահին նպատակահարմար ենք գտնում նվազեցնել մրցումներին մասնակցելու Հովհաննեսի տեմպը։ Այս պահին Հովհաննեսն ունի նոր պայմանագիր իրանական ակումբներից մեկի հետ եւ դեկտեմբերի 15-ին կանցկացնի առաջին գոտեմարտը։ Ակումբի հետ պայմանագիրը նպատակաուղղված է մարզիկի ֆինանսական վիճակը բարելավելուն։ Որովհետեւ այս պահին մենք լուրջ ծրագրեր չունենք Հովհաննեսի հետ կապված։ Մեր ծրագիրը հաջորդ տարի Եվրոպայի, աշխարհի առաջնություններն են։ Նպատակ ունենք այս խոշոր առաջնություններից մեդալներով վերադառնալ։

Ո՞ր քաշային կարգերում խնդիրներ ունի Հայաստանի հավաքականը։

Բոլոր քաշերում էլ իրականում մենք խնդիրներ ունենք։ Մեր ֆինանսավորումը չի բավարարում, որ կարողանանք մեծերի հավաքականին լուրջ ծանրաբեռնվածություն տանք։ Ոչ բոլորն են Եվրոպայի, աշխարհի մրցանակակիրներ մեր ձյուդոիստներից եւ թոշակներ չեն ստանում ։ Բոլորն էլ չափահաս տղաներ են եւ աշխատավարձի խնդիր է առաջանում։ Եթե իրենք արդյունքի էլ չհասնեն, գոնե մարզվեն եւ մրցակից լինեն իրենց ընկերների համար։ Այս պատճառով ստիպված ենք լինում հաճախ համատեղ հավաքներ անցնկացնել, փորձում ենք հարեւան պետությունների թիմերի հետ համատեղ հավաքների մասնակցել, որպեսզի մարզիկների փորձի պակասի խնդիրը լուծենք։ Մեր հիմնական խնդիրը ծանր քաշերում է՝ 90, 100 եւ +100։ Այս քաշային կարգերում զույգեր ընդհանրապես չկան։ Այս առաջնությունում նույնիսկ մեկ քաշային կարգ կրճատեցինք։ Պետք է լիներ 100 եւ +100, մենք դարձրեցինք 90 եւ +90։ Բայց այդ կրճատումն էլ օգուտ չտեց։ Այս քաշային կարգերում տատամի է դուրս գալու ընդամենը 9 ձյուդոիստ, որոնց մեջ մրցակցությունը թույլ է։ Իսկ թույլ մրցակցության պայմաններում ուժեղ չի լինում։ Այս թույլ մրցակցության հաղթողին տանում ենք դուրս՝ մրցաշարի, նույնիսկ մեկ գոտեմարտ հաղթանակ չի ունենում։

Ովքե՞ր կարող են պայքարել 2016թ. Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար։

Հիմնականում 60, 66, 73, 81 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները ունեն հնարավորություններ։ Անունները չեմ ցանկանում նշել, կարծում եմ՝ դեռեւս ճիշտ չի լինի։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով