00:52  ,  14 դեկտեմբերի, 2014

Դորտմունդի «Բորուսիայի» ճգնաժամը խորանում է, «Բավարիան» սլանում է առաջ (ֆոտոշարք)

Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» կրեց եւս մեկ ցավալի պարտություն, այս անգամ Բեռլինի «Հերտայից»: Արդեն 33-րդ րոպեին մեկնարկում առանցքային դերակատար Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով ստիպված եղավ լքել խաղադաշտը: Նրան փոխարինած Յակուբ Բլաշչիկովսկու սխալը «Հերտային» տվեց նվազագույն հաշվով հաղթելու հնարավորություն:

Այժմ դորտմունդցիներին շարունակում է սպառնալ Բունդեսլիգայից դուրս մնալու վտանգը: «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անկարող էր թաքցնել հիասթափությունը. սա իր թիմի 9-րդ պարտությունն է ընթացիկ առաջնությունում, նրանք այժմ 14 միավորով 16-րդ տեղում են:

Խաղի ընթացքը

Հանդիպման մեկնարկում առավելությունը դորտմունդցիներինն էր, ովքեր հաջող փոխանցումներ էին կատարում, սակայն առանց գոլայի պահեր ստեղծելու: Վայդենֆելերին փոխարինող 26-ամյա ավստրալացի դարպասապահ Միտչել Լանգերակի հմտությունները 12-րդ րոպեին ստուգեց «Հերտայի» բրազիլացի կիսապաշտպան Ռոնի Ֆուրտադոն: Նա, օգտագործելով գերմանացի հարձակվող Յուլիան Շիբերի փոխանցումը, հարվածեց, սակայն երիտասարդ դարպասապահը հմտորեն հետ մղեց:

Առաջին խաղակեսի երկու քառորդներում հիշարժան պահեր չգրանցվեցին: Երրորդ քառորդը «Բորուսիայի» համար եղավ ճակատագրական: Խաղի 33-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հարվածի պահին ստացավ մկանային վնասվածք, որից հետո բժիշկների ուղեկցությամբ հեռացավ խաղադաշտից: Նրան փոխարինելու եկավ լեհ կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկին: Րոպեներ անց նրա թույլ տված սխալը «Հերտային» հաշիվը բացելու հնարավորություն տվեց. 40-րդ րոպեին նախկին դորտմունդցի Յուլիան Շիբերը հիանալի հարվածով գրավեց «Բորուսիայի» դարպասը` Լանգերակին հարվածը հետ մղելու ոչ մի հնարավորություն չթողնելով: Նման շրջադարձով սթափված Օբամեյանգը փորձում էր գրոհել մրցակցի դարպասը, սակայն անօգուտ:

Երկրորդ խաղակեսում Յուրգեն Կլոպը կիսապաշտպան Սեբաստիան Կելին փոխարինեց կոլումբացի հարձակվող Ադրիան Ռամոսով` ակնհայտորեն ավելի հարձակողական խաղ վարելու նպատակով: Երկրորդ խաղակեսում դորտմունդցիները ակտիվ գրոհում էին, ստեղծում էին հիանալի գոլային պահեր, պահում էին առավելությունը, սակայն այդ ամենն ապարդյուն. իրավիճակը փոխել նրանց չհաջողվեց: Ինչ վերաբերում է բեռլինցիներին, ապա նրանք ակնհայտորեն հետապնդում էին առավելությունը պահպանելու նպատակ:

«Հերտայի» հաղթանակն ապահոված Յուլիան Շիբերը խաղից հետո խոստովանեց. «Հակասական զգացմունքներով լի խաղ էր: Իսկապես, ցավալի է տեսնել նախկին թիմակիցներիս նման ծանր հոգեբանական վիճակում: Իսկապես ազդված եմ այն փաստով, որ հենց իմ գոլի պատճառով են նախկին ակումբակիցներս այժմ կրում պարտության բեռը: Մյուս կողմից՝ ուրախ եմ, որ կարողացա ապահովել թիմիս հաղթանակը. այն իսկապես կարեւոր է մեզ համար»:

Մարզիչների մեկնաբանությունը

«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խաղից ուներ այլ ակնկալիքներ, որոնք սակայն իր թիմը չկարողացավ արդարացնել. «Նման առաջին խաղակեսը պարզապես անընդունելի էր այսպիսի վճռորոշ խաղում, ինչպիսին այսօր էր: Մեզ եւս երկու խաղ է մնացել մինչեւ ձմեռային արձակուրդը: Մեր գերնպատակը պետք է լինի խաղի որակի զգալի բարելավումը, այլապես դուրս կմնանք Բունդեսլիգայից:

Վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանը սուր ցավեր ուներ: Նրա համար տարին հավանաբար ավարտված է»:

«Հերտայի» գլխավոր մարզիչ Յոս Լուհուկայը, չթաքցնելով ուրախությունն, ասաց. «Ահա այսպիսին է ֆուտբոլը: Յուլիան Շիբերի գոլն աներեւակայելի էր: Հիանալի, փայլուն գոլ, որն ապահովեց մեր հաղթանակը, եւ մենք վերջապես կարող ենք ուրախանալ»:

«Հերտա» - «Բորուսիա Դ.»՝ 1:0

Շիբեր, 40

«Հերտա» . Քրաֆտ, Շուլց, Բրուկս, Հեգելեր, Պեկարիկ, Շելբրեդ,

 (Հոսոգայ 69), Նիմայեր, Բեն-Հատիրա (Վան դեր Բերգ, 69), Ռոնի (Լյուստենբերգեր, 82), Բեերենս, Շիբեր:

«Բորուսիա» Լանգերակ, Շմելցեր, Հումելս, Սուբոտիչ, (Նուրի Շահին, 83), Պիշչեկ, Կել (Ռամոս,46), Գյունդոգան, Բենդեր, Մխիթարյան (Բլաշչիկովսկի, 35), Օբամեյանգ, Իմոբիլե:

Պեպ Գվարդիոլան գոհ է «Բավարիայի» խաղից

15-րդ տուրում Մյունխենի «Բավարիան», վերացնելով եւս մեկ խոչընդոտ, ամրապնդեց առաջատարի դիրքը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում՝ 39 միավոր:

«Աուգսբուրգ» - «Բավարիա»՝ 0:4

Գերմանիայի չեմպիոններրը շարունակում են հաղթարշավը` ճանապարհին ոչնչացնելով բոլոր մրցակիցներին:

Մյունխենցիներն իրենց բնորոշ հարձակողական խաղ սկսեցին հանդիպման հենց մեկնարկային րոպեներից: Առաջին խաղակեսում սակայն չեմպիոններին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը, եւ չնայած եղած հնարավորություններին` «Աուգսբուրգի» ֆուտբոլիստներին նույնպես չհաջողվեց բացել հաշիվը:

Երկրորդ խաղակեսում մյունխենցիներն ավելի արդյունավետ դասավորեցին ճնշման գոտիները եւ սկսեցին էլ ավելի ակտիվ գրոհել: 58-րդ րոպեին հյուրերiն հաջողվեց բացել հաշիվը. Մեհդի Բենատիան, օգտագործելով Ֆրանկ Ռիբերիի հիանալի փոխանցումը, գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը` չտալով դարպասապահին  հետ մղելու ոչ մի շանս: Հաջորդ գոլն ընդամենը մեկ րոպե անց էր: Այս անգամ Արյեն Ռոբենն է գրավում դարպասը իր դասական հարվածով:

Նման շրջադարձից հետո աուգսբուրգցիներն ակնհայտորեն թեւաթափ եղան եւ սկսեցին նկատելի սխալներ թույլ տալ: 68-րդ րոպեին «Աուգսբուրգի»  համար իրավիճակը փոխելու հավանականությունը վերացրեց Ռոբերտ Լեւանդովսկին. օգտագործելով Բաստիան Շվայնշտայգերի փոխանցումը, նա եւս մեկ անգամ գրավեց «Աուգսբուրգի» դարպասը` տալով իր թիմին 3:0 առավելություն:  Իսկ 71-րդ րոպեին Արյեն Ռոբենը ձախ ոտքի հիանալի հարվածով եւս մեկ անգամ գրավեց դարպասը` գրանցելով դուբլ՝ 4:0:

Մարզիչների մեկնաբանությամբ

Գրանցված հաշվից գոհ Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շնորհավորեց իր թիմին հաջող խաղի կապակցությամբ. «Ես ուրախ եմ, որ նման դրական արդյունքներով ենք եզրափակելու տարին: Անկասկած, արդյունքները լավն են, սակայն դա դեռ չի նշանակում, որ չէինք կարող ավելի լավ խաղալ»:

Ինչ վերաբերում է օրվա խաղին, ապա Գվարդիոլան եւս մեկ անգամ շեշտեց, որ իր տղաներին հաջողվել է իսկապես ուժեղ մրցակցի դեմ նման խոշոր հաշիվ գրանցել:

«Աուգսբուրգի» գլխավոր մարզիչ Մարկուս Վայնցիրլը նույնպես գոհ էր իր թիմի խաղից. «Կարծում եմ` այս խաղից հետո ակնհայտ է, թե ինչու ենք մենք լավագույն եռյակում. իմ  թիմը հիանալի դիմադրություն ցույց տվեց առաջին խաղակեսում»:

«Աուգսբուրգ» - «Բավարիա»՝ 0:4

Մեհդի Բենատիա, 58, Արյեն Ռոբեն, 59, 71, Ռոբերտ Լեւանդովսկի, 68

«Աուգսբուրգ». Մանինգեր, Բաբա, Կլավան, Հոն, Վերհագ, Բայեր, Վերներ  (Էսվայն, 70), Ալտինտոպ (Կոր, 73), Ֆոյլներ, Բոբադիլյա, Զուրջիչ (Մյոլդերս, 64)

«Բավարիա». Նոյեր, Ռաֆինյա, Բենատիա, Բոատենգ, Բերնատ, Ալոնսո (Գյոտցե, 74), Ռոդե, Շվայնշտայգեր (Հեյբյերգ 72), Ռոբեն (Մյուլեր, 77), Ռիբերի, Լեւանդովսկի:

Ուրսուլա Շիքս

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում