03:54  ,  13 դեկտեմբերի, 2014

«Բորուսիայի» բեռլինյան փորձությունը՝ Մխիթարյանի անարդյունավետ շարքի ընդհատման հույսով

Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում կմրցեն Բունդեսլիգայի երկու ճգնաժամային ակումբներ Դորտմունդի «Բորուսիան» եւ Բեռլինի «Հերտան»: Երկու թիմերն էլ կպայքարեն միավորների եւ Բունդեսլիգայի աղյուսակում հաստատուն դիրք ապահովեու համար: Երկու թիմերն էլ կանգնած են Բունդեսլիգայից դուրս մնալու վտանգավոր եզրագծին:

«Բորուսիա»

Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է պայքարը մրցաշարային աղյուսակի վտանգավոր տեղերից դուրս գալու համար: Յուրգեն Կլոպի թիմը կարողացավ զգալիորեն բարելավել խաղը, իսկ նախորդ տուրում նաեւ վերջապես հաղթանակեց: 14-րդ տուրում դորտմունդցիները հյուրնկալեցին «Հոֆենհայմին»  եւ կարողացան հաղթանակ տանել նվազագույն հաշվով: «Բորուսիայի» համար այդ հաղթանակը հիշարժան էր` լինելով ընդամենը չորրորդն ընթացիկ առաջնությունում:

Այժմ Գերմանիայի փոխչեմպիոնները մրցաշարային աղյուսակի վերջին տեղից բարձրացել են 14-րդ տեղ եւ շարունակում են պայքարել Բունդեսլիգայից դուրս չմնալու համար:

Ինչ վերաբերում է թիմի մեկնարկային կազմին, ապա Յուրգեն Կլոպը լուրջ փոփոխություն է կատարել: Արդեն երկու խաղ է «Բորուսիայի» 34-ամյա դարպասապահ Ռոման Վայդենֆելերը մնացել է պահեստային կազմում: Հայտնի դարպասապահին փոխարինել է 26-ամյա ավստրալացի  Միտչել Լանգերակը, եւ ըստ Կլոպի՝ հաջորդ երեք տուրերում նույնպես Վայդենֆելերին կփոխարինի Լանգերակը, ով «Բորուսիայում» է 2010-ից:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղը «Բորուսիայի» մեկնարկային կազմում չի վիճարկվում, թեեւ գոլային պահերի իրացման հետ խնդիրները շատ են:

«Հերտա»

«Հերտան» նույնպես չի փայլել ընթացիկ մրցաշրջանում եւ «Բորուսիայի» նման գոյատեւման պայքար է մղում: Մրցաշրջանի մեկնարկից այս թիմը գրանցել է նույն արդյունքը, ինչ այսօրվա մրցակից Դորտմունդի «Բորուսիան».  14  տուրերի ընթացքում հավաքել է ընդամենը 14 միավոր` գրանցելով 4  հաղթանակ, 2 ոչ ոքի, 8 պարտություն եւ այդ անմխիթար արդյունքով 15-րդ տեղում է:

Միայն Բրեմենի «Վերդերն» ու «Շտուտգարտն» են ավելի շատ գոլեր բաց թողել, քան «Հերտան» (26 գնդակ).

«Հերտան» սակայն բավական լավ պատմություն ունի «Բորուսիայի» դեմ խաղերում.  «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում անցկացրած նախորդ երկու խաղերում էլ հաղթել է 2:1 հաշվով:

Մարզիչների մեկնաբանությունը

Բորուսիայի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մամուլի ասուլիսում շեշտեց «Հերտայի» դեմ խաղի կարեւորությունը. «Մենք այժմ պայքարում ենք Բունդեսլիգայից դուրս չմնալու համար: Մենք քաջածանոթ ենք մեր խնդիրներին եւ այս խաղում ամեն ինչ անելու ենք մեր դիրքը բարելավելու ուղղությամբ»:
Սակայն ըստ Կլոպի՝ խաղն իսկապես բարդ է լինելու, քանի որ մրցակիցն էլ կանգնած է Բունդեսլիգայից դուրս մնալու եզրին:

Ինչ վերաբերում է «Բորուսիայի» մարզավիճակին եւ խաղին` նա ասաց. «Ես դրական փոփոխություն եմ նկատում, սակայն պետք է դառնալ առավել հետեւողական եւ հնարավորինս քիչ սխալներ թույլ տալ»:

«Հերտայի» գլխավոր մարզիչ Յոս Լուհուկայը դժկամորեն էր խոսում ասուլիսի ժամանակ. «Կարիք չկա նշելու խաղի կարեւորությունը, մրցաշարային աղյուսակի արդյունքները կարդալ կարող են բոլորը»:

Այնուհետեւ նա ասաց, որ իր թիմն ու ինքը խաղին գնալու են միավորներ կորզելու նպատակով. «Մենք պետք է մեկընդմիշտ հասկականք, որ սխալվելու հնարավորություններ մեզ այլեւս չեն մնացել, ամեն խաղը որոշիչ է մեր դիրքում գտնվող ակումբի  համար»:

Հավանական մեկնարկային կազմերը

«Բորուսիա». Լանգերակ -  Պիշչեկ, Սուբոտիչ, Հումելս, Շմելցեր -  Գյունդոգան, Կել - Մխիթարյան, Կագավա, Գրոսկրոյց - Իմոբիլե:

«Հերտա».  Քրաֆթ - Նդյենգ, Հեգելեր, Բրուքս, Շուլց - Հոսոգայ, Շելբրեդ- Բերենս, Շտոկեր, Բեն-Հատիրա – Կալու:

Դեկտեմբերին 13-ին Բեռլինում կայանալիք «Հերտա» - «Բորուսիա Դ.» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:30-ին: Բուքմեյքերները վստահ են, որ հաղթելու է դորտմունդյան ակումբը՝ 1.62: Ոչ ոքին ստացել է 4.00, «Հերտայի» հաղթանակը՝ 5.50 գործակիցը:

Բունդեսլիգայի անպարտելի առաջատար «Բավարիան» 15-րդ տուրում կհյուրընկալվի «Աուգսբուրգին»:

«Բավարիա»

Մյունխենյան սուպերակումբը հարմարավետ տեղավորել է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում եւ երկրորդ տեղում ընթացող «Վոլֆսբուրգի» նկատմամբ 7 միավորի առավելությունը միայն ավելացնելու միտումներ է ցուցադրում:

Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ թիմն իսկապես տպավորիչ է սկսել մրցաշրջանը` 14 տուրերի ընթացքում գրանցելով 11 հաղթանակ, 3 ոչ ոքի եւ ոչ մի պարտություն:

Մյունխենցիներին հաջողվել է 33 գոլ գրանցել, նման ցուցանիշ Բունդեսլիգայի ոչ մի այլ ակումբ չունի: «Բավարիայի» դարպասը մրցակիցներին հաջողվել է գրավել ընդամենը 3 անգամ: Բացահայտ է, որ «Աուգսբուրգին» բարդ խաղ է սպասվում:

Պեպ Գվարդիոլան ուրախ է Բաստիան Շվայնշտայգերի վերադարձով, իսկ կիսապաշտպանն իր հերթին ուրախ է ապաքինման կապակցությամբ եւ համոզված է, որ շուտով կլինի անթերի մարզավիճակում: 

«Աուգսբուրգ»

«Աուգսբուրգի» խաղը մրցաշրջանում պակաս տպավորիչ չէ: Նախորդ 4 տուրերում նրանք միայն հաղթել են եւ այդ ընթացքում միայն երկու գնդակ են բաց թողել:

«Աուգսբուրգը» 24 միավորով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է, ինչն ակումբի պատմության մեջ լավագույն արդյունքն է:

Հետաքրքիր է, որ անցած մրցաշրջանում հենց «Աուգսբուրգը» կարողացավ պարտության մատնել Մյունխենի հսկաներին: Այդ խաղում «Աուգսբուրգի»  հարձակվող Սաշա Մյոլդերսը գրավեց մյունխենցիների դարպասը, հետո նրանց հաջողվեց պահպանել առավելությունը մինչեւ խաղի ավարտը:

Մյունխենի «Բավարիայի» ինքնավստահ իսպանացի մարզիչի կարծիքով իր թիմին հաղթելը ավելի քան դժվար է. «Դե ինչ, ես ակնկալում եմ եւս մեկ հաղթանակ»:

«Աուգսբուրգի» գլխավոր մարզիչ Մարկուս Վայնցիրլը կարծում է, որ իր տղաները կարող են զարմացնել ինքնավստահ մրցակցին. «Մյունխենցիներն անխոս առաջատար են, բայց մենք ջանք չենք խնայելու այս տուրում նրանց զարմացնելու համար»:

Հավանական մեկնարկային կազմերը

«Աուգսբուրգ».  Մանինգեր, Վերհագ, Կալսեն-Բրաքեր, Կլավան, Բաբա, Բայեր, Բոբադիլյա, Կոր, Հալիլ Ալտինտոպ, Վերներ, Ջուրջիչ:

«Բավարիա». Նոյեր – Բերնատ, Դանթե, Բոատենգ, Ռաֆինյա – Ալոնսո – Ռիբերի, Ռոբեն, Գյոտցե  – Լեւանդովսկի, Մյուլեր:

Դեկտեմբերի 13-ին կայանալիք «Աուգսբուրգ» - «Բավարիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:30-ին: Բուքմեյքերները չեն կասկածում, որ կհաղթի «Բավարիան»՝ 1.33: «Աուգսբուրգի» հաղթանակն ունի 9.50 գործակիցը, ոչ ոքին՝ 5.25:

Ուրսուլա Շիքս

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով