Քանի որ նոյեմբերի 7-ին կայացած Ռոբերտ Շտիգլից - Ֆելիքս Շտուրմ մենամարտում հաղթող չեղավ, իմ հաջորդ մրցակիցը կլինի Փոլ Սմիթը, ում հետ մենամարտել էի սեպտեմբերի 27-ին: Սմիթի դեմ մենամարտը տեղի կունենա 2015 թվականի փետրվարի 21-ին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ով սեպտեմբերին կայացած չեմպիոնի տիտղոսի պաշտպանության մենամարտում հաղթել էր Սմիթին։
Արթուր, Շտիգլից - Շտուրմ մենամարտին ներկա ես եղել նաեւ դու: Ինչպե՞ս կմեկնաբանես այս մենամարտը:
Ուժեղ մենամարտ էր, երկուսն էլ լավ, դիտարժան բռնցքամարտ ցուցադրեցին:
Նշել էիր, որ կցանկանայիր Շտուրմի հաղթանակը: Ո՞վ էր արժանի հաղթանակի, թե՞ իսկապես հավասար պայքար էր:
Հաղթանակի արժանի էր Շտուրմը, եւ ինձ համար նա է հաղթել այդ մենամարտում:
Դու արդեն ծանոթ ես Շտիգլիցի մարտավարությանը, մրցելաոճին։ Շտուրմի հետ մենամարտում որեւէ փոփոխություն նկատեցի՞ր։
Ամեն մարզիկի հետ մենամարտելու համար ոճ է մշակվում: Ակնհայտ էր, որ Շտիգլիցը լուրջ եւ երկար է պատրաստվել այդ մենամարտին:
Շտիգլից - Շտուրմ զույգից ո՞ւմ հետ կցանկանայիր մենամարտել: Ո՞վ է քեզ համար ավելի ուժեղ:
Ես խնդիր չունեմ, պատրաստ եմ մենամարտել երկուսի հետ էլ: Երկուսն էլ ուժեղ են յուրովի:
Նախանշված էր, որ այս մենամարտի հաղթողը լինելու էր հունվարին կայանալիք քո հերթական մենամարտի մրցակիցը: Ո՞վ կլինի քո մրցակիցը այս դեպքում:
Պայմանավորվածություն կա, որ իմ առաջիկա մրցակիցը կլինի Փոլ Սմիթը, ում հետ ես մենամարտեցի սեպտեմբերի 27-ին եւ հաղթեցի նրան: Մենամարտը կկայանա 2015թ. փետրվարի 21-ին Բեռլինի O2 World մարզապալատում: Մեր պրոմոուտերների համաձայնության արդյունքում որոշվեց, որ իմ հաջորդ մրցակիցը կրկին կլինի Փոլ Սմիթը: Այս անգամ եւս հետաքրքիր եւ դիտարժան մենամարտ է սպասվում:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում