09:28  ,  29 նոյեմբերի, 2014

ՀԳՖ նախագահ. Հայաստանը երկար տարիներ անց գրանցեց ցնցող արդյունք գեղասահքում

Առաջին անգամ Հայաստանը երկար տարիներ անց գրանցեց ցնցող արդյունք գեղասահքում, զբաղեցնելով երկրորդ տեղ միջազգային մրցաշարում: Գեղասահքի մեծահասակների աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա ներկայացուցիչ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը:

Նշենք, որ Վարշավայում կայացած գեղասահքի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը զբաղեցրել է երկրորդ տեղը:

Տիկին Մելանյա,երկար դադարից հետո հայկական գեղասահքը հաջողություն է գրանցում միջազգային մրցաշարում՝ երկրորդ տեղ: Ինչպե՞ս կգնահատեք Անաստասիայի ելույթը։

Սա ցնցող արդյունք է, որին սպասել ենք բավական երկար ժամանակ։ Այսքան տարի չենք ունեցել նման արդյունք հայկական գեղասահքում։ Ուրախ եմ, որ սառույցը կոտրվել է եւ մենք արդեն ունենք լավ արդյունքներ։

Աղջիկների մեջ նման արդյունք, այդքան վարկանիշային միավորներ չէինք ունեցել երկար ժամանակ։ Ես 2012 թվականից եմ ֆեդերացիայի նախագահ, մինչ այդ եւ դրանից հետո էլ մենք այսպիսի բարձր արդյունք չէինք ունեցել։ Շատ ուրախ եմ մեր այս նվաճման համար։

Անաստասիա Գալուստյանն ինչպե՞ս է համալրել գեղասահքի Հայաստանի հավաքականը։

Անաստասիա Գալուստյանը 15 տարեկան է, Մոսկվայից։ 5 տարեկանից զբաղվում է գեղասահքով։ Մարզվում է Մոսկվայում, եւ առհասարակ մեր գրեթե ամբողջ հավաքականը մարզվում է դրսում, մասնավորապես Մոսկվայում, այդ թվում եւ Սլավիկ Հայրապետյանը։

Արդեն երրորդ տարին է Անաստասիան համալրել է Հայաստանի հավաքականը։ Նա մեր նախկին գեղասահորդներից մեկի դուստրն է։ Ես Անաստասիա Գալուստյանի հայրիկի հետ մարզվել եմ երիտասարդ տարիներին։ 

Անաստասիայի մարզիչները նրա ծնողներն են։ Նրանց լավ աշխատանքի արդյունքում այսօր Հայաստանը երկրորդն էր այդ միջազգային մրցաշարում։

Վարշավայի մրցաշարի մասին ի՞նչ կասեք։ Վարկանիշայի՞ն էր։

Միջազգային մրցաշար էր, վարկանիշային։ Այս մրցաշարը հնարավորություն էր տալիս 2015-ին Չինաստանում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնության վարկանիշ ձեռք բերել։ Անստասիան այնքան բարձր միավորներ է վաստակել, որ բոլոր մրցաշարերի, այդ թվում եւ մեծահասակների աշխարհի առաջնության վարկանիշներն ունի։ Մեծերի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար շատ բարձր վարկանիշ պետք է ունենաս: Եվ այսօր մենք արդեն ունենք մասնակցության իրավունքը, վարկանիշները ձեռք ենք բերել։ Հպարտ եմ, որ Անաստասիա Գալուստյանին հաջողվել է հավաքել այս միավորները։

Իսկ ի՞նչ ակնկալիքներ կան աշխարհի առաջնությունից։

Այս մրցաշարից հետո արդեն հավատը, հույսը կա, որ նա կարող է բարձր տեղ գրավել։ Բայց կա մի խնդիր։ Քանի որ մենք միջազգային մրցավարներ չունենք, սովորաբար մրցաշարերի ժամանակ կանգնում ենք խնդրի առաջ։ Յուրաքանչյուր երկիր գրեթե ունի իր մրցավարը միջազգային խոշոր մրցաշարերում եւ ամեն մրցավար ձգտում է իր երկրի ներկայացուցիչին առաջ մղել։ Սա նորմալ երեւույթ է, ինչի արդյունքում միշտ մեր երեխաները տուժում են։ Մինչեւ մենք չունենանք միջազգային կարգի մրցավար, համապատասխան մրցավարներ միջազգային մրցասպարեզներում, մեր երեխաները միշտ կմնան երկրորդ-երրորդ պլանում։ Եթե մրցավարներ չունենք, ուրեմն 10 գլուխ պետք է բարձր լինենք մասնակից երկրների ներկայացուցիչներից։ Մենք աստիճանաբար փորձում ենք հասնել դրան, որ մրցավարական խնդիրը մեզ չխոչընդոտի։ Վարշավայի մրցաշարում Անաստասիա Գալուստյանը 9 գլուխ բարձր էր, որ երկրորդ տեղը գրավեց եւ արդարացի վաստակեց իր մրցանակային տեղը։ Նա հեռու չէր առաջին տեղից։ Շատ քիչ բալերով զիջեց առաջին տեղին։ Տարբերությունը մեծ չէր։

Ասացիք, որ ինչպես Անաստասիան, այնպես էլ հավաքականի մեծ մասը մարզվում են Մոսկվայում: Դուք ինչպե՞ս եք այստեղից վերահսկում հավաքականի մարզումները:

Անաստասիան դրսում է մարզվում, քանի որ իրենք ընտանիքով են տեղափոխվել Մոսկվա, այնտեղ են բնակվում: Ես ժամանակ առ ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչի հետ մեկնում եմ Մոսկվա, հետեւում մեր երեխաների մարզումներին, իսկ սահադաշտի շրջանի բացման հետ մեր բոլոր երեխաները վերադառնում են Երեւան եւ մարզումները շարունակում ենք այստեղ: Անաստասիան էլ բոլորի պես գալիս է այստեղ եւ շարունակում իր մարզումները: Հուսանք, որ դեկտեմբերին կբացվի սահադաշտը եւ գեղասահքի հավաքականը կվերսկսի իր բնականոն մարզումները: Մեզ այդպիսի հույսեր են տվել, որ սահադաշտը շուտով կգործի:

Առաջիկայում ի՞նչ մրցաշարերի է նախապատրաստվում Հայաստանի հավաքականը:

Դեկտեմբերին ունենք եւս մեկ միջազգային մրցաշար Տալինում, որին կրկին Հայաստանը կներկայացնի Անաստասիա Գալուստյանը, նաեւ Սլավիկ Հայրապետյանը: Այս մրցաշարով, որը եւս վարկանիշային է, 2014 թվականը կփակենք: 2015 թվականը կմեկնարկենք Բրատիսլավայում կայանալիք միջազգային մրցաշարով, ապա Անաստասիա Գալուստյանը Ավստրիայում կմասնակցի Օլիմպիական օրերին, իսկ արդեն հունվարի վերջին Անաստասիա Գալուտյանը եւ Սլավիկ Հայրապետյանը կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի Շվեդիայում:

Այս տեպմերով հնարավո՞ր է Անաստասիա Գալուտյանին եւ Սլավիկ Հայրապետյանին տեսնենք 2018թ. Օլիմպիական խաղերում։ Կկարողանա՞ն նրանք օլիմպիական ուղեգիր նվաճել:

Մեծ հույսեր եմ կապում, տեսնենք՝ ինչպես կստացվի: Առաջ չընկնենք, բայց հույս ունեմ, ակնկալում եմ այդ հաջողությունը:  

Մեր նախորդ զրույցում նշեցիք, որ շուտով Հայաստանը կունենա ներկայացուցիչներ նաեւ զուգապարում։ Ո՞ր փուլում են այդ աշխատանքները եւ առաջիկայում  ո՞ր մրցաշարում Հայաստանը կունենա ներկայացուցիչ։

Մենք արդեն ունենք մեր զույգը՝ Թինա Գարաբեդյան - Ալեքսանդր Լալիբետրե: Մեր զույգն արդեն սկսել է մրցելույթները: Սեպտեմբերին մասնակցեցին Գրան Պրիի եւ զբաղեցրին  7-րդ տեղը: Սա սկզբի համար շատ լավ արդյունք է: Արդեն Հայաստանը եւս կունենա իր ներկայացուցիչներին զուգապարի մրցաշարերում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով