09:49  ,  29 նոյեմբերի, 2014

«Հերտա» - «Բավարիա». Մյունխենցիները՝ «ուսուցողական պարտությունից» հետո

Բունդեսլիգայի 13-րդ տուրում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» նոյեմբերի 29-ին կմրցի Բեռլինի «Հերտայի» հետ: Այս խաղին մյունխենցիները կներկայանան Չեմպիոնների լիգայում առաջին պարտությունը կրած՝ «Մանչեսթեր Սիթիից», սակայն այդ փաստը բեռլինցիներին քիչ է հուսադրում:

Մյունխենի «Բավարիա»

Նոյեմբերի 25-ին «Էթիհադ» ստադիոնում «Մանչեսթր Սիթիի» հետ խաղում մյունխենցիները անհավանական պարտություն կրեցին:

«Բավարիայի» հսկաները Գերմանիայի մայրաքաղաք են ուղեւորվում անգլիական ակումբից կրած 2:3 հաշվով պարտության բեռն ուսերին: Պեպ Գվարդիոլան այդ պարտությունը որակեց որպես իր թիմի համար շատ «ուսուցողական» դաս: Հիշեցնենք, որ այդ խաղում «Բավարիան» 20-րդ րոպեին Բենատիայի հեռացումից հետո կարողացավ Ալոնսոյի եւ Լեւանդովսկու գոլերի շնորհիվ առաջ անցնել հաշվի մեջ՝ 2:1: Սակայն վերջին 6 րոպեում մյունխենցիները Ագուերոյին հնարավորություն տվեցին եւս երկու գնդակ խփել եւ ապահովել «Սիթիի» հաղթանակը՝ 3:2:

Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը` «Վոլֆսբուրգի» նկատմամբ 7 միավորի առավելությամբ գլխավորող Մյունխենի «Բավարիան» ակնհայտորեն հավակնում է ամրապնդել իր առաջատար դիրքը՝ 12 խաղում 30 միավոր, ոչ մի պարտություն:

Մյունխենցիները շարունակում են խաղալ առանց թիմի ավագ Ֆիլիպ Լամի, եւ վնասվածքների պատճառով խաղից բացակայողների ցանկը բավական երկար է: Սակայն Պեպ Գվարդիոլայի համար ուրախանալու առիթ էլ կա. թիմի առաջատար խաղացող Բաստիան Շվայնշտայգերը երկար բացակայությունից հետո վերադարձրել է գլխավոր դերերից մեկը:

Բեռլինի «Հերտա»

Բեռլինի «Հերտան» բավական բարդ վիճակում է եւ պայքարում է մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում: Նրանք 14 միավորով 13-րդ տեղում են:

«Հերտայի» համար Մյունխենի հսկաների դեմ խաղը ավելի քան բարդ է լինելու: Նախորդ տուրում նրանք մի քանի պարտություններից հետո գրանցեցին 2:1 հաշվով հաղթանակը «Քյոլնի» նկատմամբ:

Սակայն, երբ մրցակիցը «Բավարիան» է, բեռլինցիներին պայքարելուց բացի քիչ բան է մնում. երկու թիմերի նախորդ 21 հանդիպումներից միայն մեկում է «Հերտային» հաջողվել պարտության մատնել «անպարտելի» մրցակցին:

«Հերտայի» ընդհանուր կադրային վիճակը բավական լավ է, եւ ըստ թիմի մարզիչի` խաղից կբացակայեն միայն ծանր վնասվածքներից հետո տեւական բուժման մեջ գտնվող խաղացողները:

Բեռլինի «Հերթայի» գլխավոր մարզիչ Յոս Լուհուկայը կարծում է, որ իր թիմի համար կարեւորը ուժ ու եռանդ չխնայելն է.  «Պատրաստվում ենք ամբողջ եռանդով խաղալ` մեզ համար դրական վերջնարդյունքի հույսով»:

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր թիմին նոր ձախողման իրավունք չի տալիս. «Հաշված տուրեր են մնացել ձմեռային ընդմիջմանը: Մենք պետք է շարունակենք խաղալ նույն նպատակասլացությամբ եւ ամրապնդենք մեր դիրքն առաջին տեղում»:

Հավանական մեկնարկային կազմերը

«Հերտա».  Քրաֆթ - Նդյենգ, Հեգելեր, Բրուքս, Շուլց - Հոսոգայ, Շելբրեդ- Բերենս, Շտոկեր, Բեն-Հատիրա – Կալու :

«Բավարիա». Նոյեր - Ռաֆինյա, Բոատենգ, Դանթե, Բերնատ – Ալոնսո -Մյուլեր, Ռոդե, Գյոտցե, Ռիբերի - Լեւանդովսկի:

«Հերտա» - «Բավարիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:30-ին: Բուքմեյքերները չեն կասկածում հյուրերի հաղթանակին. «Բավարիայի» հաղթանակի գործակիցը 1.18 է, ոչ ոքին ստացել է 7.50 գործակիցը, իսկ «Հերտայի» հաղթանակինը՝ 15.00:

Ուրսուլա Շիքս

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով