21:32  ,  28 նոյեմբերի, 2014

Ավետիք Վարդանյան. Հավաքականներում սերնդափոխություն է

Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն աստիճանաբար աճում է։ Երիտասարդների եւ մեծահասակների հավաքականներում սերնդափոխություն է։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը:

Նոյեմբերի 28-29-ը Երեւանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվում է ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների 18-րդ բաց մրցաշարը՝ նվիրված ԽՍՀՄ սպորտի վարպետ, միջազգային մրցաշարերի հաղթող Գագիկ Առաքելյանի հիշատակին։

Պարոն Վարդանյան, ի՞նչ մրցաշար է սա, քանի ըմբիշ է մասնակցում հուշամրցաշարին։

Մրցումներին մասնակցում է ամբողջ երիտասարդ հավաքականը, բացի 6 ըմբիշից, ովքեր երեկ են վերադարձել Կրանսոդարում կայացած միջազգային մրցաշարից։ Այսօր դեռեւս առաջին օրն է։ Հուշամրցաշարը կտեւի երկու օր՝ նոյեմբերի 28-29-ը։ Այսօր մրցագորգ են դուրս եկել 50, 60, 74, 96 կգ քաշային կարգերի մարզիկները։

Դեռեւս որեւէ անակնկալ չկա, այս մրցաշարով նոր հավաքական չենք կազմելու, սա ավելի շատ ամբողջական պատկեր ունենալու, փորձ ձեռք բերելու համար է։ Մրցաշարը նվիրված է ԽՍՀՄ սպորտի վարպետ Գագիկ Առաքելյանի հիշատակին։ Անցկացնում ենք արդեն 18-րդ անգամ։ Նպատակ ունենք նման հուշամրցաշարերով մեր ըմբիշներին եւս մեկ անգամ մրցելու, ուժերը փորձելու հնարավորություն տալ, բացի այդ նաեւ այսկերպ վառ պահելու մեր սպորտի վարպետների հիշատակը։ Նրանք այս մրցաշարերի միջոցով նաեւ կճանաչեն մեր նախկին ըմբիշներին, ովքեր իրենց անցած ճանապարհով լավ օրինակ են մեր այսօրվա երիտասարդների համար։

Ներկայիս հավաքականից մեծերի հավաքական համալրում չենք կատարի, քանի որ արդեն ունեցել ենք ընտրական մրցաշար հոկտեմբերին Արտաշատում։ Այդ մրցաշարի արդյունքների շնորհիվ կազմել ենք երիտասարդական հավաքականի անելիքները մինչեւ 2015 թվականի Հայաստանի առաջնությունը։ Ի տարբերություն նախորդ ընտրական մրցաշարի, այս մրցաշարում պարտադրել ենք, որ մասնակցեն հավաքականի բոլոր անդամները։

Ինչպիսի՞ն է երիտասարդների ներուժը:

Ընդհանուր առմամբ գնահատականս բավարար է։ Ունենք նորեկներ հավաքականում։ Պատանիների հավաքականից երիտասարդների հավաքական են տեղափոխվել 2014 թվականի պատանիների Եվրոպայի առաջնության, պատանեկան Օլիմպիական խաղերի մրցանակակիրները։ Առայժմ նրանք չեն փայլել այս երկու մրցաշարերում։ Մինչեւ այս հուշամրցաշարի ավարտը դեռեւս ժամանակ ունենք եւ արդեն այս հուշամրցաշարից հետո կարող ենք որոշակի պատկերացում կազմել երիտասարդական հավաքականի ներուժի մասին, ինչպես նաեւ նորեկների ելույթները եւ դրսեւորումները երիտասարդական հավաքականի կազմում։

Պատանիներն արդեն համալրում են երիտասարդական հավաքականը, իսկ երիտասարդական հավաքականից ովքե՞ր են պատրաստ համալրել մեծահասակների հավաքականը։

Արդեն ունենք երիտասարդներ, ովքեր համալրել են մեծահասակների հավաքականը. Գրիգոր Գրիգորյանը, ով Եվրոպայի մեծահասակների առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ, երիտասարդներից մեծահասակների կազմ է տեղափոխվել Վոլոդյա Ֆրանգուլյանը, ով երիտասարդների հավաքականում Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր է, իսկ այս տարի արդեն նա մեծահասակների կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը։ Սա նորմալ գործընթաց է։ Սերնդափոխություն է տեղի ունենում երկու հավաքականներում էլ:

Նշեցիք, որ երիտասարդներից 6 ըմբիշ նոր են վերադարձել Կրասնոդարում կայացած միջազգային մրցաշարից։ Ի՞նչ մրցաշար էր, ի՞նչ արդյունքներով են վերադարձել երիտասարդ ըմբիշները։

Կրասնոդարում կայացավ միջազգային մրցաշար, որին մասնակցել ենք 6 ըմբիշներով։ Չնայած Կրանսոդարի միջազգային մրցաշարը մեծահասակների էր, բայց մարզչական կազմով եկանք այն որոշման, որ այս մրցաշարում երիտասարդներին հնարավորություն տանք ուժերը չափել, հաշվի առնելով այն փաստը, որ մեծահասակները շատ մրցաշարերի են մասնակցում տարվա ընթացքում։ Մրցաշարին մասնակցում էին Հյուսիսային Կովկասի գրեթե բոլոր թիմերը։ Մեր թիմը հանդես եկավ 6 ըմբիշներով, ովքեր Արտաշատում կայացած ընտրական մրցաշարում լավագույնն էին ներկայացել։ Սա լավագույն հնարավորությունն էր փորձի փոխանակման, միջազգային մրցաշարերում հանդես գալու փորձ ձեռք բերելու համար։ Ունեցանք մեկ մեդալ՝ բրոնզ, որը նվաճեց Արեն Ալեքյանը։ Մյուս ըմբիշները լավ ներկայացան, հաջող եւ գրագետ գոտեմարտեր անցկացրին։ Կարեւորն այն է, որ կարողացան իրենց դրսեւորել մեծահասակների մեջ։ 

Լուսինե Շահբազյան (ֆոտո՝ NEWS.am Sport)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով