18:58  ,  28 նոյեմբերի, 2014

Դավիթ Թորոսյան. Բոլոր քաշային կարգերում էլ խնդիրներ ունենք

Ես չէ, որ պետք է գնահատեմ իմ՝ հավաքականի գլխավոր մարզչիս մեկ տարվա կատարած աշխատանքը։ Միայն արդյունքների շնորհիվ համապատասխան մարդիկ թող տան իրենց գնահատականը, թե որքանով է հաջողվում իմ առջեւ դրված խնդիրները լուծել։ Բոլոր 10-ը քաշային կարգերում էլ խնդիրներ ունենք։ Շատ աշխատանք ունենք դեռ անելու։ Միայն հաջորդ տարի նոր ինձ համար պարզ կդառնա, թե ովքեր կարող են հավակնել Ռիո-2016-ի ուղեգրերին։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը:

Պարոն Թորոսյան Վաչիկ Մկրտչյանի անվան մրցաշարի արդյունքներով պետք է ձեւավորվի Հայաստանի հավաքականը։ Ձեզ գոհացրեցի՞ն հավաքականի անդամների ելույթները եւ ցույց տված արդյունքները։

Հետաքրքիր արդյունքներ եղան, որոնք ինձ եւ ուրախացրեցին եւ մտածելու տեղիք տվեցինք։ Բացահայտումները երիտասարդական հավաքականի տղաներն էին, ովքեր իրենց փայլուն դրսեւորեցին ռինգում եւ պարտության մատնեցին մեր ուժեղագույն բռցնքամարտիկներին։ Մասնավորապես, երկու երիտասարդներ ինձ շատ ուրախացրեցին՝ նվաճելով հաղթողի կոչումները՝ 49 կգ քաշային կարգում գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը եւ 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը։ Ուրախալի փաստ է, որ 17-18 տարեկան երիտասարդներն արդեն իրենց ուժերը չափում են մեծահասակների հետ եւ ավելին՝ առավելության հասնում հավաքականի առաջատարների նկատմամբ։

Հավաքականի լիդերներից ոմանք պարտվեցին առաջին իսկ մենամարտերում: Սա նշանակում է առողջ մրցունակություն։ Նորմալ է, պետք է այդպես լինի։ Մենք ունենք լավ հերթափոխ, տարբեր քաշային կարգերում արդեն ոչ թե մեկ-երկու բռնցքամարտիկ, այլ մի քանի։ Ինչ-որ տեղ հաճելի է, որ երիտասարդները առաջ են ընկնում հավաքականի լիդերներից, պարտության մատնում։ Եթե առաջատարները պարտվում են երիտասարդներին, նորեկներին, ուրեմն՝ բացթողումները բռնցքամարտիկինն են եւ նրա մարզիչինը։ Այս մրցաշարին մասնակցեցին բոլոր տարիքային խմբերի բռցնքամարտիկները, բացի պատանիներից։ Բայց հիմնական կազմը հավաքականի տղաներն էին։  Արդյունքներն արդեն պարզ են եւ շուտով նոր հավաքական կկազմենք եւ այդ հավաքականով կանցկացնենք մեր տարեվերջյան ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում։

Հավաքականի անդամ բռնցքամարտիկներն, ովքեր պայքարից դուրս մնացին Վաչիկ Մկրտչյանի անվան մրցաշարում, նոր կազմվող հավաքական ընդգրկվելո՞ւ են։

Կընդգրկվեն։ Հավաքականը 10 քաշային կարգերում կունենա 40 անդամ, այդ թվում եւ մրցաշարում պարտված բռնցքամարտիկները, ովքեր համարվում են հավաքականի լիդերները։ Նրանք դուրս չեն մնա հավաքականից։ Այս 40 մարզիկներով դեկտեմբերին կմեկնենք Ծաղկաձոր եւ կանցկացնենք մեր տարեվերջյան ուսումնամարզական հավաքը։

Այսօրինակ մրցումները որոշակի պարզաբանումներ մտցնում են հավաքականում, բայց վերջնական պատկերը չեն ընդգծում։ Հավաքների եւ միջազգային խոշոր մրցաշարերի ժամանակ է նոր պարզ դառնում՝ ով է արժանի մնալ եւ համալրել հավաքականը եւ ով ոչ։

Պարոն Թորոսյան, այսպիսի մրցաշարերը նաեւ որոշակիորեն բացահայտում են քաշային կարգերում առկա խնդիրները։ Հայաստանի հավաքականը ո՞ր քաշային կարգերում խնդիր ունի։

Իրականում մենք բոլոր քաշային կարգերում էլ խնդիրներ ունենք։ Չկա մի քաշային կարգ որ ասեմ՝ խնդիր չունենք, մարզիկներ ունենք՝ ուժեղ են, ուժեղ մրցակից են համարվում։ Առանձին քաշային կարգերում մրցակցություն կա, բայց խնդիրները շատ են։ Փոխարինողներ ունենք, բայց ոչ բոլորն են պատրաստ դուրս գալու միջազգային ռինգ, լավ մարզավիճակում չեն։ Ամեն մի քաշային կարգ ունի իր մանր-մունր խնդիրները։ Տարիքային խնդիրներ ունենք, ոմանք կոպիտ բռնցքամարտ են վարում, մի մասը տեխնիկական խնդիրների չի տիրապետում ռինգում։ Շատ են խնդիրները, որոնց վրա պետք է աշխատել այն էլ երկար ժամանակ։

Այս նոր կազմվող հավաքականից ո՞ւմ եք տեսնում Ռիո-2016-ի ուղեգրի հավակնորդ։

Դեռ չեմ կարող որեւէ մեկին առանձնացնել, քանի որ անելիքներ շատ կան։ Հաջորդ տարի արդեն պարզ կլինի, թե ով կկարողանա դառնալ Ռիո-2016-ի ուղեգրի հասցեատեր։ Դեռեւս ինձ համար շատ բան պարզ չէ։

Որպես հավաքականի գլխավոր մարզիչ՝ հաջողվո՞ւմ է լուծել Ձեր առջեւ դրված խնդիրները ։

Ես չէ, որ պետք է գնահատեմ իմ արած աշխատանքը։ Թող համապատասխան մարդիկ գնահատեն։ Արդյունքների վրա հիմնվելով միայն կարող եմ ասել, հաջողվում է արդյոք ինձ իրականացնել  հավաքականի գլխավոր մարզիչի առջեւ դրված խնդիրը։ Ես իմ աշխատանքին գնահատական չեմ տա։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով