18:34  ,  28 նոյեմբերի, 2014

Գյունդոգան. «Այնտրախտի» դեմ խաղը շատ ավելի կարեւոր է, քան Լոնդոնում կայացածը

Մինչեւ հիմա հաղթում էինք Չեմպիոնների լիգայում, եւ պարտվում Բունդեսլիգայում: Հույս ունենք, որ այժմ կլինի հակառակը: Այդ մասին ասել է Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Բունդեսլիգայի 13-րդ տուրի հանդիպումից առաջ:

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում գերմանական թիմը Լոնդոնում 0:2 հաշվով պարտվել էր «Արսենալին»: Երկու թիմերն էլ ապահովել են տեղը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում:

«Մենք չկարողացանք իրականացնել մեր ծրագրերը Լոնդոնում, եւ դա մեզ չարացրել է: Այժմ բոլորս ցանկանում ենք հաղթել մեզ համար ավելի կարեւոր խաղում: Հնարավոր է՝ բեկումնային պահն է արդեն»,- Գյունդոգանի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական էջը Թվիթերում:

«Այնտրախտ Ֆ.» - «Բորուսիա Դ.» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին: «Բորուսիան» 11 միավորով 16-րդ տեղում է, ֆրանկֆուրտյան ակումբը 15 միավորով 12-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով