Վերջին օրերին եվրոպական մամուլը, ֆուտբոլային փորձագետները, ֆուտբոլիստներն ու մարզիչները քննարկում են, թե ով պետք է այս տարի ստանա «Ոսկե գնդակը»: Մեծ մասը կիսվել է երկու բանակի՝ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եւ աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի կողմնակիցների:
Սակայն Mundo Deportivo պարբերականը 10 պատճառ է գտել, թե ինչու պետք է «Ոսկե գնդակին» արժանանա «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող, մրցանակի քառակի դափնեկիր Լիոնել Մեսին:
1. Մեսին գերազանցեց Տելմո Սարայի ռեկորդը՝ դառնալով Իսպանիայի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու:
2. Մեսին գերազանցեց Ռաուլի ռեկորդը՝ Չեմպիոնների լիգայի ռմբարկուների մրցավազքում դուրս գալով առաջին տեղ:
3. Մեսին ստացել է 2014թ. աշխարհի առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակը» եւ օգնել է Արգենտինայի հավաքականին դառնալ աշխարհի փոխչեմպիոն:
4. Մեսին եվրագավաթների պատմության մեջ լավագույն ռմբարկուն է:
5. Մեսին բոլորից շատ գոլային փոխանցում է կատարել՝ 52 գոլ, 21 գոլային փոխանցում, Ռոնալդուն ունի 55 գոլ, սակայն կատարել է 17 գոլային փոխանցում:
6. Մեսին ունի լավագույն միջին արդյունավետությունը Չեմպիոնների լիգայում՝ 0.81 (91 խաղում՝ 74 գոլ): Ռոնալդուի միջին արդյունավետությունը 0.65 գոլ է, Ռաուլինը եղել է՝ 0.50:
7. Մեսին դրսեւորում է օրինակելի վարք խաղադաշտում եւ առօրյա կյանքում:
8. 2014-ին նա 31 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող, չորս անգամ դարձել է հեթ-տրիկի հեղինակ:
9. Մեսին պատմական ռեկորդներ է սահմանել արդեն 27 տարեկանում:
10. Մեսիին մեկ գնդակ է բաժանում «Բարսելոնայում» խփած 400 գոլի սահմանագծից (371-ը՝ պաշտոնական հանդիպումներում, 28-ն՝ ընկերականներում):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում