10:30  ,  27 նոյեմբերի, 2014

Սուբոտիչ. Բաց թողած առաջին գոլը կոտրեց «Բորուսիայի» վստահությունը

Թիմը վատ խաղաց, սակայն ունեինք հաղթելու շանս, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նեւեն Սուբոտիչը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում Լոնդոնի «Արսենալին» 0:2 հաշվով պարտվելուց հետո:

«Մենք վատ սկսեցինք հանդիպումը: Գիտեինք, որ «Արսենալը» ուժեղ է, սակայն հնարավոր էր հաղթել: Բաց թողած առաջին գոլը կոտրեց մեր վստահությունը, բարդ էր պայքարել ամեն մետրի համար: Մենք ձգտում էինք պայքար թելադրել, սակայն այդպես էլ չկարողացանք գործադրել անհրաժեշտ ճնշում, որպեսզի մրցակիցը սխալվեր:

Երկրորդ խաղակեսում ավելի լավ էինք խաղում, սակայն գեղեցիկ գնդակ խփեց Ալեքսիս Սանչեսը: Հեռու էինք իդեալական խաղից, սակայն ունեինք պահեր: Ցավալի է, որ չկարողացանք դրանք օգտագործել, բայց դժվար է ասել, թե արդյունքն անարդար է:

Շատ կարեւոր է խմբային փուլն ավարտել առաջին տեղում: Այդ խնդիրը մենք ցանկանում էինք լուծել նախավերջին տուրում: Այժմ պետք է դա անել «Անդերլեխտի» դեմ խաղում»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» դեռ նախորդ տուրում ապահովել էր տեղը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում