01:35  ,  27 նոյեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. «Բորուսիան» պարտվեց Լոնդոնում, «Արսենալը» եւս փլեյ-օֆֆում է

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» Լոնդոնում 0:2 հաշվով պարտվեց «Արսենալին», որը Յուրգեն Կլոպի թիմի պես ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր:

Խաղի մեկնարկը շատ հաջող ստացվեց անգլիացիների համար, քանի որ արդեն երկրորդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն առաջ մղեց դաշտի տերերին: Մեկնարկում ավելի ակտիվ էին լոնդոնցիները, սակայն «Բորուսիան» աստիճանաբար հավասարեցրեց խաղը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր եւ առաջին խաղակեսում ունեցավ 2 գոլային պահ: Առաջին դեպքում Հենրիխի հարվածը շեղ ստացվեց, իսկ երկրորդ դեպքում արգենտինացի դարպասապահ Դամիան Մարտինեսը փրկեց «Արսենալին»:

Ընդմիջումից հետո Արսեն Վենգերի թիմը կորցրեց մի քանի գոլային պահեր, իսկ 57-րդ րոպեն նաեւ խփեց երկրորդ գոլը: Հաշիվը գեղեցիկ հարվածով կրկնապատկեց չիլիացի Ալեքսիս Սանչեսը: Մնացած ժամանակահատվածում «Բորուսիան» չկարողացավ լուրջ խնդիրներ առաջացնել մրցակցի համար եւ առաջին պարտությունը կրեց Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում: Հենրիխ Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման:

Խմբի մյուս խաղում բելգիական «Անդերլեխտը» տանը 2:0 հաշվով հաղթեց Ստամբուլի «Գալաթասարային»՝ ապահովելով խմբում երրորդ տեղն ու Եվրոպայի լիգայի ուղեգիր:

C խմբում «Մոնակոն» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած Լեւերկուզենի «Բայերի» նկատմամբ:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

D խումբ

«Արսենալ» (Անգլիա) - «Բորուսիա» (Գերմանիա)՝ 2:0

Յայա Սանոգո, 2, Ալեքսիս Սանչես, 57

«Անդերլեխտ» (Բելգիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 2:0

Չանսել Մբեմբա, 44, 86

Հեռացում՝ Սելջուկ Ինան, 83 («Գալաթասարայ»)

C խումբ

«Բայեր» (Գերմանիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 0:1

Լուկաս Օկամպոս, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս