15:50  ,  26 նոյեմբերի, 2014

Հայաստանի Մ-14 հավաքականի ֆրանսիացի մարզիչ. Քիչ երկրներ կարող են պարծենալ այսպիսի պայմաններով

ՈւԵՖԱ-ի Youth Elite Player Development (Երիտասարդ էլիտ խաղացողների զարգացում) ծրագրի շրջանակում ձեւավորված ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 14 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչը ֆրանսիացի Դանիել Բրեարն է: Նա զրուցել է ՀՖՖ կայքի հետ:

Պարոն Բրեարմի փոքր խոսեք Ձեր մարզչական կարիերայի մասին

Որպես ֆուտբոլիստ հանդես եմ եկել ֆրանսիական «Սենտ Էթյենում», այնուհետեւ` Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնի մի շարք թիմերում: Եղել եմ ֆրանսիացի հանրահայտ մարզիչ Գի Ռուի օգնականը «Օսերում»: Ստանալով ՊՐՈ արտոնագիր` աշխատել եմ Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբ» ակումբում` որպես տեխնիկական տնօրեն: Այժմ Հայաստանի մինչեւ 14 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչն եմ, ինչպես նաեւ զբաղվում եմ ընդհանուր սկաուտինգով: 

Մի փոքր կպարզաբանե՞ք, թե դա ինչ է իրենից ենթադրում

Մենք արդեն ձեւավորել ենք երկու տարիքային խմբերի հավաքականները, բայց կազմը վերջնական չէ: Քանի որ մենք մասնակցում ենք Հայաստանի պատանեկան առաջնությանը եւ ամեն շաբաթ հնարավորություն ենք ունենում գործի մեջ տեսնել տարբեր թիմերի խաղացողների, մենք հրավիրում ենք աչքի ընկած ֆուտբոլիստներին փորձաշրջանի: Նրանք մարզվում են արդեն ընտրված երեխաների հետ, եւ եթե արդարացնեն մեր սպասելիքները, հնարավորություն կստանան ընդգրկվել հավաքականում: 

Դուք Ձեր տրամադրության տակ ունեք խաղացողներ, որոնք մինչ այդ հանդես են եկել տարբեր ակումբների կազմերում: Նրանց միջեւ շա՞տ տարբերություններ եք տեսնում

Տարբերություններն այնքան էլ շատ չեն, բայց դրանք կան: Օրինակ, «Բանանցից» եկած երեխաների մոտ զգացվում է հոլանդական ֆուտբոլի ազդեցությունը, քանի որ նրանց հետ աշխատել են հոլանդացի մարզիչներ: «Փյունիկի» ֆուտբոլիստները լավ են պատրաստված տեխնիկապես, ինչը, հավանաբար գալիս է այն փիլիսոփայությունից, որ գոյություն ունի ակումբում: Իսկ, օրինակ, մարզերի երեխաները տեխնիկապես մի փոքր թույլ են, քանի որ հնարավորություն չեն ունեցել մարզվելու լավ խաղադաշտերում:   

Մեզ հետ զրույցի ժամանակ Հայաստանի մինչեւ 15 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Լելեւրը նշեց, որ իր թիմը խաղում է 4-3-3 մարտավարությամբ: Դուք նո՞ւյնպես նախընտրում եք այդ տակտիկական դասավորությունը

Այո, մենք աշխատում ենք նույն ձեւ: Այդպես ավելի հեշտ է: Հետագայում, երբ իմ թիմի ֆուտբոլիստը սկսի հանդես գալ մինչեւ 15 տարեկանների հավաքականում, նա արդեն հստակ կիմանա, թե ինչ է պահանջվում իրենից: Մեր ֆուտբոլիստները լավ են պատրաստված տեխնիկապես, իսկ տակտիկական առումով երբեմն կաղում են: Այդ պատճառով, հենց սկզբից մենք նրանց հանձնարարել ենք 11 vs 11 խաղեր, որպեսզի նրանք կարողանան ավելի արագ ընկալեն մեր տակտիկական մտահղացումները: 

Ի՞նչ կասեք աշխատանքային պայմանների մասին

Մենք շատ տպավորված ենք ՀՖՖ ենթակառուցվածքներով: Շատ քիչ երկրներ կարող են պարծենալ այսպիսի պայմաններով: Մեզ հետ աշխատող մարզիչները եւ անձնակազմը նույնպես շատ բարձր մակարդակի են: Ստեղծված են բոլոր պայմանները ճիշտ եւ պլանային աշխատանքի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում