14:10  ,  26 նոյեմբերի, 2014

«Ուֆայի» դարպասապահ. Առաջին անգամ եմ լսում Հայաստանի հավաքականում խաղալու մասին

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող Բաշկիրիայի «Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն խոսել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հնարավորության մասին: Ավելի վաղ ռուսական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ 28-ամյա դարպասապահն ունի հայկական արմատներ եւ կարող է խաղալ Հայաստանի հավաքականում:

«Անկեղծ ասած, առաջին անգամ եմ լսում այդ մասին: Ինձ հետ ոչ ոք կապ չի հաստատել, այնպես որ ոչինչ չեմ կարող ասել այդ մասին: Հավաքականի մասին խոսելուց առաջ պետք է նախ հրավեր ստանալ: Իհարկե, ցանկություն ունեմ հանդես գալ ազգային թիմում: Եթե դա չլիներ, ի՞նչ իմաստ կունենար ֆուտբոլ խաղալը»,- Յուրչենկոյի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Դավիդ Յուրչենկոն 2013-ին Սարանսկի «Մորդովիայից» է տեղափոխվել «Ուֆա», որի կազմում այս առաջնությունում թողնում է լավ տպավորություն: Նախկինում նա հանդես է եկել նաեւ Մոսկվայի «Տիտանում», լատվիական «Մետալուրգում», Մինսկի «Դինամոյում», ռուսական «Կռիլյա Սովետովում» եւ «Վոլգար-Գազպրոմում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում