01:42  ,  26 նոյեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. Ագուերոյի հեթ-տրիկը՝ «Բավարիայի» պարտության պատճառ, «Շախտյորը» փլեյ-օֆֆում է

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Սիթին» տանը 3:2 հաշվով հաղթեց փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած Մյունխենի «Բավարիային», որը 20-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով:

Առաջին խաղակեսում հյուրերի մարոկկացի պաշտպան Մեհդի Բենատիան վերջին հույսի խախտման համար հեռացվեց խաղադաշտից, իսկ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն 11 մետրանոց հարվածով առաջ մղեց մանչեսթերցիներին: Թվում էր, թե դաշտի տերերը ստացել են լավ առավելություն, սակայն մինչեւ ընդմիջման գնալը «Բավարիան» ոչ միայն խփեց պատասխան գոլը, այլեւ առաջ անցավ հաշվի մեջ: 40-րդ րոպեին իսպանացի Խաբի Ալոնսոն հավասարեցրեց հաշիվը, իսկ 5 րոպե անց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին առաջ մղեց Խոսեպ Գվարդիոլայի թիմին:

Ընդմիջումից հետո Անգլիայի չեմպիոնին երկար ժամանակ չէր հաջողվում գրավել մրցակցի դարպասը, սակայն վերջանամասում մյունխենցիների պաշտպանությունը տեղի տվեց: 85-րդ րոպեին Ագուերոն հավասարեցրեց հաշիվը, իսկ ավելացված ժամանակում նաեւ հաղթանակ պարգեւեց «Մանչեսթեր Սիթիին», որը պահպանեց խմբից դուրս գալու հնարավորությունը:

E խմբում «Բավարիան» ունի 12 միավոր, իսկ «Մանչեսթեր Սիթին», Հռոմի «Ռոման» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ն՝ 5-ական:

H խմբում Դոնեցկի «Շախտյորը» Կիեւում նվազագույն հաշվով պարտվեց Բիլբաոյի «Աթլետիկին», սակայն պորտուգալական «Պորտուի» պես նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր: «Պորտուն» հավաքել է 13 միավոր,  «Շախտյորը»՝ 8, «Աթլետիկը»՝ 4, իսկ բելառուսական ԲԱՏԷ-ն՝ 3: 

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

E խումբ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 3:2

Սերխիո Ագուերո, 21 (11մ.), 85, 90+1 – Խաբի Ալոնսո, 40, Ռոբերտ Լեւանդովսկի, 45

Հեռացում՝ Մեհդի Բենատիա, 20 («Բավարիա»)

ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Ռոմա» (Իտալիա)՝ 1:1

Վասիլի Բերեզուցկի, 90+3 - Ֆրանչեսկո Տոտի, 43

H խումբ

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Աթլետիկ» (Իսպանիա)՝ 0:1

Միկել Սան Խոսե, 61

ԲԱՏԷ (Բելառուս) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 0:3

Հեկտոր Հերերա, 56, Ջեքսոն Մարտինես, 65, Կրիստիան Տելո, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում