01:35  ,  26 նոյեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. Մեսիի ռեկորդային հեթ-տրիկը, «Չելսիի» 5 գոլերն ու փլեյ-օֆֆի ուղեգիրը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» Կիպրոսում 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ԱՊՕԷԼ-ի նկատմամբ:

Կատալոնացիները հսկայական առավելություն ունեին հենց մեկնարկից, սակայն հաշիվը բացեցին միայն 27-րդ րոպեին, երբ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսն առաջին գոլը խփեց «Բարսելոնայի» կազմում: Քիչ անց աչքի ընկավ նաեւ արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսին, ով գերազանցեց Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվողի Ռաուլի ռեկորդը՝ 72 գոլով դառնալով Չեմպիոնների լիգայում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը: Առաջին խաղակեսում կիպրոսցիները հազվադեպ էին մոտենում հյուրերի դարպասին, իսկ ընդմիջումից հետո բաց թողեցին եւս 2 գոլ:

27-ամյա Մեսին աչքի ընկավ եւս 2 անգամ՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Ընդ որում՝ Արգենտինայի հավաքականի ավագը բոլոր գոլերը խփեց իր ոչ ուժեղ աջ ոտքով: 70-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյան, սակայն այդ հեռացումը ոչնչով չօգնեց դաշտի տերերին:

F խմբի մյուս խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն ուրուգվայցի Էդինսոն Կավանիի դուբլի ու շվեդ Զլատան Իբրահիմովիչի գոլի շնորհիվ Փարիզում 3:1 հաշվով հաղթեց Ամստերդամի «Այաքսին»՝ պահպանելով խմբի առաջատարի դիրքը: Խմբային փուլի վերջին տուրում «Բարսելոնան» ու ՊՍԺ-ն Կատալոնիայում կպարզեն խմբի հաղթողին:

G խմբում Լոնդոնի «Չելսին» Գելզենկիրխենում 5 անպատասխան գնդակ  ուղարկեց «Շալկեի» դարպասը՝ ապահովելով խմբի առաջին տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիր: Անգլիացի պաշտպան Ջոն Թերին հաշիվը բացեց երկրորդ րոպեին՝ դառնալով Չեմպիոնների լիգայում «Չելսիի» ամենաարագ գոլի հեղինակը: Գերմանական ակումբի գլխավոր մարզիչն է իտալացի Ռոբերտո Դի Մատեոն, ում գլխավորությամբ «Չելսին» դարձել էր Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

Խմբի մյուս խաղում Լիսաբոնի «Սպորտինգը» 3:1 հաշվով հաղթեց սլովենական «Մարիբորին»: Լիսաբոնում անցկացած խաղի ընդմիջումը տեւեց մոտ 40 րոպե, քանի որ ստադիոնում լուսավորության հետ կապված խնդիրներ էին առաջացել:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

F խումբ 

ԱՊՕԷԼ (Կիպրոս) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 0:4

Լուիս Սուարես, 27, Լիոնել Մեսի, 37, 58, 87

Հեռացում՝ Ժոաո Գիլյերմե, 84 (ԱՊՕԷԼ) – Ռաֆինյա, 70 («Բարսելոնա»)

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 3:1

Էդինսոն Կավանի, 33, 83, Զլատան Իբրահիմովիչ, 79 – Դավի Կլասեն, 67

G խումբ 

«Շալկե» (Գերմանիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 0:5

Ջոն Թերի, 2, Վիլիան, 27, Ժան Կիրխոֆ, 44 (ինքնագոլ), Դիդյե Դրոգբա, 76, Ռամիրես, 78

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Մարիբոր» (Սլովենիա)՝ 3:1 

Կարլոս Մանե, 10, Լուիշ Նանի, 35, Իսլամ Սլիմանի, 65 – Ջեֆերսոն, 42 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում