19:29  ,  25 նոյեմբերի, 2014

Արթուր Գեւորգյան. Եթե մենք մեր երկրում կարողանանք ընտրել ուժեղագույնին, նա կունենա հաջողություն միջազգային ռինգում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի աշխատանքից գոհ եմ: Մեկ տարվա աշխատանքի արդյունքում Հայաստանի սիրողական բռնցքամարտը մեկ գլուխ բարձրացել է, բայց անելիքներ դեռ շատ կան:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:

Պարոն Գեւորգյան, ինչպե՞ս կգնահատեք սիրողական բռնցքամարտի զարգացումը Հայաստանում:

Փաստ է այն, որ այս մեկ տարում Հայաստանի սիրողական բռնցքամարտը մեկ գլուխ բարձրացել է: Տղաները շատ են աճել, ուրախացնում են երիտասարդները, մեծ ներուժ եմ տեսնում նրանց մեջ:

Այսօր հավաքականում առաջատարներ չունենք։ Երիտասարդներից յուրաքանչյուրը կարող է առաջատար դառնալ: Բնական գործընթաց է, երբ ավագներին, հավաքականի առաջատար բռնցքամարտիկները պարտվում են երիտասարդներին՝ իրենց տեղը զիջելով: Ով ավելի խելացի է, ընդունակ, շուտ է հասկանում ինչպիսի մենամարտ անցկացնել, շուտ է ըմբռնում բռնցքամարտի այն մոդելը, որն անհրաժեշտ է հաղթանակի համար, հետեւում է գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի խորհուրդներին եւ կատարում նրա առաջադրանքները, նա էլ հաղթող է ճանաչվում, ունենում է հաջողություն:

Երիտասարդների տարիքային խումբն արդեն թույլ է տալիս, որպեսզի նրանք մասնակցեն 2016թ. Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի: Ես ինքս 19 տարեկանում եմ օլիմպիական ուղեգիր նվաճել, այնպես որ անհնարին ոչինչ չկա: Շատ հավանական է, որ նրանք ոչ միայն օլիմպիական ուղեգիր ձեռք բերեն, այլեւ մեդալներ նվաճեն Օլիմպիական խաղերում:

Ինչպե՞ս կգնահատեք հավաքականի գլխավոր մարզիչի աշխատանքը:

Ֆեդերացիան արդեն մեծ աշխատանք  է իրականացրել: Խնդիրը Դավիթ Թորոսյանի աշխատանքի մեջ չէ, այլ՝ թե ինչպես են ընկալում մեր տղաները այս ամբողջ աշխատանքը: Կարծում եմ՝ ժամանակ է պետք, որ նրանք ավելի հասունանան եւ մեր բռնցքամարտիկների համար ավելի մատչելի դառնան այն գիտելիքները, որոնք այսօր տրվում են: Հաջողությունները դեռ առջեւում են: Գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի աշխատանքը գնահատում եմ շատ լավ: Այդ մասին խոսում են միջազգային մրցաշարերում մեր արդյունքները, տղաների պատրաստականությունը գնահատում եմ բարձր: Մենք հոգնող բռնցքամարտիկ չունենք, մեր տղաները վախկոտ չեն, նրանք կռվող են:

Հայ բռնցքամարտիկները միշտ հանդիպում են մրցավարական անարդարությունների միջազգային մրցասպարեզում: Ինչպե՞ս է լուծում տրվելու այդ խոչընդոտին:

Մենք այսօր լուծել ենք այն հարցը, որ այսօր մրցավարական խնդիր չլինի, գյումրեցի, վանաձորցի, սեւանցի, երեւանցի, «Դինամոյի» մարզիկ, «Աշխատանքային ռեզերվների» մարզիկ տարբերություն չլինի… Մեր երկրում մրցավարության խնդիր պետք է չլինի: Եթե մենք մեր երկրում արդար լինենք մեր մարզիկների հանդեպ, կարողանանք ընտրել ուժեղագույնին եւ ճիշտ ճանապարհ տալ, նա կունենա հաջողություն միջազգային մրցասպարեզում: Իսկ անարդարություններ միշտ եղել են, միշտ էլ լինելու են: Այս ամենը հաղթահարել է պետք: Մեկ անգամ կլինեն անարդար մեր նկատմամբ, երկրորդ անգամ կլինեն անարդար, երրորդ անգամ արդարությունը մեր կողմը կլինի: Հաղթողը միեւնույն է հաղթելու է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով