18:20  ,  25 նոյեմբերի, 2014

Բելգիացի մասնագետը՝ Հայաստանի ֆուտբոլային պայմանների մասին

ՈւԵՖԱ-ի Youth Elite Player Development (Երիտասարդ էլիտ խաղացողների զարգացում) ծրագրի ընթացքում ձեւավորվել են Հայաստանի մինչեւ 15 եւ 14 տարեկանների հավաքականները: Հայաստանի Մ-15 թիմի գլխավոր մարզիչը բելգիացի Մարկ Լելեւրն է: ՀՖՖ կայքի հետ հարցազրույցում բելգիացի մասնագետը խոսել է այդ ծրագրի եւ Հայաստանի ֆուտբոլային պայմանների մասին:   

Պարոն Լելեւր, մի փոքր խոսեք Ձեր մարզչական կարիերայի մասին

Ես 30 տարվա աշխատանքային փորձ ունեմ: Աշխատել եմ Բելգիայի առաջին դիվիզիոնում` որպես երիտասարդական թիմերի մարզիչ` մարզելով տարբեր տարիքային թիմեր` Մ-9-ից մինչեւ Մ-17 տարեկան ֆուտբոլիստների թիմեր: Աշխատել եմ Բելգիայի երրորդ դիվիզիոնում, ինչպես նաեւ բելգիական «Սեն-Տրույդեն» եւ «Վեստեռլո» թիմերում, որպես Մ-23 տարեկան ֆուտբոլիստների թիմի մարզիչ: Նախորդ տարի աշխատել եմ հունգարական «Ույպեշտ» թիմում` որպես գլխավոր մարզչի օգնական, ապա գլխավոր մարզիչ: Այժմ ես Հայաստանի մինչեւ 15 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչն եմ, ինչպես նաեւ ՈՒԵՖԱ-ի Youth Elite Player Development ծրագրի մարզական հարցերով ղեկավարը: 

Ի՞նչ կարող եք ասել Ձեր գլխավորած թիմի ֆուտբոլիստների մասին

Երբ ֆուտբոլիստներն այս տարիքում են, երբեք հնարավոր չէ ասել, թե ինչ մակարդակի նրանք կհասնեն ապագայում, բայց մի բան կարելի է հաստատ ասել. եթե նրանք բավականաչափ լավը չլինեին, մենք նրանց չէինք ընտրի: Մենք պետք է անընդհատ աշխատենք նրանց թույլ կողմերի վրա, բարելավենք նրանց որակները: 

Կպատմե՞ք, թե ինչպես է անցնում մարզումային գործընթացը: Դուք հաշվի առնո՞ւմ եք ազգային առանձնահատկությունները

Յուրաքանչյուր ազգ ունի իր մշակույթը եւ փիլիսոփայությունը, եւ մենք չենք կարող հաշվի չնստել դրա հետ: Ֆուտբոլային փիլիսոփայությունը, բնականաբար, տարբեր է: Մենք ունենք մեր փիլիսոփայությունը եւ մեր խնդիրներից մեկը հենց այդ երկուսի լավագույն համաձուլվածքը ստանալն է: Այսինքն, հաշվի առնելով, ազգային առանձնահատկությունները, ներդնել մեր փիլիսոփայությունը եւ ստանալ առավելագույն արդյունք: 

Այդ առումով, եթե համեմատելու լինեք երեխաների ընկալման մակարդակը սկզբում եւ հիմա, Դուք տեսնո՞ւմ եք տարբերություն

Այո, եւ այդ տարբերությունը շատ մեծ է: Ընդ որում դա վերաբերում է ֆուտբոլիստների ինչպես ֆիզիկական, այնպես էլ տեխնիկա-տակտիկական պատրաստվածությանը: Նրանք ավելի լավ են հասկանում մեր պահանջները, եւ դա արտացոլվում է ոչ միայն մարզումների, այլեւ խաղերի ընթացքում: 

Այս տարիքում դուք ընտրում եք ֆուտբոլիստներին եւ հարմարացնում նրանց Ձեր նախընտրած տակտիկական դասավորությանը, թե՞ հակառակը

Մենք ունենք մեր փիլիսոփայությունը եւ հարմարեցնում ենք խաղացողներին այդ փիլիսոփայությանը: Համոզված ենք, որ այս տարիքում լավագույն տակտիկական դասավորությունը 4-3-3-ն է: Մենք չենք հարմարվում մյուս թիմերին, մենք խաղում ենք մեր խաղը: Այս տարիքում ոչ այնքան կարեւոր է արդյունքը, որքան երեխաներին ճիշտ ֆուտբոլ խաղալ սովորեցնելը: 4-3-3-ը ամենահարմարն է ինչպես զոնալ, այնպես էլ անհատական հսկողությամբ խաղալու համար: Եթե ֆուտբոլիստը սովորի ճիշտ փակել զոնան, ապա հետագայում կկարողանա նաեւ ճիշտ իրականացնել անհատական հսկողությունը: 

Գո՞հ եք աշխատանքային պայմաններից Հայաստանում

Անկեղծ ասած, ավելի լավ պայմաններ դժվար է պատկերացնել: Դպրոցը մոտ է, ակադեմիայում ունենք հիանալի խոտածածկով խաղադաշտեր, մեզ հետ աշխատող անձնակազմը եւ մարզիչները շատ մոտիվացված են եւ հավատում են մեզ: Մեր եւ ՀՖՖ միջեւ համագործակցությունը նույնպես փայլուն հիմքերի վրա է դրված: Վստահ եմ՝ մոտ ապագայում այն կտա իր պտուղները: 

Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի Մ-15 հավաքականի ծրագիրը արձակուրդի ընթացքում

Շատ կարեւոր է, որ մենք կատարում ենք թիմային աշխատանք: Ես Բելգիայից եմ, Դանիելը (Հայաստանի մինչեւ 14 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ) Ֆրանսիայից է, ֆիզիկական պատրաստության մարզիչը՝ Շվեյցարիայից: Այնպես որ, մենք իրար շատ լավ ենք հասկանում եւ միասին ենք որոշում մեր բոլոր անելիքները: Բնականաբար, ձմռան համար մենք երեխաներին կհանձնարարենք որոշակի տնային առաջադրանք՝ կապված ֆիզիկական, տեխնիկական, կոորդինացիոն վարժությունների հետ, բայց շատ կարեւոր է, որպեսզի նրանք մի փոքր հանգստանան մտավոր առումով: Հենց այդ պատճառով մենք նրանք չենք տալիս կոնկրետ ծրագիր, մենք նրանց տալիս ենք ինֆորմացիա, որպեսզի, երբ նրանք վերադառնան 9 շաբաթ անց, հանգստացած լինեն մտավոր առումով եւ պատրաստ լինեն վերսկելու մարզումները:  Եվ վերջում ամենակարեւորը. ծրագիրը պետք է լինի շարունակական, այսինքն ներկայիս Մ-15 տարեկան հավաքականի ֆուտբոլիստները հաջորդ տարի պետք է ձեւավորեն Մ-16 հավաքականի կորիզը եւ այդպես շարունակ: Սա ծրագրի գլխավոր նպատակներից մեկն է, առանց որի այն իմաստ չի ունենա:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում