02:47  ,  23 նոյեմբերի, 2014

Ռոյսի վնասվածքը, Մխիթարյանի խաղից դուրս գոլը, Կլոպի տանջանքները (ֆոտոշարք)

Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» անվարան կարող է հավակնել Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի ամենաանհաջողակի կոչմանը: 12-րդ տուրում անհաջողությունները շարունակեցից հետապնդել դորտմուդցիներին եւ առաջնության նորեկ «Պադերբորնի» հետ խաղում:  Թիմի առաջատար խաղացող Մարկո Ռոյսը ծանր վնասվածքով դուրս բերվեց խաղադաշտից:

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հաստատուն քայլերով ընթանում է տիտղոսը պաշտպանելու ուղղությամբ:

«Պադերբորն» - «Բորուսիա Դ.»` 2:2

Լուկաս Ռուպ, 59, Մահիր Սագլիկ, 81 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 12, Մարկո Ռոյս, 45+1

Խաղի ընթացքը

Դորտմունդցիները հիանալի սկսեցին խաղը` դասավորելով ճնշման գոտիներն իրենց օգտին եւ տալով մրցակցին դիմադրելու փոքր հնարավորություն: Արդեն 12-րդ րոպեին Օբամեյանգը, օգտագործելով Դուրմի փոխանցումը, հաջողությամբ գրավեց մրցակցի դարպասը: Նման մեկնարկով ոգեւորված` դորտմունդցիները շարունակեցին գրոհել պադերբորնցիների պաշտպանությունը, եւ  խաղի 35-րդ րոպեին Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրավեց մրցակցի դարպասը, սակայն արձանագրվեց խաղից դուրս վիճակ: Առաջին խաղակեսի ավարտին ընդառաջ Մարկո Ռոյսը գեղեցիկ հարվածով կրկնապատկեց հաշիվը եւ ամրապնդեց իր թիմի առավելությունը:

«Բորուսիայի» համար տպավորիչ առաջին խաղակեսին հաջորդեց բավական հիասթափեցնող երկրորդը: Դորտմունդցիներին հաջողվեց պահպանել 2:0 առավելությունը մինչեւ երկրորդ խաղակեսի առաջին քառորդի ավարտը: «Պադերբորնի» կիսապաշտպան Լուկաս Ռուպը 60-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը:

Չորս րոպե անց եղավ հանդիպման բեկումնային իրադարձությունը: Դորտմունդցիների առաջատար Մարկո Ռոյսը ստացավ ծանր վնասվածք. նրան պատգարակով տարան խաղադաշտից: Մարկո Ռոյսի միջադեպից հետո դորտմունդցիներն ակնհայտորեն թեւաթափ եղան եւ մրցակցին տվեցին երկրորդ հնարավորորությունը, որը Մահիր Սագլիկը հաջողությամբ օգտագործեց եւ երկրորդ անգամ գրավելով դորտմունդցիների դարպասը` հավասարեցրեց հաշիվը: Մնացած 14 րոպեներին դորտմունդցիները շարունակեցին պայքարել, սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց վաստակել այդքան կարեւոր երեք միավորը, եւ խաղն ավարտվեց ոչ-ոքի: «Բորուսիան» 11 միավորով մնաց 15-րդ տեղում: «Պադերբորնը» վաստակել է 16 միավոր եւ 9-րդն է:

Ի՞նչ են ասում մարզիչները

Հանդիպումից հետո «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժվարանում էր խոսել խաղի մասին. «Ինձ խաղի ընթացքն այժմ ավելի քիչ է հետաքրքրում, քան Ռոյսի վնասվածքը: Նրա ոտքը ուժգին այտուցված է, եւ պետք է սպասենք ախտորոշմանը:

Պադերբորնցիները լավ խաղացին: Առաջին խաղակեսում մենք բացարձակ առաջատար էինք, եւ հիանալի ֆուտբոլ խաղացինք, սակայն երկրորդ խաղակեսում մոռացանք, որ մեր գրանցած արդյունքը պահպանել է պետք: Իրականում մենք երրորդ գնդակն էլ ենք ուղարկել նրանց դարպասը, այլ հարց է, որ որոշեցին այն չհաշվել մեր օգտին: Օրն իսկապես անհաջողություններով լի էր, եւ խաղից սովորելու շատ բան կա»:

Գերմանիայի առաջնության նորեկ թիմի մարզիչ Անդրե Բրայթենռայթերը հիացած էր իր թիմի արձանագրած արդյունքով.

«Սա իսկապես տպավորիչ արդյունք է մեզ համար: Առաջին խաղակեսում իմ տղաներին պակասում էր ինքնավստահությունը, բայց ընդմիջումից հետո նրանք վճռական էին տրամադրված եւ մի պահ կարողացան մոռանալ, թե ում դեմ են խաղում: Առաջին գոլից հետո տղաների ինքնավստահությունն ավելացավ եւ նրանք կարողացան խաղն ավարտել տպավորիչ ոչ ոքի արդյունքով:

«Բավարիա» - «Հոֆենհայմ»՝ 4:0

Մարիո Գյոտցե, 23, Ռոբերտ Լեւանդովսկի, 40, Արյեն Ռոբեն, 82, Սեբաստիան Ռոդե, 87

Հեռացում՝ Ադամ Սալաի, 90+1 («Հոֆենհայմ») 

«Բավարիան» շարունակում է տպավորիչ հաղթարշավը` ճանապարհին վերացնելով բոլոր խոչընդոտները: Բունդեսլիգայի 12-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» ընդունեց «Հոֆենհայմին»: Բավարացիները ստիպված էին խաղալ առանց ավագ Ֆիլիպ Լամի, սակայն դա չխանգարեց Բունդեսլիգայի առաջատարներին:

Խաղի ընթացքը

Խաղը արագ եւ կատաղի մեկնարկ ստացավ, ինչ խոսք, մյունխենցիներն առաջին իսկ րոպեներից հաստատեցին իրենց առաջատար դիրքը: Խաղի 23-րդ րոպեին Մարիո Գյոտցեն հիանալի հարվածով գրավեց մրցակցի դարպասը, հաջորդ գոլը երկար սպասել չտվեց, եւ խաղի 40-րդ րոպեին Ռոբերտ Լեւանդովսկին եւս մեկ անգամ գրավեց հոֆենհայմցիների դարպասը: Երկրորդ խաղակեսի մեկնարկը նույնքան տպավորիչ էր. խաղի ամբողջ ընթացքում հոֆենհայմցիներին հնարավորություն չտրվեց գրավելու մյունխենցիների դարպասը, որի անառիկությունը նրանք պահեցին մինչեւ խաղի ավարտը:

Տեւական բացակայությունից հետո, երկրորդ խաղակեսի ավարտին խաղադաշտ մտավ նաեւ Բաստիան Շվայնշտայգերը, ով միանգամից միացավ գրոհներին: Խաղի ավարտին ընդառաջ Արյեն Ռոբենը Լեւանդովսկու աջակցությամբ գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը: 4:0 հաշվով հաղթանակն ապահովող գոլի հեղինակը Սեբաստիան Ռոդեն էր, ով համահունչ խաղաց Շվայնշտայգերի հետ:

Այժմ «Բավարիան» երկրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգի» նկատմամբ 7 միավորի առավելությամբ գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ 30 միավոր:

Ի՞նչ են ասում մարզիչները

Մյունխենցիների մարզիչ Պեպ Գվարդիոլան իր թիմի գրանցած արդյունքը համարում է անարժան. «Առաջին խաղակեսին ունեինք կառուցվածքային եւ կենտրոնացվածության լուրջ խնդիրներ: Իմ տղաները կարողացան հավաքել իրենց ուժերը միայն եկրորդ խաղակեսում: Կարծում եմ` մեր խաղն արժանի չէր այսպիսի խոշոր հաշվի»:

«Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Մարկուս Գիսդոլը մյունխենցիների հաղթանակն արդարացի է համարում. «Պատահական չէ, որ «Բավարիան» առաջատար է: Նրանք ունեն այն ամենն, ինչ բոլորս երազում ենք: Շնորհավորանքներս՝ եւս մեկ տպավորիչ հաղթանակի կապակցությամբ»:

Ուրսուլա Շիքս

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով