00:49  ,  23 նոյեմբերի, 2014

«Բարսելոնա» - «Սեւիլիա»՝ 5:1. Մեսիի հեթ-տրիկն ու պատմական ռեկորդը

Իսպանական Պրիմերայի 12-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» տանը 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սեւիլիայի» նկատմամբ:

Առաջին խաղակեսի միակ գոլը խփեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, ով Իսպանիայի առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 251-ի՝ կրկնելով Պրիմերայի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակը գլխավորող Տելմո Սարայի ռեկորդը:

Ընդմիջումից քիչ անց սեւիլիացիները «Բարսելոնայի» պաշտպան Խորդի Ալբայի ինքնագոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը, սակայն Ունաի Էմերիի թիմի ուրախությունը երկար չտեւեց: 49-րդ րոպեին Նեյմարը գլխի հարվածով դարձյալ առաջ մղեց կատալոնացիներին, իսկ 65-րդ րոպեին խորվաթ Իվան Ռակիտիչը խփեց դաշտի տերերի երրորդ գոլը: Վերջնամասում դուբլի հեղինակ դարձավ երեկոյի հերոս Լեո Մեսին: «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը 253 գոլով դարձավ Պրիմերայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ վերջակետ դնելով խաղին: 253 գոլ խփելու համար 27-ամյա Մեսիից պահանջվեց 289 հանդիպում, իսկ Բիլբաոյի «Աթլետիկի» նախկին հարձակվող Տելմո Սարան 251 գոլի հեղինակ դարձել էր 278 խաղում. նա ռեկորդը սահմանել էր մոտ 60 տարի առաջ:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 28 միավորով վերադարձավ երկրորդ տեղ եւ շարունակում է 2 միավոր զիջել Մադրիդի «Ռեալին»:

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Բարսելոնա» - «Սեւիլիա»՝ 5:1

Լիոնել Մեսի, 20, 72, 78, Նեյմար, 49, Իվան Ռակիտիչ, 65 – Խորդի Ալբա, 47 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում