16:40  ,  22 նոյեմբերի, 2014

Վաչիկ Մկրտչյանի անվան մրցաշարի հաղթողները

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց հայկական բռնցքամարտի երախտավորներից մեկի ՝ Խորհրդային Միության արծաթե մեդալակիր, Արցախի հերոս Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշարը, որն այս անգամ նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նոյեմբերի 22-ին կայացան եզրափակիչ մենամարտերը:

49 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը, ով եզրափակիչում պարտության մատնեց Արտյոմ Ալեքսանյանին: Այս քաշային կարգում 3-րդ մրցանակակիր դարձան «Հայաստան» մարզական միությունը ներկայացնող Դավիթ Սարգսյանը եւ «Տորք Անգեղ» ակումբի սան Հարություն Հարությունյանը:

52 կգ քաշային կարգի հաղթողի տիտղոսը վիճարկեցին այս քաշային կարգի մեր երկու ուժեղագույն բռնցքամարտիկները՝ Նարեկ Աբգարյանը եւ Կորյուն Սողոմոնյանը: Դժվարին պայքարում եզրափակիչ մարտը շահեց Կորյուն Սողոմոնյանը: Այս քաշային կարգի բրոնզե մեդալներին արժանացան Բարեղամ Հարությունյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը: 

Գեղեցիկ ստացվեց հատկապես 56 կգ քաշային կարգի եզրափակիչը, որտեղ Էրիկ Պետրոսյանը առավելության հասավ Արսեն Պողոսյանի նկատմամբ: 56 կգ քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Հենրիկ Մոքոյանն ու Գառնիկ Հարությունյանը: 

60 կգ քաշային կարգում անակնկալ մատուցեց Գեղարքունիքի մարզը ներկայացնող Սամվել Բարսեղյանը, ով եզրափակչում հաղթեց Հայաստանի չեմպիոն փորձառու Արթուր Վարդանյանին: Այս քաշային կարգում 3-րդ մրցանակին արժանացան Ժորա Համազարյանը եւ Արթուր Ներսիսյանը: 

64 կգ քաշային կարգում հաղթեց գյումրեցի Հովհաննես Բաչկովը: Վերջինս եզրափակչում առավելության հասավ Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Արթուր Քիրաջյանի նկատմամբ: 64 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան Վահե Սարգսյանը եւ Շավարշ Սողոյանը: 

69 կգ քաշային կարգում մրցեցին այս քաշային կարգի Հայաստանի 1-ին եւ 2-րդ համարները՝ Վլադիմիր Մարգարյանն ու Արման Դարչինյանը: Դժվարին պայքարում մարտը շահեց դինամոյական Վլադիմիր Մարգարյանը: Այս քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Լեո Պապյանը եւ Ռաֆայել Բարսեղյանը:

75 կգ քաշային կարգում կարելի է ասել մրցակցությունից դուրս էր Հայաստանի չեմպիոն, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող Արման Հովհիկյանը, ով իր բոլոր մենամարտերն ավարտեց ժամանակից շուտ: 75 կգ քաշային կարգում արծաթե մեդալի արժանացավ դինամոյական Արթուր Սարգսյանը, իսկ 3-րդ մրցանակակիրներ դարձան Գագիկ Բոյանն ու Արեստակ Ալոյանը: 

81 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Նիկոլ Արությունովը, ով եզրափակիչում համառ պայքարում մեծ դժվարությամբ առավելության հասավ Վազգեն Շահվերդյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան Արամ Ջավադյանն ու Լեւոն Բաբայանը: 

91 կգ քաշային կարգում Գյումրին ներկայացնող Հենրիկ Սարգսյանը պարտության մատնեց վանաձորցի Ռաֆայել Սիմոնյանին եւ արժանացավ գլխավոր մրցանակին: Այս քաշային կարգում 3-րդ մրցանակակիրներ դարձան Ռազմիկ Հարությունյանն ու Արթուր Համբարձումյանը: 

Գերծանր քաշային կարգի եզրափակիչում մրցեցին Մելքոնյան եղբայրները՝ Հակոբն ու Նարեկը: Ինչպես եւ սպասվում էր՝ հարազատ եղբայրները ռինգում խնայեցին միմյանց, ինչի արդյունքում մրցավարները բացառություն արեցին եւ արձանագրեցին ոչ ոքի: Գերծանր քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին դինամոյական Ազատ Դավթյանը եւ «Հայաստան» մարզական միությունը ներկայացնող Արկադի Հարությունյանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս