15:40  ,  22 նոյեմբերի, 2014

«Բարսելոնայի» նախագահ. Պիկեն պետք է կենտրոնանա ֆուտբոլի վրա

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն թիմի պաշտպան Ժերար Պիկեին կոչ է արել վերլուծել ոչ մարզական դրվագներում սեփական վարքը եւ կենտրոնանալ ֆուտբոլի վրա, հաղորդում է mundodeportivo-ն:

27-ամյա իսպանացի ֆուտբոլիստը խաղի ժամանակ բջջային հեռախոսից օգտվելու համար տուգանվել էր կատալոնացիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի կողմից: Ավելի վաղ Պիկեն ավտոմեքենայի սխալ կանգառման պատճառով վիճել էր ոստիկանների հետ:

«Պիկեն նախկինի նման հաճախ չի խաղում, բայց դա խնդիր չէ: Մենք նրա հետ քննարկել ենք բոլոր դրվագները եւ հայտնել ենք մեր կարծիքը: Այդ ամենը պետք է չկրկնվի: Հույս ունենք, որ կկարողանանք վերջ դնել այդ միտումներին: Պիկեն պետք է կենտրոնանա աշխատանքի վրա»,- ասել է «Բարսելոնայի» նախագահը:

Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է «Բարսելոնայի» ութ հանդիպման եւ խփել է մեկ գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում