14:35  ,  22 նոյեմբերի, 2014

«Էյբար» - «Ռեալ»՝ անոնս

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում մրցարշարային կարեւորություն ունի նաեւ «Էյբար» - «Ռեալ» հանդիպումը: «Էյբարն» իր պատմության մեջ առաջին անգամ է Իսպանիայի առաջնությունում հյուրընկալելու Արքայական ակումբին: Թեեւ առաջատարները լավ մարզավիճակում են եւ վաղուց չեն պարտվել, 10-րդ տեղում ընթացող «Էյբարի» դեմ խաղին նրանք չեն կարող թեթեւամտորեն վերաբերվել, քանի որ ցանկացած սայթաքում կարող է զրկել նրանց առաջին տեղից:

«Ռեալ»

Մրցաշրջանի սկզբում «Ռեալը» 2 անընդմեջ պարտություն կրեց «Ռեալ Սոսյեդադի» (2:4) եւ «Աթլետիկոյի» դեմ խաղերում (1:2), սակայն հետագա շաբաթների ընթացքում ոչ միայն բարելավեց իր խաղը, այլեւ դարձավ առաջնության առաջատար: Այժմ թիմը չի ցանկանում կորցնել դժվարությամբ ձեռք բերածը: Ինչպես «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, այնպես էլ ֆուտբոլիստները լավ են հիշում նախորդ մրցաշրջանում «Վալյադոլիդի» եւ «Օսասունայի» դեմ հանդիպումներում ունեցած միավորների կորուստը, ինչը մեծապես խանգարեց նրանց չեմպիոնական մրցավազքում, եւ չեն պատրաստվում նույն սխալները կրկնել «Էյբարի» դեմ խաղում:  

«Էյբար»

Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանն Էյբարի բնակիչները պատրաստվում են, ինչպես իսկական տոնի: Նրանք իրենց տների պատուհաններն ու պատշգամբները զարդարել են կապտանռնագույն դրոշներով: Կապտանռնագույն են ներկվելու նաեւ հետիոտների համար նախատեսված ճանապարհային անցումները:

Առաջնության նորեկը, որն իր 74 տարվա պատմության մեջ առաջին անգամ է Լա լիգայում հանդես գալու հնարավորություն ձեռք բերել, 13 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը՝ «Ռեալից» հետ մնալով 14 միավորով: Այս խաղում, շատերի կարծիքով, «Էյբարը» դատապարտված է  պարտության: Այդուհանդերձ, թիմի գլխավոր մարզիչ Գաիսկա Գարիտանոն, ով նախորդ մրցաշրջանի Սեգունդայի լավագույն մարզիչ է ճանաչվել, ընդգծել է, որ իրենք չեն պատրաստվում հեշտությամբ հանձնվել: «Հույս ունենալու հարցում մեզ չեն կարող գերազանցել: Մենք ոչինչ չենք նվիրում»,- ասել է նա խաղից առաջ տեղի ունենած մամուլի ասուլիսի ժամանակ:

Կադրային խնդիրներ

«Ռեալի» ամենամեծ խնդիրը խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի վնասվածքն է: Անչելոտին ստիպված է նրան փոխարինելու մասին մտածել, ոչ միայն այս տուրում, այլեւ հետագա 3 ամիսների ընթացքում: Խեսե Ռոդրիգեսը, որն ապաքինվել է լուրջ վնասվածքից եւ արդեն մարզվում է ընդհանուր խմբի հետ, նույնպես դեռեւս չի կարող օգնել իր թիմին: «Էյբարի» դեմ խաղին վնասվածքի պատճառով չի մասնակցի նաեւ Ասյեր Իլյարամենդին, ինչը նշանակում է, որ իրեն դրսեւորելու հնարավորություն կստանա Սամի Խեդիրան, թեեւ վերջնական որոշում Անչելոտին դեռ չի կայացրել «Երկու տարբերակ ունեմ՝ առաջինը Խեդիրային խաղադաշտ դուրս բերելն է, որը դասական տարբերակ է, մյուսը՝ Իսկոն է»,- ասել է իտալացին՝ ավելացնելով, որ մարզման ժամանակ կգնահատի Խեդիրայի մարզավիճակը եւ նոր որոշում կկայացնի:

«Էյբարը» նույնպես կադրային խնդիրներ ունի: Վնասվածքի պատճառով թիմի կազմում իր նորամուտը դեռ չի նշել պաշտպան Դիդակը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Միլանին»: Ֆիզիկական խնդիրներ ունեն նաեւ հարձակվողներ Ֆեդերիկո Պիովակարին եւ Դեյան Լեկիչը: Որակազրկման պատճառով «Ռեալի» դեմ հանդիպումը բաց կթողնեն պաշտպաններ Ռաուլ Նավասը եւ Մանուել Կաստեյանոն:

Պաշտպաններ Էկիսան եւ Անյիբարոն, որոնք վնասվածք էին ստացել նախորդ շաբաթ, արդեն մարզվում են խմբի հետ:

Իկեր Կասիլյաս, Ռոբերտո Կուեւաս

Արքայական ակումբի ներկա կազմի միակ ֆուտբոլիստը, ով երբեւիցե հանդես է եկել «Էյբարի» խաղադաշտում, թիմի ավագ Իկեր Կասիլյասն է: Այդ հանդիպումը տեղի է ունեցել 2004թ Իսպանիայի գավաթի խաղարկությունում: 1/8 եզրափակիչի առաջին խաղում դարպասապահն աչքի է ընկել տպավորիչ սեյվերով:

Այս խաղում հերոսացել է նաեւ «Էյբարի» հարձակվող Ռոբերտո Կուեւասը: 33-ամյա ֆուտբոլիստը, որն այժմ հանդես է գալիս 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Բալմասեդայում», դարձել է «Էյբարի» պատմության մեջ «Ռեալին» խփած միակ գոլի հեղինակը: Կուեւասը հավասարեցրել է հանդիպման հաշիվը, եւ խաղն ավարտվել է 1:1: Մինչ այդ «Ռեալի» կազմում գոլի հեղինակ էր դարձել Գուտին: 

«Էյբար» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին: Բուքմեյքերական գրասենյակները «Էյբարի» հաղթանակի հավանականությունը գնահատում են 15.00 գործակցով, ոչ ոքին՝ 7.50, «Ռեալի» հաղթանակը՝ 1.17:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով