22:48  ,  21 նոյեմբերի, 2014

Դավիթ Խիթարյան. Բրազիլիայի հյուպատոսը մեծ սիրով համաձայնեց վարպետության դաս անցկացնել (ֆոտոշարք)

Երեւանում Ֆրանսիական համալսարանում իմ առաջարկով բացվել է ձյուդոյի մարզադահլիճ, որտեղ կմարզվեն համալսարանականները: Նման դահլիճ ունենալը կնպաստի հայ ուսանողների շրջանում ձյուդոյի մասսայականացմանը եւ զարգացմանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոի ֆեդերացիայի փոխնախագահ, Երեւանում ֆրանսիական համալսարանի սպորտի ամբիոնի վարիչ Դավիթ Խիթարյանը:

«Լինելով Երեւանում Ֆրանսիական համալսարանի սպորտի ամբիոնի վարիչ, առաջարկեցի համալսարանում ստեղծել ձյուդոյի մարզադահլիճ: Ֆրանսիական համալսարանի եւ ձյուդոի ֆեդերացիայի համագործակցության արդյունքում բացվեց այս դահլիճը: Համալսարանը մեզ տրամադրեց դահլիճը, վերանորոգեց այն, իսկ ֆեդերացիան մարզագույքով ապահովեց այն, տրամադրեց տատամիներ: Այստեղ կմարզվեն համալսարանականները, ինչպես նաեւ կանցկացվեն արտաժամյա մարզումներ սկսնակների համար:

Թե ինչու հենց Ֆրանսիական համալսարանում, որովհետեւ ֆրանսիացիների շրջանում այս մարզաձեւը եւ առհասարակ սպորտը մեծ դեր ունի: Մասնավորապես, կանանց շրջանում ձյուդոն մեծ տարածում ունի, քանի որ կանայք այդպես ինքնապաշտպանվում են:

Այս դահլիճում իր առաջին մարզումներն անցկացրեց Երեւանում Բրազիլիայի հյուպատոս, սենսեյ 7-րդ դան Ժուաու Սիլբերտոնը: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի համագործակցությունը սենսեյի հետ սկսվել է դեռ 3 տարի առաջ: Ֆեդերացիա զանգեցին Հայաստանում Բրազիլիայի դեսպանատնից եւ հայտնեցին, որ հյուպատոս է նշանակվել սենսեյ 7-րդ դան Ժուաու Սիլբերտոնը եւ որ նա ցանկություն ունի համագործակցել Հայաստանի ձյուդոի ֆեդերացիայի հետ: Մենք հանդիպեցինք,  զրուցեցինք, հանդիպում եղավ նաեւ հավաքականի հետ, նա երեք շաբաթ մարզումներ անցկացրեց հավաքական թիմի հետ, մեզ հետ նաեւ մասնակցեց միջազգային մրցաշարերի: Իսկ այսօր նա մեծ սիրով համաձայնեց վարպետության դաս անցկացնել մեր նորաբաց մարզադահլիճում համալսարանականների հետ:

Այսօրվա մարզումը նրա մասնակցությամբ անցկացնելը կարեւորվում է նրանով, որ սկսնակ երեխաները, համալսարանականները տեսնեն՝ ձյուդոյով զբաղվելու համար պարտադիր չէ դառնալ, աշխարհի կամ օլիմպիական չեմպիոն: Կարող ես ձյուդոյով զբաղվել եւ դրա հետ մեկտեղ լավ դիվանագետ, զինվորական լինել: Ցանկանում ենք պրոպագանդել, որ ձյուդոն լավ միջոց է մարդակային հարաբերությունների, ընկերության համար, այն նաեւ սովորեցնում է պաշտպանվել:

Այս դահլիճում կմարզվեն միայն համալսարանականները՝ անվճար, եւ արտաժամյա խմբակներ՝ վճարովի: Հավաքականն այստեղ չի մարզվի, քանի որ դահլիճը փոքր է եւ պայմանները չեն համապատասխանում ազգային հավաքականի մարզումներն այստեղ անցկացնելուն»,- ասաց Դավիթ Խիթարյանը:

Լուսինե Շահբազյան


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով