20:14  ,  21 նոյեմբերի, 2014

Մրցաշար Երեւանում. Եզրափակիչի մասնակիցները

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում կայացան հայկական բռնցքամարտի երախտավորներից մեկի ՝ բռնցքամարտի Խորհրդային Միության փոխչեմպիոն, Արցախի հերոս Վաչիկ Մկրտչյանի անվան մրցաշարի կիսաեզրափակիչ մենամարտերը: 

49 կգ քաշային կարգում Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Արտյոմ Ալեքսանյանը համառ պայքարում հաղթեց «Հայաստան մարզական միությունը» ներկայացնող Դավիթ Սարգսյանին եւ նվաճեց եզրափակիչի ուղեգիր: Այս քաշային կարգում եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաեւ գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը, ով առավելության հասավ Հարություն Հարությունյանի նկատմամբ:

52 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչման համար կպայքարեն Նարեկ Աբգարյանը եւ Կորյուն Սողոմոնյանը: Կիսաեզրափակիչում Կորյունը հաղթեց Դավիթ Հովհաննիսյանին, իսկ Նարեկ Աբգարյանը ուժեղ գտնվեց Բարեղամ Հարությունյանի հետ պայքարում:

Անակնկալ գրանցվեց 56 կգ քաշային կարգում: Երիտասարդ Էրիկ Պետրոսյանը համառ պայքարում հաղթեց Հայաստանի չեմպիոն Հենրիկ Մոքոյանին, Արսեն Պողոսյանն էլ առավելության հասավ Գառնիկ Հարությունյանի նկատմամբ:

60 կգ քաշային կարգում Սամվել Բարսեղյանը առանց մեծ դժվարության պարտության մատնեց գյումրեցի Ժորա Համազարյանին: Արթուր Վարդանյանն էլ պարտության մատնեց Արթուր Ներսիսյանին:

64 կգ քաշային կարգում Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Արթուր Քիրաջյանը առավելության հասավ Վահե Սարգսյանի նկատմամբ, իսկ Հովհաննես Բաչկովն էլ ուժեղ գտվեց Շավարշ Սողոյանի հետ պայքարում:

Հետաքրքիր պայքար է սպասվում 69 կգ քաշային կարգի եզրափակիչում: Այստեղ մրցելու են այս քաշային կարգի երկու ուժեղագույն բռնցքամարտիկները` Արման Դարչինյանն ու Վլադիմիր Մարգարյանը:

75 կգ քաշային կարգի եզրափակիչում գլխավոր մրցանակի համար կպայքարեն դինամոյական Արթուր Սարգսյանը եւ Արման Հովհիկյանը: Կիսաեզրափակիչում Սարգսյանը հաղթեց գյումրեցի Գագիկ Բոյանին, իսկ Հովհիկյանը առավելության հասավ Արեստակ Ալոյանի նկատմամբ:

Եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաեւ 81 կգ քաշայիններ Նիկոլ Արությունովը եւ Վազգեն Շահվերդյանը, 91 կգ քաշայիններ Ռաֆայել Սիմոնյանն ու Հենրիկ Սարգսյանը, գերծանր քաշայիններ Մելքոնյան եղբայրները: Նոյեմբերի 22-ին կկայանան եզրափակիչ մենամարտերը : Եզրափակիչների սկիզբը 12:00-ին, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում