14:25  ,  19 նոյեմբերի, 2014

Արտյոմ Սիմոնյան. Դանին ասաց, որ Հայաստանի հավաքականը հիանալի թիմ է

Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Զենիթի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը պատմել է Պորտուգալիայի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղից հետո իր պորտուգալացի ակումբակից Միգել Դանիի հետ զրույցի մասին:

«Դանիի հետ ջերմորեն զրուցեցինք խաղից հետո: Բազմիցս նշել եմ, որ նա հիանալի անձնավորություն ու ֆուտբոլիստ է: Դանին ասաց, որ մենք ունենք լավ կատարողներով հիանալի թիմ: Նա նաեւ նշեց, որ իմ խաղալու ժամանակը դեռ կգա: Պետք է աշխատես քո վրա եւ գնաս քո նպատակի հետեւից՝ պահպանելով համեստությունը:  

Մեր դեմ խաղում Դանին լավագույններից էր խաղադաշտում: Ըստ ինձ՝ նա ավելի լավ տեսք ուներ, քան Ռոնալդուն: Հենց Դանին էր կառավորում պորտուգալացիների խաղը եւ վտանգավոր էր գործում ամբողջ հանդիպման ընթացքում: Այլ հարց է, որ նա գոլ չխփեց, սակայն մեծ դերակատարում ունեցավ հաղթանակի գործում»,- Սիմոնյանի խոսքը փոխանցում է «Спорт день за днём»-ը:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի Ֆարո քաղաքի «Ալգարվե» ստադիոնում կայացած խաղում Արտյոմ Սիմոնյանը Հայաստանի հավաքականի փոխարինողների թվում էր, սակայն դուրս չեկավ խաղադաշտ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում