14:40  ,  18 նոյեմբերի, 2014

ՀՖՖ նախագահ. Մխիթարյանի դեմ կոշտ էին խաղում, լավ էին անում, թող մերոնք էլ Ռոնալդուի հետ կոշտ խաղային

Վարդան Մինասյանին ես բազմիցս խնդրել եմ, պահանջել եմ, որ մնա հավաքականում, բայց նա չցանկացավ, նա պարզապես վիրավորված էր ֆուտբոլիստներից, լրագրողներից, երկրպագուներից, այդ պատճառով էլ գնաց: Բոլորը արտասահմանցի մարզիչ էին ուզում։

Այս մասին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում ընթացող մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

«Շալանդին պետք է ժամանակ տրվի, ես նրա հետ չեմ խոսել խաղից հետո, ես շատ վրդովված էի: Ես նրա հետ կխոսեմ, եւ եթե նա չլսեց ինձ, չընդունեց իմ խորհուրդները, նկատողությունները, ես արդեն որոշում կկայացնեմ:

Նրան հաջողվել է ֆուտբոլիստների հետ լեզու գտնել, նա արդեն ընտելացել է: Նրան ժամանակ է պետք տալ: Ես նրան իմ խորհուրդներով, իմ լծակներով կփորձեմ օգնել: Նրան տանք եւս մեկ հնարավորություն, եթե ստացվեց՝ լավ, եթե ոչ՝ հանելը միշտ էլ կա:

Պորտուգալիայի դեմ պարտության պատճառը վատ խաղալն էր: Սխալ տակտիկան: Մենք ունենք պոտենցիալ, սխալ մարտավարության արդյունքում մենք պարտվել ենք Պորտուգալիային: Մենք ունենք հրաշալի ֆուտբոլիստներ` Մարկոս Պիզելի, Արթուր Սարկիսով, ովքեր պահեստայինների նստարանին նստած էին:

Մխիթարյանի դեմ կոշտ էին խաղում, լավ էին անում, թող մերոնք էլ Ռոնալդուի հետ կոշտ խաղային: Ֆուտբոլը պայքար է, հո բալետ չէ: Իրենք հասկացել էին, ովքեր են ուժեղ, ովքեր են լավ մարզավիճակում եւ այդ ֆուտբոլիստների հետ կոշտ էին խաղում: Յուրա Մովսիսյանը փայլուն ֆուտբոլիստ է: Նա ամեն ինչ փորձեց անել, ուղղակի սխալ մարտավարություն էր մշակված:

Շալանդը բողոքեց Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպչական աշխատանքից, բայց Հայաստանի ֆեդերացիան ոչ մի բողոք չի ներկայացնի:

Շալանդը թող պրոբլեմները ուրիշ տեղ փնտրի: Թող մենք խաղում հաղթեինք, թող իրենք վատ կազմակերպեին: Մենք մեր վատ խաղալը չբարդենք Պորտուգալիայի ֆեդերացիայի վրա:

Շալանդն այս պահին Իտալիայում է, գնացել է Իտալիա - Ալբանիա խաղին հետեւի: Վերադառնա ես նրա հետ կխոսեմ: Իմ բոլոր նկատողությունները նրան կասեմ»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը 1։2 հաշվով պարտվել է Դանիային, 1։1 հաշվով ոչ ոքի է խաղացել Սերբիայի հետ եւ 0։1 հաշվով պարտվել է Պորտուգալիային։ I խմբի մրցաշարային աղյուսակը 7 միավորով գլխավորում է Դանիայի թիմը։ 1 միավոր քիչ ունի Պորտուգալիան։ Ալբանիան 4 միավորով երրորդ տեղում է։ Սերբիան ու Հայաստանը 1-ական միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը։ Առաջին երկու տեղերը գրաված թիմերը կնվաճեն եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր։ Երրորդ տեղը զբաղեցրած հավաքականը կանցկացնի փլեյ-օֆֆի անցումային հանդիպումներ։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում