16:20  ,  16 նոյեմբերի, 2014

Ալմաթի. Հայ ծանրորդների ելույթների ամփոփում

Հայ ծանրորդները մեդալ չնվաճեցին Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում:

Տղամարդկանց մրցաշարում Հայաստանը ներկայացված էր 8 մարզիկներով, իսկ կանանց պայքարում՝ 6:

Տղամարդկանց պայքարում լավագույն արդյունքը գրանցեց Եվրոպայի փոխչեմպիոն Վանիկ Ավետիսյանը, ով 69 կգ քաշային կարգում գրավեց 5-րդ տեղը: Սմբատ Մարգարյանը (56 կգ) զբաղեցրեց 18-րդ տեղը, 77 կգ քաշային կարգում հանդես եկած Արա Խաչատրյանը 16-րդն էր, իսկ Հակոբ Մկրտչյանը՝ 21-րդը, Աղասի Աղասյանը (85 կգ) հայտնվեց 15-րդ տեղում, պատանիների օլիմպիական չեմպիոն 17-ամյա Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) նորամուտը նշեց մեծահասակների մրցաշարում եւ գրավեց 7-րդ տեղը, իսկ գերծանր քաշային կարգի մրցաշարին մասնակցած Հայկ Հակոբյանը 14-րդն էր: Եվրոպայի գործող փոխչեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը եւս հանդես եկավ գերծանր քաշային կարգում, որտեղ զրո ստացավ պոկում վարժությունում՝ չկարողանալով բարձրացնել 190 կիլոգրամանոց ծանրաձողը: Հրում վարժությունում 24-ամյա Ալեքսանյանը հանդես չեկավ:

Կանանց մրցաշարում Էլեն Գրիգորյանը (48 կգ) 26-րդն էր, Աննա Գովելյանը (53 կգ) 22-րդն էր, 63 կգ քաշայիներ Իզաբելլա Յայլյանը գրավեց 19-րդ տեղը, իսկ Քրիստինե Պետրոսյանը՝ 33-րդ, Մելինե Դալուզյանը (75 կգ) 11-րդն էր, իսկ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ) գրանցեց 15-րդ արդյունքը:

Թիմային հաշվարկում տղամարդկանց Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 16-րդ տեղը, իսկ կանանց թիմը՝ 31-րդ:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում օլիմպիական վարկանիշային միավորներ ձեռք բերում են մինչեւ 22-րդ տեղը գրաված ծանրորդները:

Լուսնակարում՝ Սիմոն Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում