13:46  ,  15 նոյեմբերի, 2014

Պորտուգալիա - Հայաստան. Պարտություն, որը կարող էր եւ չլինել (ֆոտո)

Դարձյալ պարտություն, դարձյալ ցավալի: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2016-ի երրորդ ընտրական խաղին եւս մոտեցել էր ոչ լավագույն վիճակում, սակայն այս անգամ եւս խաղն այնպես դասավորվեց, որ եթե նույնիսկ չհաղթել, ապա մեկ միավորով խաղադաշտից հեռանալը պարտադիր էր: Նորացված ու նոր մարզիչով Պորտուգալիայի հավաքականին կարելի էր եւ հաղթել կամ գոնե չպարտվել:

Պորտուգալական գրոհների ալիքը հաղթահարելուց հետո  Հայաստանի թիմը կարող էր բացել հաշիվը, իսկ դա արտակարգ ընթացք կլիներ հյուրերի համար: Անդադար գրոհող դաշտի տերերին չէր հաջողվում իրական գոլային պահեր ստեղծել Ռոման Բերեզովսկու դարպասի մոտ, իսկ հյուրերը չիրացրին իրենց բացառիկ պահերը: 5 պաշտպաններով եւ 2 պաշտպանողական հենակետայիններով սխեման կարծես լուծում էր խնդրի առաջին մասը, բայց վերջնամասում եղավ ցավալի սխալը:

Ռոման Բերեզովսկու դարպասի մոտ ստեղծված խառնաշփոթ իրավիճակում մինչ «Փյունիկի» պաշտպան Տարոն Ոսկանյանը մտածում էր, թե ինչ անել գնդակի հետ, այն հայտնվեց «ամենաանհարմար» մարդու մոտ, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն չկորցրեց իր բացառիկ պահերից մեկը:

Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հայտարարեց, որ գոհ է Տարոն Ոսկանյանի խաղից: Այս հայտարարությունը գուցե կզարմացներ շատ երկրպագուների, բայց ոչ ֆուտբոլային աշխարհում գտնվող ու հայկական ֆուտբոլին հետեւող մարդկանց: Հայաստանի առաջնության խաղերին միշտ ներկա գտնվող Շալանդը առաջին անգամ չի տեսնում Ոսկանյանի ու «Փյունիկի» մյուս երիտասարդ պաշտպանների կոպիտ սխալները, սակայն նրանք, անկախ ամեն ինչից, շարունակում են հնարավորություններ ստանալ:

Այս տղաները սխալվել են եւ շարունակում են սխալվել, բայց ազգային թիմում խաղալ շարունակում են: Հնարավորությունները նրանց համար անվերջ են եւ դա այն դեպքում, երբ Հայաստանի հավաքականի շատ ֆուտբոլիստներ 1-2 անհաջող խաղերից հետո մոռացել են ազգային թիմի մասին: Պետք չէ գոլի ամբողջ մեղքը դնել երիտասարդ Ոսկանյանի վրա: Գուցե սա է այս տղաների առավելագույն հնարավորությունը: Այս դեպքում այլ բացատրություն, երեւի, հնարավոր չէ գտնել, քանի որ այսքան հնարավորություն, որքան ստանում են այս պաշտպանները, մյուսները կօգտագործեին ոչ պակաս արդյունավետ:

Աթուր Եդիգարյանը հերթական անգամ հրարավորինս «քանդում» էր մրցակցի բոլոր հնարավոր գրոհները, թեեւ այս անգամ եւս երեւաց, որ նրա գործընկեր Կառլեն Մկրտչյանը դեռ լավագույն մարզավիճակում չէ: Ի՞նչ է Հայաստանի թիմին տալիս 5 պաշտպաններով սխեման:

Այո, պաշտպանությունում բացերը զգալիորեն պակասել են, սակայն նվազել է նաեւ հարձակողական ներուժը: Շալանդի թիմի գլխավոր զենք հակագրոհների ժամանակ Հենրիխ Մխիթարյանն այլեւս չի ստանում աջակցություն եւ ամեն բան պետք է անի միայնակ, իսկ այս խաղում միայնակ հարցեր լուծելը չափազանց դժվար էր:

Դա չէր հաջողվում նաեւ Կրիշտիանու Ռոնալդուին, ով ամենեւին էլ չգերազանցեց Մխիթարյանին: Վնասվածքից ապաքինված Յուրա Մովսիսյանը միայնակ էր առջեւի գծում եւ կարծես ընկերացել էր Պեպեի հետ, իսկ Հայաստանի թիմի հարձակման գիծն այս անգամ հույսեր չէր ներշնչում:

Միշտ աշխատասիրությամբ ու կամային բարձր որակներով աչքի ընկնող Գեւորգ Ղազարյանի մոտ նկատվում էր խաղային պրակտիկայի բացակայությունը: Գուցե այսպիսի խաղում պետք կգար վերջերս «Վարդարի» կազմում պարբերաբար գոլեր խփող ու լավ մարզավիճակում գտնվող Արտակ Դաշյանը, ով հավաքականի ցուցակից դուրս էր մնացել՝ տեղը զիջելով «Փյունիկի»՝ վնասվածք ունեցող եւ թիմի հետ ոչ մի մարզում չանցկացրած կիսապաշտպան Դավիթ Մանոյանին:

Հարցերը շատ են, պատասխանները՝ քիչ: Հայաստանի հավաքականն ավելի է բարդացնում իր խնդիրը: 3 խաղերից հետո Շալանդի թիմը հավաքել է 1 միավոր եւ տարին ավարտում է ընտրական խմբի վերջին տեղում:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով