14:56  ,  14 նոյեմբերի, 2014

Պորտուգալիա - Հայաստան. Խաղից ժամեր առաջ

Ֆարուն փոքրիկ պորտուգալական քաղաք է, որը գտնվում է մայրցամաքային Եվրոպայի հարավարեւմտյան ամենահեռավոր ափին: Պորտուգալիա - Հայաստան հանդիպմանը ներկա լինելու համար ժամանած հայ երկրպագուների մեծ մասը Ֆարու եկան տարանցիկ դարձած Լիսաբոնից: Պորտուգալիայի մայրաքաղաք ժամանելիս արդեն օդանավից երեւում էին Լիսաբոնի «Բենֆիկայի» կարմիր եւ «Սպորտինգի» կանաչ ստադիոնները: Քաղաքում ֆուտբոլային շունչն ամենուր էր:

Ֆարուում նման բան չկա: Պորտուգալիայի եւ Եվրոպայի գողտրիկ եւ մաքուր հանգստյան քաղաքում կյանքը եռում է ամռանը եւ հանդարտվում է ձմռանը: 2004-ին այստեղ անցկացվել են Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի հանդիպումներ: «Ալգարվե» ստադիոնը գտնվում է Ֆարուից 15 կմ հեռավորության վրա: Հայաստանի ազգային հավաքականի հյուրանոցը, ստադիոնը եւ երկրպագուների հավաքատեղին այնքան հեռու են իրարից, որ կորում է նաեւ նախախաղային այն ռոմանտիզմը, որը լինում էր այլ քաղաքներում խաղերից առաջ՝ միասին հավաքվել, զբոսնել վանկարկել:

Եղանակը Ֆարուում այս օրերին բարենպաստ չէ՝ մերձարեւադարձային քամիներ եւ հորդ հորիզոնական թափվող անձրեւ:  Պորտուգալացիները առաջին հայացքից ի տարբերություն հարավային մյուս ազգերի այդքան էլ ջերմ եւ շփվող չեն: Անցած տարվա աշնանը Իտալիայում Հայաստանի ազգային հավաքականի ընտրական հանդիպման օրերին իտալացիների ու պորտուգալացիների ընդունելության միջեւ կարելի է ասել սարեր ու ձորեր են:

Թեեւ Ֆարուն Եվրոպայի հեռավոր անկյունն է, բայց նաեւ այստեղ են ժամանել Հայաստանի հավաքականի մշտական հավատարիմ երկրպագուները: Ամենամեծ խումբը ժամանել է Երեւանից՝ մոտ 70 մարդ: Կան հայեր հարեւան Իսպանիայից, Եվրոպայի այլ երրկներից եւ ԱՄՆ-ից: Հետաքրքիրն այն է, որ ստադիոնի բոլոր տոմսերն արդեն վաճառված են: Նման բան ոչ մի արտագնա խաղի ժամանակ չեմ տեսել:

Հայաստանի ազգային հավաքականը երեկ անցկացրեց բաց մարզում: Հրայր Մկոյանը չկարողացավ ավարտել մարզումը թեթեւ վնասվածքի պատճառով: Ամենայն հավանականությամբ Հայաստանի թիմը հանդես կգա հետեւյալ կազմով: Ռոման Բերեզովսկի - Ռոբերտ Արզումանյան, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Լեւոն Հայրապետյան, Կամո Հովհաննիսյան - Արթուր Եդիգարյան, Գեւորգ Ղազարյան, Մարկոս Պիզելի, Հենրիխ Մխիթարյան - Յուրա Մովսիսյան:
Կարեւոր է նաեւ գլխավոր մարզիչի տրամադրվածոթյունը: Ըստ Բեռնար Շալանդի՝ Հայաստանի թիմը կարող է այս խաղում անակնկալ մատուցել:  Իհարկե, ինչո՞ւ ոչ: Մնաց սպասել մի քանի ժամ:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով