19:16  ,  12 նոյեմբերի, 2014

Ալեքսանդր Ռակիչ. «Արարատում» չի կարելի խաղալ այնպես, ինչպես ընկերական խաղերում

Հայաստանի առաջնության 13 տուրերից հետո «Արարատը» շարունակում է 6 միավորով ընթանալ մրցաշարային աղյուսակի վերջին տեղում: Սամվել Դարբինյանի թիմն այս մրցաշրջանում ընդամենը 2 հաղթանակ է տարել՝ «Միկայի» (2։0) եւ «Ալաշկերտի» (2։1) նկատմամբ: Միաժամանակ թիմի ավագ Ալեքսանդր Ռակիչը շարունակում է աչքի ընկնել բարձր արդյունավետությամբ. խփած 7 գոլերով սերբ հարձակվողն առաջնության լավագույն ռմբարկուների թվում է: Ալեքսանդր Ռակիչը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրուցել է «Արարատի» խնդիրների եւ իր խաղի մասին: 

«Արարատը» մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է, իսկ դու լավագույն ռմբարկուների թվում։ Ինչո՞ւ է թիմն այսքան անհաջող հանդես գալիս այս մրցաշրջանում:

Կարծում եմ՝ թիմն արժանի չէ վերջին տեղում լինելուն, քանի որ մենք ունենք լավ խաղացողներ, լավ թիմ, լավ մարզիչ: Ինչ վերաբերում է ինձ, ես հարձակվող եմ, դա իմ աշխատանքն է, եւ ես փորձում եմ գոլեր խփել բոլոր խաղերում:

Մենք խնդիրներ ունենք պաշտպանությունում: Պաշտպանությունում չենք կարողանում կոմպակտ գործել: Վերջին մի քանի խաղերում 11 գոլ ենք խփել, սակայն ոչ մի միավոր չենք վաստակել: Դա անհավանական է: Մենք պետք է ավելի լավ խաղանք պաշտպանությունում, փորձենք անառիկ պահել սեփական դարպասը եւ մրցակցից մեկ գոլ ավելի խփել:

Երբ թիմի ղեկին Աբրահամ Խաշմանյանն էր, դուք գրեթե հաղթում էիք առաջնությունում: Նրա հեռանալուց հետո ամեն ինչ կտրուկ փոխվեց դեպի վատը: Արդյո՞ք նրա հեռանալն է թիմի վատ ելույթների պատճառը:

Ես միշտ ասել եմ, որ Խաշմանյանը շատ լավ մարզիչ է, նա մեծ պրոֆեսիոնալ է: Մենք Խաշմանյանի հետ լավ արդյունքներ էինք գրանցում, սակայն հետո չգիտեմ՝ ինչ պատահեց: Նրանք նոր խաղացողների բերեցին, բայց մենք սկսեցինք ավելի վատ խաղալ:

Գուցե, եթե Խաշմանյանը մնար, այսպես չպատահե՞ր։

Այո, ամեն ինչ ավելի լավ կլիներ: Չեմ կարող ասել, որ մենք չեմպիոն կդառնայինք, սակայն ամենաքիչը երկրորդ կամ երրորդ տեղը կզբաղեցնեինք եւ հանդես կգայինք եվրագավաթային մրցաշարերում:

Ինչպե՞ս կբնութագրես թիմի վերջին երեք մարզիչների՝ Աբրահամ Խաշմանյանի, Դուշան Միյիչի եւ Սամվել Դարբինյանի աշխատանքային ոճը:

Նրանք երեք տարբեր մարզիչներ են: Խաշմանյանը լավ պաշտպանվող թիմեր է ստեղծում: Ինչ վերաբերում է Դուշան Միյիչին, նրա ոճը կարելի է ասել՝ Խաշմանյանի եւ Դաբինյանի ոճերի միջինն է: Դարբինյանը նույնպես պրոֆեսիոնալ է, մեծ մարզիչ է եւ լավագույնն է ցանկանում «Արարատի» համար: Հիմա մենք որոշ խնդիրներ ունենք, սակայն հաջորդ հանդիպումներում կբարելավենք մեր խաղը: Մեզ ժամանակ է անհրաժեշտ: Թիմի համար լավ չէ երեք-չորս ամիսը մեկ մարզիչ փոխել. մի մարզիչ բերում է իր կանոնները, մյուսը գալիս է եւ բերում իր կանոնները, եւ դա շփոթեցնում է խաղացողներին:

12-րդ տուրի «Միկա» - «Արարատ» (3։1) հանդիպումից հետո Սամվել Դարբինյանը նշել է, որ գոհ չէ խաղերի նկատմամբ թիմի լեգեոնականների վերաբերմունքից, քանի որ նրանք մեծամիտ են եւ արհամարհանքով են վերաբերվում հայկական ֆուտբոլին:

Որոշ խաղացողներ, օտարերկրացի խաղացողներ… Ես նույնպես օտարերկրացի խաղացող եմ եւ իմ լավագույնն եմ անում եւ դա ցույց եմ տալիս խաղերի ժամանակ. ես գոլեր եմ խփում: Մենք ունենք բազմաթիվ լեգեոնականներ, եւ նրանք, ինչպես բոլորը, պետք է հասկանան, որ այստեղ չի կարելի խաղալ այնպես, ինչպես ընկերական խաղերում:

Քեզ Դարբինյանը շատ է գովել։

Չեմ լսել, սակայն եթե այդպես է, շնորհակալ եմ:

«Արարատը» կկարողանա՞ հաղթահարել այս ճգնաժամը եւ բարձրանալ մրցարշարային աղյուսակում:

Դեռ մի քանի խաղ կա մինչեւ ձմեռային դադարը: Կարծում եմ՝ մենք պետք է փորձենք հնարավորինս շատ միավորներ վաստակել մնացած խաղերում: Հետո կսկսվի արձակուրդ, ակումբը նոր խաղացողներ կգնի, եւ կարծում եմ՝ դրանից հետո «Արարատն» ավելի ուժեղ կլինի:

Թիմը կկարողանա՞ պայքարել բարձր տեղերի, եվրոպական մրցաշարերում հանդես գալու համար:

Իհարկե, բայց ինչպես արդեն ասացի, մեզ նոր խաղացողներ են անհրաժեշտ:

Եթե «Արարատը» չկարողանա բարձր տեղեր գրավել առաջնությունում, կբավարարվե՞ս անձնական հաջողություններով, օրինակ, եթե լավագույն ռմբարկու դառնաս:

Ես աշխատում եմ թիմի, այլ ոչ թե ինձ համար: Կարծում եմ՝ շատ վատ է, երբ ֆուտբոլիստը միայն ինքն իր համար է խաղում: Ես թիմի համար եմ աշխատում, եւ իմ բոլոր գոլերը «Արարատի» գոլերն են, այլ ոչ թե միայն Ալեքսանդր Ռակիչինը:

Քրիստինա Խաչատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով