11:34  ,  12 նոյեմբերի, 2014

Քրիստինե Պետրոսյան. Մեդալի հույս չկա

Մեդալ չեմ նվաճի, բայց վարկանիշային միավորների համար կպայքարեն: Մայր դառնալուց եւ երկու վիրահատությունից հետո եմ վերադարձել սպորտ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղազախստանի Ալմաթի քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 63 կգ քաշային Քրիստինե Պետրոսյանը: Նա մրցահարթակ դուրս կգա նոյեմբերի 12-ին:

Ի՞նչ սպասելիքներ ունես քո մասնակցությունից:

Արդեն երկրորդ անգամ եմ մեծահասակների կազմում մասնակցում աշխարհի առաջնության: Ինձ համար շատ կարեւոր է այս մասնակցությունը, քանի որ օլիմպիական վարկանիշային է: Մեդալի հույս չկա:

Ինչո՞վ է պայմանավորված մեդալ նվաճելու հնարավորություն չունենալը: Ինչո՞ւ ես այդքան վստահ, որ չի լինի:

Վստահ եմ ասում, քանի որ երկու տարի չեմ մարզվել, դադար եմ տվել մայր դառնալու կապակցությամբ: 2-ամյա երեխա ունեմ եւ վերջերս եմ վերադարձել մեծ սպորտ: Մեկ տարի առաջ էլ երկու վիրահատություն եմ տարել եւ 10 ամիս է մարզվում եմ: Ձգտելու եմ վարկանիշային միավորներ նվաճել թիմի համար, որպեսզի մեր աղջիկները Օլիմպիական խաղերին մասնակցեն:

Երեխա ունենալուց հետո կրկին ծանրաձող բարձրացնելը դժվա՞ր էր: Ինչպե՞ս ես հաղթահարել այդ դժվարությունը:

Շատ բարդ էր այդ ճանապարհը, քանի որ մայրանալուց հետո մարզավիճակդ իջնում, հավասարվում է զրոյի: Եվ վերականգնել նախկին մարզավիճակը երկար ու բարդ աշխատանք է պահանջում: Ես դեռ կպայքարեմ մեդալի համար եւ աշխարհի, եւ  Եվրոպայի առաջնությունում: Դեռ ժամանակ ունեմ: Երեխաս էլ արդեն մեծ է, մարզումներիս, հավաքներիս չի խանգարում եւ չի խանդում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով