03:37  ,  10 նոյեմբերի, 2014

Աշխարհի չեմպիոն Կրամերի փրկության օղակը՝ Յուրգեն Կլոպին (ֆոտոշարք)

Get Adobe Flash player

Այն, ինչ չարեցին Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները, արեց աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստոֆ Կրամերը: Նրա հրաշք ինքնագոլը դարձավ դորտմունդյան թիմի նախորդ երկու ամիսների միակ հաջողությունը Բունդեսլիգայում: Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» առաջատար եռյակում հաստատվելու հավակնություններով հանդերձ, ոչինչ չկարողացավ անել «Սիգնալ Իդունա Պարկում» հաղթանակի հասնելու համար:

Սակայն չլիներ Կրամերի ինքնագոլը, շատ մեծ էր հավանականությունը, որ հանդիպման լավագույն խաղացող ճանաչված դարպասապահ Յան Զոմերը թույլ չտար Յուրգեն Կլոպի տղաներին գրավել Մյոնխենգլադբախի թիմի դարպասը: Միայն Հենրիխ Մխիթարյանը երեք անգամ մոտ տարածությունից հարված կատարեց դարպասին: Մարկո Ռոյսը, Օբամեյանգը չօգտագործեցին բազմաթիվ պահեր: Գոլային պահերի իրացման հետ կապված խնդիրները անլուծելի են դարձել դորտմունդցիների համար Գերմանիայի առաջնությունում: Ինչեւէ, 1:0 հաշվով հաղթանակը թույլ տվեց Դորտմունդի «Բորուսիային» 10 միավորով բարձրանալ 15-րդ տեղ՝ դուրս գալով կարմիր գոտուց: Մյոնխենգլադբախի թիմը 20 միավորով մնաց երրորդ տեղում:

Խաղի ընթացքը

Խաղի հենց առաջին րոպեներից դորտմունդցիներն ունեին ակնհայտ տարածքային ու խաղային առավելություն:  Յուրգեն Կլոպի տղաները վերջապես կարողացան ցուցադրել նույն խաղը, ինչ Չեմպիոնների լիգային խմբային մրցաշարում:

Խաղի երկրորդ րոպեն դեռ չլրացած Մարկո Ռոյսը հաշիվը բացելու հիանալի փորձ կատարեց: Նման պահեր դորտմունդցիներն առաջին խաղակեսում ունեցան բազմաթիվ անգամներ: Ընդմիջումից հետո էլ դորտմունդցիները խաղ թելադրողն էին, սակայն նրանց բոլոր գրոհները անհաջողության էին մատնվում: Իսկ խաղի 58-րդ րոպեին Քրիստոֆեր Կրամերը, եթե խտացնենք գույները, ապա կարելի է ասել գիտակցության մթագնում ունեցավ: Դարպասապահ Զոմերն այդպիսի ականի չէր սպասում:

Ինքնագոլից հետո Կրամերը մի քանի փորձ կատարեց՝ շտկելու արածը, սակայն դորտմունդցիները հիանալի խաղ ցուցադրեցին` չտալով մրցակցին գրոհելու շատ հնարավորություններ:

Հիանալի խաղաց Հենրիխ Մխիթարյանը, ով հարվածներից բացի նաեւ գերազանց փոխանցումներ կատարեց խաղի ամողջ ընթացքում:

Հանդիպումից հետո

Ճակատագրական ինքնագոլի մասին Կրամերը լրագրողներին հայտարարեց. «Ինչ խոսք, ցավալի է, բայց ինքնագոլեր լինում են: Ինձ ավելի շատ անհանգստացնում է մեր սարսափելի խաղը»:

Յուրգեն Կլոպը խոստովանեց, որ վաղուց չէր տեսել իր թիմի կատարմամբ այդքան լավ խաղ.

«Տղաները հիանալի ֆուտբոլ խաղացին: Պետք է ասեմ, որ նման խաղ նրանցից այս մրցաշրջանում վաղուց չէի տեսել: Սա իմ թիմն էր` բոլոր ուժեղ եւ թույլ կողմերով: Մենք աշխատեցինք, պայքարեցինք եւ ջանք չխնայեցինք: Այսօրվա խաղն ապացուցեց, որ ամեն ինչ դեռ առջեւում է: 

Հուսով եմ, որ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 18-րդ տեղը մեզ համար այլեւս երբեք չի կրկնվի: Ցանկանում եմ նաեւ շնորհակաություն հայտնել մեր հավատարիմ երկրպագուներին` հավատի եւ աջակցությամն համար»:

Կրամերի ինքնագոլի մասին Կլոպը նշեց. «Նա հիանալի ֆուտբոլիստ է: Ի՞նչ կարող եմ ասել: Այսօր նա անկախ իր կամքից դարձավ մեր պատմության մի մասը»:

Սեբաստիան Կելը՝ Կրամերի մասին. «Հասկանում եմ, թե որքան բարդ է այժմ նրա համար: Քրիստոֆին հաջողություն եմ մաղթում մնացած խաղերում»:

Իսկ վերջում Կլոպը բարձր տրամադրությամբ ասաց. «Դե ինչ, վերջապես կարող ենք վայելել հաջող խաղի բերկրանքը եւ մի պահ հանգստանալ»: 

Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բորուսիա» Դ. - «Բորուսիա» Մ.՝ 1:0

Կրամեր, 58, ինքնագոլ

«Բորուսիա» Դ. - Վայդենֆելեր, Դուրմ, Պապաստատոպուլոս (Գինտեր, 84), Սուբոտիչ, Պիշչեկ, Կել, Բենդեր, Ռոյս (Իմոբիլե, 88), Կագավա (Գրոսկրոյց, 73), Մխիթարյան, Օբամեյանգ:

«Բորուսիա» Մ. - Զոմեր, Կորբ, Շտրանցլ, Յանչկե, Դոմինգես, Հերման (Տրաորե, 75), Կրամեր, Նորդվեյտ (Վենդտ, 46), Հան, Ռաֆայել (Ազար, 65), Կրուզե:

Ուրսուլա Շիքս

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով